Կամ մեզ հետ
+374 (55) 81-01-01
Յունիքորն բիզնես կենտրոն, Մարո Մարգարյան 2/4, Երևան
Տնտեսական

Կայուն զարգացումից բարձր մթերատվություն․ ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թթ․ ծրագիր

article image
Տնտեսական
Հեղինակ
no img
Հայ Գործարարների Ասոցիացիա
25.11.2025

Անասնապահությունը խթանելու նպատակով կառավարությունն իրականացնում է մի շարք ծրագրեր։ Դրանցից ներկայումս և գալիք տարիներին գործող են ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024–2028թթ. ծրագիրը, և 2025–2026թթ. ընթացքում Արագածոտնի, Գեղարքունիքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերում նախատեսվող մթերատվության բարձրացման փորձնական ծրագիրը։


Անդրադառնալով առաջին ծրագրին, ոչխարաբուծությունն ու այծաբուծությունը Հայաստանում համարվում են անասնաբուծության ավանդական և ռազմավարական ուղղություններ։ Այս ոլորտը ներկայումս ապահովում է շուրջ 50 մլրդ դրամի արտադրանք, սակայն առկա բնական և տնտեսական ներուժը հնարավորություն է տալիս գրեթե եռապատկել այդ ցուցանիշը։ Հանրապետությունում առկա է մոտ 1050 հազար հեկտար արոտավայր, որոնց մեծ մասը լեռնային և բարձր լեռնային գոտիներում են, և ներկայումս օգտագործվում են ընդամենը 30%-ով։ Ճանապարհների, ջրելատեղերի և կացատեղերի ստեղծման դեպքում դրանց օգտագործման արդյունավետությունը կարող է եռապատկվել։


Չնայած նրա, որ 2018–2022 թթ. ընթացքում ՀՀ–ում ոչխարների և այծերի գլխաքանակն աճել է՝ 638 հազարից հասնելով ավելի քան 700 հազարի (ամենախոշոր հոտերը կենտրոնացած են Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Սյունիքի և Շիրակի մարզերում), ոլորտը շարունակում է գործել էքստենսիվ եղանակով՝ ավանդական տեխնոլոգիաների կիրառմամբ, ինչը նվազեցնում է արտադրողականությունն ու շահութաբերությունը։


2024-2028թթ․-ին իրականացվող «Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման» ծրագրի հիմնական նպատակներն են՝ խթանել տոհմային, բարձրարտադրողական հոտերի ձևավորումը, բարելավել բուծվող կենդանիների սեռահասակային, արտադրողական և գենետիկ ցուցանիշները, արդյունավետ օգտագործել արոտային հողերը, հատկապես լեռնային տարածքներում, ինչպես նաև ավելացնել մսային, կաթային և այծաբուծական արտադրանքը։


Այս ծրագրով տնտեսավարողներին հնարավորություն է տրվում հինգ տարվա ընթացքում ձեռք բերել 10,000 գլուխ հղի ոչխար և այծ՝ 29 էգ – 1 արու հարաբերությամբ։ 2024 թ.–ին ծրագրով նախատեսվել է ներմուծել 308 գլուխ կենդանի արտերկրից և 204՝ Հայաստանի ներսում, իսկ 2026–2027 թթ.՝ մոտ 2,500 գլուխ յուրաքանչյուր տարում։ Յուրաքանչյուր կենդանու արժեքը մասնակի փոխհատուցվում է պետության կողմից՝ ոչ ավել, քան 450,000 դրամ արտերկրում և 300,000 դրամ՝ Հայաստանում գնվածների 50%-ը։ Շահառուները կարող են ձեռք բերել նվազագույնը 5 և առավելագույնը 300 գլուխ կենդանի։


Փոխհատուցման դիմումները ներկայացվում են ՀՀ էկոնոմիկայի նախարարություն՝ էլեկտրոնային եղանակով։ Յուրաքանչյուր շահառու կարող է մասնակցել ծրագրին մեկ անգամ, բացառությամբ այն դեպքերի, երբ կենդանիների կորուստը պայմանավորված է տարերային աղետներով կամ դժբախտ պատահարներով։ Շահառու կարող են դառնալ իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերեր՝ բարվոք վարկային և հարկային պատմությամբ։ Կենդանիների ձեռքբերումը կամ ներմուծումը կատարելուց առաջ տնտեսվարողները նախարարությանը ներկայացնում են էլեկտրոնային հայտ՝ նշելով կենդանու տեսակը, ցեղը, քանակը, ձեռքբերման վայրը և ժամկետները։ Հայտին կից ներկայացվում են ձեռքբերման պայմանագրերը, տոհմային վկայագրերը, ինչպես նաև հարկային և վարկային պատմության տվյալները։ Նախարարությունը յոթ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է գրանցման ծանուցում։


Կենդանիների ձեռքբերումից հետո դիմորդը տաս աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է լրացուցիչ հայտ՝ կցելով ձեռքբերման պայմանագրերը, կենդանու տոհմային և անասնաբուժական փաստաթղթերը, վճարման և մաքսային տվյալները, համայնքում կենդանիների հաշվառման տեղեկանքը և բանկային հաշվի տվյալները։ Դիմորդը պարտավորվում է ձեռք բերված կենդանիները պահել և օգտագործել ՀՀ տարածքում առնվազն հինգ տարի և ամեն տարի ներկայացնել հաշվետվություն դրանց գոյատևման, բեղմնավորության և ծնված սերնդի վերաբերյալ (ծրագրի մանրամասները՝ կից


Անդրադառնալով մթերատվության բարձրացման փորձնական ծրագրին, այն միտված է կովերի ցեղային կազմի բարելավմանը՝ արհեստական սերմնավորման միջոցով, ինչպես նաև կաթի և մսի արտադրողականության բարձրացմանը, որի արդյունքում պետք է վերականգնվեն կաթի արտադրության ծավալները ՀՀ–ում։ Հայաստանում տավարաբուծությունը ապահովում է անասնաբուծական մթերքի շուրջ 70 %-ը՝ տարեկան ավելի քան 200 մլրդ դրամի համախառն արտադրանքով։ Սակայն ներկայումս մեկ կովից ստացվում է միջինում միայն 2000–2400 կգ կաթ, իսկ մսի համար բտված կենդանիների կենդանի զանգվածը չի գերազանցում 320 կգ։ Ըստ կառավարության ուսումնասիրությունների, բարձրորակ ցեղերի գենոֆոնդի կիրառումը և արհեստական սերմնավորման ընդլայնումը կարող են այդ ցուցանիշները հասցնել համապատասխանաբար 4000 կգ կաթի և 450 կգ կենդանի զանգվածի, ինչին էլ և միտված է այս ծրագիրը։


2025–2026թթ. ծրագիրը նախատեսում է Արագածոտնի, Գեղարքունիքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերում իրականացնել 29 480 կովերի արհեստական սերմնավորում, որի արժեքի 70%–ը կփոխհատուցվի պետության կողմից։ Մեկ կովի սերմնավորման արժեքը մոտ 15,000 դրամ է, որից 10,000 դրամը կծածկվի պետական աջակցությամբ, իսկ 5,000 դրամը՝ տնտեսավարողի ներդրումով։


Ծրագիրը նախատեսում է կովերի մթերատվության 50–70% աճ, ցեղային գենոֆոնդի բարելավում, կաթի արտադրության և եկամուտների աճ, ինչպես նաև կաթի արտադրության սեզոնայնության նվազեցում։ Այն կիրականացվի ՀՀ էկոնոմիկայի նախարարության, մարզպետարանների, համայնքների և մասնավոր կազմակերպությունների համագործակցությամբ։ Արհեստական սերմնավորումն իրականացնող կառույցները, որոնք ցանկանում են միանալ ծրագրին պետք է ունենան առնվազն մեկ տարվա փորձ, բարվոք վարկային և հարկային պատմություն, ինչպես նաև սերմնահեղուկի ծագման և որակի հավաստագրեր։ Սերմնավորումը հիմնականում կիրականացվի տարվա առաջին երկու եռամսյակներում՝ հաշվի առնելով կովերի ծնի սեզոնայնությունը, իսկ մոնիթորինգը և հաշվետվությունները կիրականացնի ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ Ծրագրի արդյունքները հիմք կհանդիսանան ապագայում ընդգրկելու Հայաստանի բոլոր մարզերը(ծրագրի մանրամասները՝ կից