Գյուղատնտեսությունը ՀՀ տնտեսության առանցքային ոլորտներից մեկն է, քանի որ այն ապահովում է երկրի համախառն ներքին արդյունքի շուրջ 8%-ը։ Սակայն վերջին տարիներին գյուղատնտեսությունը, մասնավորապես անասնաբուծությունը բավականին դանդաղ աճ է ընթացել։ Ավելին, 2020թ․-ից մինչև 2025թ․-ը բուծված խոշոր եղջերավորների քանակը ՀՀ-ում շարունակաբար նվազել է՝ 613 հազարից հասնելով 476 հազարի։ Նույն միտումը դիտարկվել է նաև մնացած կենդանիների շրջանում։ Այս միտումները կանխելու համար նախաձեռնվում են տարբեր ծրագրեր (դրանցից մի քանիսին կարող եք ծանոթանալ այստեղ), որոնցից մեկը «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման, դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության 2025-2028 թթ. ծրագիրն է։
Այս ծրագրով նախատեսված է ստեղծել անասնագոմերի այնպիսի պայմաններ, որտեղ կենդանիները պահվում են հիգիենիկ, օդափոխվող, անվտանգ և էներգախնայող միջավայրում՝ ապահովելով կաթի և մսի արտադրության աճը, ինչպես նաև կենդանիների առողջությունը։ Ծրագրի նպատակը ոչ միայն ֆերմաների արդիականացումն է, այլև ֆերմերների եկամուտների կայունացումը՝ կենդանիների համար ավելի կայուն կյանքի միջավայր ստեղծելով։
Ծրագրի ֆինանսական աջակցությունը կատարվում է երկու բաղադրիչով․ առաջինը մասնակի փոխհատուցումն է, իսկ երկրորդը՝ վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը։ Ֆինանսական աջակցության տարբերակը տնտեսվարողը կարող է ընտրել ըստ իր նախընտրության, սակայն նա կարող է ընտրել երկու տարբերակներից միայն մեկը։
Ինչ վերաբերում է կառուցման կամ վերակառուցման և տեխնոլոգիական ապահովման համար ֆինանսական աջակցության չափին, ապա ծրագրով առաջարկվում է 3 մոդել։ Առաջին մոդելը ավելի նպատակահարմար է փոքր տնտեսությունների համար, որոնք նախատեսում են 20–25 գլուխ կենդանի բուծել, քանի որ պահանջում է համեմատաբար փոքր ներդրումներ։ Կառուցման և տեխնիկական սարքավորումների համար առավելագույն ծախսը այս մոդելի շրջանակներում 30 միլիոն դրամ է (առաջին մոդելով նախատեսված շինության տիպային տարբերակը)։ Երկրորդ մոդելը նախատեսված է միջին տնտեսությունների համար և ներառում է 40–45 գլուխ կենդանի պահելու հնարավորություն։ Այս մոդելի առավելագույն ներդրման շեմը 46 միլիոն դրամ է (երկրորդ մոդելով նախատեսված շինության տիպային տարբերակը)։ Իսկ երրորդ մոդելը նախատեսված է մեծ ֆերմաների համար, որոնք նախատեսում են բուծել 95–100 գլուխ կենդանի։ Այս մոդելը ամենածավալունն է՝ առավելագույն ծախսերի շեմը 114 միլիոն դրամ է (երրորդ մոդելով նախատեսված շինության տիպային տարբերակները՝ 1, 2, 3)։
Եթե շահառուն ընտրի ֆինանսական աջակցության առաջին բաղադրիչը, ապա պետությունը կփոխհատուցի վերը նշված մոդելնելով նախատեսված ծախսերի 50%-ը, իսկ որոշ հատուկ խմբերի համար (ցանկը կից ծրագրի 24-րդ կետում)՝ մինչև 70 %-ը։
Եթե շահառուն ընտրի վարկային սուբսիդավորման բաղադրիչը, նա կարող է օգտվել սուբսիդավորվող տոկոսադրույքից՝ նվազեցնելով վարկի բեռը։ Ծրագրի շրջանակում վարկերը տրամադրվելու են առավելագույնը 14% փաստացի տոկոսադրույքով։ Վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը իրականացվելու է այնպիսի չափաքանակով, որ շահառուներին վարկը տրամադրվի 2% տոկոսադրույքով, իսկ հատուկ սահմանված խմբերի համար (ցանկը կից ծրագրի 22-րդ կետում)՝ մինչև 0% տոկոսադրույքով, այսինքն սուբսիդավորվելու է վարկի առնվազն 12%-ը։
Փոխհատուցման գումարը նախարարության կողմից շահառուին փոխանցելու է երեք փուլով՝
- Առաջին փոխհատուցումը կատարվում է անասնաշենքի հաստատված նախագծով նախատեսված աշխատանքները ավարտելուց հետո՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում՝ փոխհատուցման գումարի 30%-ի չափով։ Փոխհատուցումը ստանալու համար շահառուն պետք է իր հայտին կցի շինարարության ավարտական ակտ (շահագործման թույլտվություն), շինարարական կապալառու կազմակերպության հետ կնքված պայմանագրի և կապալառու կազմակերպության լիցենզիայի պատճեններ, անշարժ գույքի նկատմամբ օտարման սահմանափակման վերաբերյալ ՀՀ կադաստրի կոﬕտեի կողﬕց տրամադրված տեղեկանք։
- Երկրորդ փոխհատուցումը տրամադրվում է անասնաշենքը տեխնոլոգիական սարքերով ապահովելուց, շահագործման հանձնելուց, անասնաշենքում նախատեսված կենդանիների գլխաքանակի առնվազն 50%-ի առկայությունից հետո՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում՝ փոխհատուցման գումարի 40%-ի չափով։ Փոխհատուցումը ստանալու համար շահառուն պետք է իր հայտին կցի ձեռք բերված սարքերի հաշվարկային փաստաթղթերը՝ հարկային հաշիվ, հաշիվ վավերագիր, շահառուի անվամբ համայնքում կենդանիների հաշվառման մասին տեղեկանքը՝ կենդանիների նույնականացման համարներով, և կենդանիների տոհմային քարտերը։
- Երրորդ փոխհատուցումը տրամադրվում է երկրորդ փուլի փոխհատուցումը ստանալուց 1 տարվա ընթացքում՝ անասնաշենքում նախատեսված կենդանիների գլխաքանակի առնվազն 90%-ի առկայության դեպքում՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում՝ փոխհատուցման գումարի 30%-ի չափով։ Փոխհատուցումը ստանալու համար շահառուն պետք է իր հայտին կցի իր անվամբ համայնքում կենդանիների հաշվառման մասին տեղեկանքը՝ կենդանիների նույնականացման համարներով, և կենդանիների տոհմային քարտերը։
Հարկ է նշել, որ յուրաքանչյուր վճարումը ստանալուց առաջ շահառուն անցնում է ծրագրով նախատեսված մոնիթորինգ (մանրամասները տե՛ս ծրագրի 10-րդ կետում)։
Ծրագրին մասնակցելու համար շահառուն նախ պետք է Էկոնոմիկայի նախարարությանը ներկայացնի էլեկտրոնային հայտ՝ նշելով, թե ֆինանսական հատուցման որ բաղադրիչից է ցանկանում օգտվել՝ մասնակի փոխհատուցման, թե վարկային աջակցության։
Ծախսերի մասնակի փոխհատուցման բաղադրիչով ծրագրին դիմելիս տնտեսավարողը պետք է կից ներկայացնի ռեգիստրի վկայական, սեփականության փաստաթուղթ, անհրաժեշտության դեպքում համասեփականատերերի համաձայնություն, լուսանկարներ, վարկային պատմություն, հարկային տեղեկանք, կադաստրից միասնական տեղեկանք և այլն (ամբողջական ցանկը ծրագրի 27-րդ կետում)։
Վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման բաղադրիչով ծրագրին դիմելիս տնտեսավարողը նախ պետք է դիմի ֆինանսական կառույցին՝ վարկունակությունը ստուգելու համար։ Վարկունակ համարվելուց հետո նա կարող է նախարարություն ներկայացնել էլեկտրոնային դիմում և վերը նշված նույն փաստաթղթերը։
Ծրագրի մանրամասներին ավելի համապարփակ ծանոթանալու համար կարող եք անցնել կից հղմամբ։