Գրեթե բոլորը սիրում են քաղցրավենիքներ, բայց քչերն են մտածում, թե ինչպես է շաքարավազը՝ քաղցրավենիքի և ըմպելիքների հիմնական բաղադրիչը, անցնում հազարավոր կիլոմետրեր՝ մինչև հասնում է մեր սեղանին։
Վերջին 10 տարիներին, շաքարավազի համաշխարհային շուկան ձևավորվել է կլիմայական ցիկլերի, էներգետիկ քաղաքականության փոփոխությունների և առևտրային սահմանափակումների ներքո։ Մասնավորապես 2016թ․-ին ուժեղ կլիմայական տատանումների հետևանքով առաջացած գլոբալ դեֆիցիտը սահմանափակեց շաքարավազի արտադրությունը Հարավարևելյան Ասիայում և Հնդկաստանում, ինչի արդյունքում Բրազիլիան և Թաիլանդը, օգտվելով իրենց երկրներում այդ ժամանակ առաջացած լավ կլիմայական պայմաններից, մեծացրին իրենց երկրների արտադրությունը՝ հանգեցնելով շաքարավազի պաշարների ավելցուկի։
Արդյունքում, 2018-2019թթ․-ին շաքարավազի հումքի միջին գինը նվազեց՝ հասնելով $0.27-0.28`1 կգ–ի դիմաց (տե՛ս գծապատկեր 1)։ Ավելին, 2020թ․-ին կովիդի համավարակը նվազեցրեց շաքարավազի պահանջարկը՝ սննդի ոլորտում կիրառված սահմանափակումների պատճառով։ Սակայն հետհամավարակային տնտեսությունը, մատակարարման շղթաների խափանումները, էներգակիրների թանկացումը և Բրազիլիայում էթանոլի արտադրության աճը հանգեցրին գների կտրուկ աճի, և 2023թ․-ին շաքարավազի գինը հասավ $0.5՝ 1 կգ–ի դիմաց, որը տասնամյակի ամենաթանկ գինն էր։ Այս աճը պայմանավորված էր նաև Հնդկաստանի արտահանման սահմանափակումներով և նոր կլիմայական աղետների ցիկլով։

Գծապատկեր 1․ Շաքարավազի միջազգային գնի դինամիկա, դոլար՝ 1 կգ դիմաց
Աղբյուր՝ Համաշխարհային բանկի ապրանքային շուկայի գներ
2023թ․–ից հետո գինը սկսեց հարաբերականորեն նվազել՝ 2025թ․-ին հասնելով ավելի ցածր գնի քան գրանցվել է 2021թ․–ին, քանի որ արտադրությունը սկսեց գերազանցել սպառումը՝ առողջ ապրելակերպի, և շաքարավազի նկատմամբ մարդկանց վերաբերմունքի փոփոխության պատճառով։ Ավելին, 2026թ․-նի սկզբին կանխատեսվում է շաքարավազի 11–12 միլիոն տոննա համաշխարհային ավելցուկ, ինչը շարունակելու է նվազեցնել գները։ Թանկացումները պայմանավորված են նաև Բրազիլիայի տնտեսության յուրահատկություններով, քանի որ Բրազիլիան կարող է նույն հումքից արտադրել թե՛ շաքարավազ, թե՛ էթանոլ՝ կախված շահութաբերությունից, իսկ 2025–2026թթ․-ին շաքարավազի գինը ավելի ցածր և ոչ եկամտաբեր է եղել էթանոլից։
Այս փոփոխություններից և տատանումներից անմասն չի կարող մնալ նաև շաքարավազի հայաստանյան շուկան։ Չնայած աշխարհում շաքարավազի շուկայի վրա ազդող գործոնները տարբեր են, Հայաստանի դեպքում գները հիմնականում կապված են Բրազիլիայից հում շաքարավազի և Ռուսաստանից սպիտակ շաքարավազի ներմուծման հետ։ Բրազիլիայից ներմուծվող հում եղեգնաշաքարը կազմում է մոտավորապես 59%, իսկ Ռուսաստանից սպիտակ շաքարավազինը՝ մոտ 39.5%։
Հայաստանի շաքարավազի շուկան երկար ժամանակ գրեթե ամբողջությամբ կախված է եղել ներմուծումից։ Իրավիճակը որոշ չափով փոխվել է 2010թ,-ին, երբ գործարկվել է Ախուրյանի շաքարավազի գործարանը, որի արտադրական հզորությունը հասնում էր տարեկան մինչև 220,000տոննայի, օրական՝ մոտ 800 տոննայի, ինչը ավելի քան կրկնակի գերազանցում էր այդ ժամանկվա երկրի պահանջարկը։ Սակայն գործարանի լիարժեք աշխատանքը կախված էր տեղական հումքից, որի զարգացումը սահմանափակ էր։ Գործարանը շարունակաբար նվազեցնում էր իր արտադրությունը, իսկ 2020թ․-ին արդեն գրեթե չէր գործում՝ 2020թ․–ին այն արտադրել էր մոտ 39.2 մլն դրամի արտադրանք, որը 99.7% ով ավելի քիչ էր, քան նախորդ տարվանը (13.2 մլրդ դրամ 2019թ․-ին):
ՀՀ շաքարավազի շուկայի մյուս կարևոր առանձնահատկությունը բարձր կենտրոնացվածությունն է՝ այն գրեթե ամբողջութհամբ ներմուծվում է մեկ ընկերության կողմից։ Սա հաճախ դանդաղեցնում է համաշխարհային գների նվազման տենդենցը տեղական շուկայում։ Հայաստանում գների դինամիկան մասամբ հետևում է համաշխարհային միտումներին, օրինակ, ՀՀ–ում շաքարավազի գները 2018-2019թթ․-ին նույնպես նվազել են՝ պայմանավորված Բրազիլիայում շաքարավազի արտադրությամբ (տե՛ս գծապատկեր 2)։ Սակայն գնագոյացումն ունի նաև տեղային առանձնահատկություններ, մասնավորապես, ի տարբերություն միջազգային գների, ՀՀ–ում շաքարավազն իր առավելագույն գինն ունեցել է 2022թ․-ին, ապա գինը սկսել է պարբերաբար նվազել։

Գծապատկեր 2․ Շաքարավազի հայաստանյան շուկայի գնի դինամիկա, դրամ՝ 1կգ դիմաց
Աղբյուր՝ Արմստատ, Հետաքրքրաշարժ վիճակագրություն 2016-2025
Լոգիստիկան ևս մեծ դեր ունի ՀՀ–ում գների ձևավորման հարցում։ Բրազիլիայից Վրաստանի Փոթի նավահանգիստ և այնտեղից Հայաստան տեղափոխման արժեքները 2026թ․-ին կարող են տատանվել 1,769–ից 2,390 դոլլար ըստ տարբեր ճանապարհափոխադրման հաշվիչների։ Այս ծախսերը հաճախ չեն նվազում նույնիսկ գլոբալ գների անկման դեպքում, ինչի արդյունքում Հայաստանում ձևավորվում է գների հարաբերականորեն անփոփոխ շեմ։ Դրան զուգահեռ Վերին Լարսի անցակետը նույնպես ռիսկային է գնագոյացման համար, քանի որ այստեղ առաջացող խցանումները հանգեցնում են հավելյալ ծախսեր (օրինակ՝ վառելիքի հավելյալ ծախս՝11–19 դրամմեկ լիտրի դիմաց) և կարող են բարձրացնել մթերքի գները։
Ներկայում շրջանառվում են նաև քննարկումներ և հնարավոր սցենարներ, ըստ որոնց՝ 2026թ․-ին թվականին Ռուսաստանից ներմուծվող շաքարավազը տեսականորեն կարող է տեղափոխվել նաև Ադրբեջանի տարածքով։ Նման տեղեկությունները, հիմնականում շրջանառվում են ադրբեջանական լրատվական հարթակներում։ Այս պահի դրությամբ ՀՀ կառավարությունը պաշտոնական արձագանք չի ներկայացրել, սակայն ժամանակի ընթացքում հնարավոր կլինի ավելի հստակ գնահատել, թե նման զարգացումները ինչ ազդեցություն կարող են ունենալ տնտեսության կամ գների դինամիկայի վրա։
Միաժամանակ, այլընտրանքային ուղղություններից կարող է լինել նաև տեղական արտադրության խթանումը, որի շրջանակում հնարավոր է դիտարկել Ախուրյանի շաքարավազի գործարանի վերագործարկման հնարավորությունները և տեղական արտադրության ծավալների ավելացումը։