Կամ մեզ հետ
+374 (55) 81-01-01
Յունիքորն բիզնես կենտրոն, Մարո Մարգարյան 2/4, Երևան
Տնտեսական

Լոռի՝ կենդանի ժառանգության տնտեսություն. մաս 1

article image
Տնտեսական
Հեղինակ
no img
Հայ Գործարարների Ասոցիացիա
11.11.2025

Lոռու մարզը հանրապետության երրորդ մարզն է տարածքով, հինգերորդը՝ բնակչության թվաքանակով և վեցերորդը՝ արտադրվող ՀՆԱ-ի ծավալներով։ Լոռու տնտեսությունը հիմնված է արդյունաբերության ու գյուղատնտեսության վրա, որոնք միասին կազմում են մարզի ՀՆԱ-ի գերակշիռ մասը՝ համապատասխանաբար 37.3%[1] և 36.5%։ Դա ապահովում է երկրի գյուղատնտեսության 9%-ը և արդյունաբերության 3.8%-ը։ Այնումենայնիվ, ներդրումը երկրի ՀՆԱ-ի մեջ բավականին համեստ է՝ միայն 2,8%, ինչը հավասար է Գեղարքունիքին բաժին ընկնող ցուցանիշին, սակայն գերազանցում է Արագածոտնին, Վայոց Ձորին ու Տավուշին:


Խոսելով արդյունաբերությունից․ արդյունաբերական արտադրանքի ծավալները Լոռիում շարունակաբար աճում են՝ վերջին 5 տարիներին արձանագրելով կուտակային 25% աճ։ Մարզում հատկապես գերակայում է մշակող արդյունաբերությունը (58,5%), որին ծավալով հաջորդում են հանքարդյունաբերությունը (30,2%), ապա՝ գազի, ջրի արտադրությունն ու բաշխումը (9,6%):


Լոռու մարզի մրցակցային առավելություններից մեկը սննդամթերքի արտադրությունն է։ Այն կազմում է մշակող արդյունաբերության ընդհանուր ծավալի 64%-ը։ Ապա նույն ոլորտում ծավալով երկրորդ ամենամեծ ճյուղը հագուստի արտադրությունն է՝ 16% (չնայած նրան, որ վերջին տարիներինթեթևարդյունաբերության կազմակերպություններն աշխատում էին իրենց հզորությունների կեսի սահմաններում՝ ունենալով վերազինման և տեխնոլոգիաների արդիականացման կարիք):


Անդրադառնալով գյուղատնտեսությանը․ գյուղատնտեսական արտադրանքի ծավալները ևս շարունակական աճ են գրանցել 2019-2023թթ․ ընթացքում՝ կուտակային աճելով 23%-ով։ Գյուղատնտեսությունը Լոռիում հիմնականում ներկայացված է անասնաբուծությամբ (75.7%), իսկ բուսաբուծությունը կազմում է ընդհանուր արտադրանքի 25.3%։ Ընդ որում, Լոռու մարզում զբաղվածների շուրջ 27%-ը ներգրավված է գյուղատնտեսության ոլորտում։ Հավանական է, որ հենց այդ հանգամանքով է մասամբ պայմանավորված այն, որ տնտեսվարողների քանակով Լոռին առաջատար մարզերից է՝ լինելով երրորդը (6457 տնտեսվարող) Արարատի մարզից հետո (6940 տնտեսվարող)։ Ընդ որում, 6457-ից 6263-ը (տնտեսվարող սուբյեկտների 97%) գերփոքր ձեռնարկություններ են (չունեն վարձու կաշատող, կամ ունեն՝ 1-9), և ապահովում են մարզում տնտեսավարողների կողմից արտադրված ապրանքների ու մատուցված ծառայությունների ընդհանուր ծավալի 52%։ Այսպիսով, մարզում քիչ են միջին և խոշոր ընկերությունները՝ 14 և 8 ձեռնարկություն համապատասխանաբար՝ այսինքն, սահմանափակ է նոր աշխատատեղեր ստեղծելու մեծ ներուժ ունեցող գործատուների քանակը։


Ինչ վերաբերում է աշխատուժի արտադրողականությանը, այս ցուցանիշով՝ մեկ զբաղվածի հաշվով արտահայտված ՀՆԱ-ի մեծությամբ (տե՛ս գծապատկեր 1), մարզի ցուցանիշը գրեթե հավասար է Տավուշի և Արագածոտնի ցուցանիշներին։ Այն կազմում է հանրապետական միջինի 45․5%-ը և էապես չի տարբերվում ևս չորս մարզերի ցուցանիշներից։


Գծապատկեր 1․ Համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) մեկ զբաղվածի հաշվով, հազար դրամ


Նման ցածր արտադրողականության հնարավոր պատճառներն են․

- Ցածր արտադրողականությամբ ոլորտների գերակայությունը․ Լոռու տնտեսությունը մեծապես հենվում է այն ոլորտների վրա, որոնք ավանդաբար կապված են ցածր աշխատանքային արտադրողականության հետ։ Օրինակ, գյուղատնտեսական գործունեությունը բնութագրվում է փոքր մասնատված հողատարածքներով և բազմաթիվ փոքր տնտեսվարողների առկայությամբ։ Դա դժվարացնում է ժամանակակից, արդյունավետ մեքենաների և տեխնոլոգիաների օգտագործումը,և հանգեցնում է մեծ աշխատանքային ներդրումների՝ ցածր արդյունքի դիմաց։ Ոլորտը տուժում է նաև հնացած կամ անբավարար ոռոգման ենթակառուցվածքից։Նշենք նաև, որ մարզում բոլոր վարելահողերի կեսից ավելին է միայն մշակվում, առկա է գյուղատնտեսական նշանակության հողերի արդյունավետության բարձրացման խնդիր։ Գյուղացիները շարունակում են աճեցնել ավանդական, բարձր ռիսկային մշակաբույսեր՝ հացահատիկ, կարտոֆիլ, կաղամբ, որոնք զգայուն են կլիմայական փոփոխությունների նկատմամբ։


- Աշխատուժի ոչ լիարժեք իրացումը և հմտությունների անհամապատասխանությունը․ Լոռու մարզում նկատվում է անհամապատասխանություն աշխատուժի հմտությունների և ժամանակակից, հավելյալ արժեք ստեղծող ոլորտների պահանջների միջև, ինչպիսիք են, օրինակ, տեղեկատվական տեխնոլոգիաները։ Դրան զուգահեռ շատ անհատներ, հատկապես բարձրագույն կրթություն ունեցողները, կարող են համարվել «գերկրթված»՝ մարզում առկա աշխատատեղերի նկատմամբ՝ զբաղեցնելով այնպիսիպաշտոններ, որոնք չեն օգտագործումայդ անհատների ողջ ներուժը (թերզբաղվածություն):


- Նոր տեխնոլոգիաներին և ենթակառուցվածքներին ուղղված ցածր ներդրումները․ Բիզնեսները, բացի մի քանի խոշոր արդյունաբերական և հանքարդյունաբերական ձեռնարկություններից, հաճախ գործում են հնացած սարքավորումներով և մեկ աշխատողի հաշվով ցածր կապիտալ ներդրումներով, ինչը սահմանափակում է աշխատողի կողմից ստեղծվող արտադրանքի ծավալը։Լուրջ խնդիր է նաև գյուղատնտեսական արժեքային շղթայի թերզարգացումը։ Գյուղացիները բախվում են բերքահավաքից հետո ենթակառուցվածքների պակասին, սառնարանային պահեստների և հուսալի տրանսպորտի բացակայությանը, ինչպես նաև շուկաների սահմանափակ հասանելիությանը։ Սա բերում է գների սեզոնային տատանումների և բերքի կորստի։ Բացի այդ, կարևոր ոլորտների, օրինակ ֆերմերային տնտեսությունների մեծ մասը շարունակում էհիմնվել ավանդական մեթոդների վրա, որոնք հաճախ բնորոշ են ցածր արտադրողականությամբ և սահմանափակ արդյունավետությամբ։Տվյալների հավաքագրման, վերլուծության և կառավարման գործընթացները հիմնականում կատարվում են առանց թվային գործիքների և տեխնոլոգիաների, որոնք ապահովում են ավելի բարձր ճշգրտություն և արագություն։


Արդյունքուն, տնտեսության ներկայիս կառուցվածքը ի վիճակի չէ ապահովել քաղաքացիների պատշաճ կենսամակարդակը․ աղքատությունը Լոռիում 2023թ․-ի դրությամբ կազմում է 14․2%,մարզն առաջատարն է ընտանեկան և սոցիալական նպաստ ստացող ընտանիքների քանակով՝10514 ընտանիք։ Լոռիին հաջորդում է Շիրակը (10274) և Գեղարքունիկը (8859), և այդ երեք մարզը միասին կազմում են հանրապետական ընդհանուր թվաքանակի գրեթե 44%-ը: Բացի այդ, Լոռինվերջին տեղում է մեկ բնակչին ընկնող առևտրի շրջանառությամբ (հաշվարկված հանրապետության միջինի նկատմամբ, տե՛ս գծապատկեր 2-ում)։



Գծապատկեր 2․ Մեկ բնակչին ընկնող առևտրի շրջանառությունը հանրապետական միջինի նկատմամբ


Աղքատության ևս մեկ ցուցիչ է բնակչության այն մասնաբաժինը, որի սննդակարգի 70%-ից ավելին բաժին է ընկնում հացամթերքին և կարտոֆիլին։ Ըստ այս ցուցանիշի, 2019թ․-ին Լոռին երկրորդն էր՝ ունենալով հանրապետական միջինից կրկնակի բարձր մասնաբաժին, սակայն, 2023թ․ դրությամբ ցուցանիշն էապես բարելավվել է (մարզը իր ցուցանիշներով եղել է վեցերորդը, տե՛ս աղյուսակ 1-ում)։



Աղյուսակ 1․ Բնակչության այն մասնաբաժինը, որի սննդակարգի 70 %-ից ավելին բաժին է ընկնում հացամթերքին և կարտոֆիլին (արտահայտված %-ներով)


Սրան զուգահեռ նշենք, որ բնակչության մեկ շնչին բաժին ընկնող միջին ամսեկան դրամական եկամուտները Լոռու բնակիչների համար զգալիորեն կախված են թոշակներից և նպաստներից, որոնք կազմում են ամսական եկամուտի քառորդից ավելին (տե՛ս աղյուսակ 2)։



Աղյուսակ 2․ Տնային տնտեսությունների դրամական եկամուտների աղբյուրները


Չնայած նրա, որ Լոռու մարզը խորհրդային շրջանում եղել է արդյունաբերության և գյուղատնտեսության զարգացման կիզակետերից մեկը, երկար տարիներ շարունակ այն պայքարում է բազմաչափ և արմատավորված աղքատության դեմ։


Մարզի աղքատության խնդիրները կապված են երեք հիմնական գործոնների հետ․

  • Վանաձորի խորհրդային արդյունաբերական պոտենցիալի կորուստը՝ ԽՍՀՄ փլուզումից հետո,
  • բնակչության թվի կտրուկ նվազումը և ուղեղների արտահոսքը,
  • սահմանափակ ֆինանսական ինքնավարությունը և ենթակառուցվածքների անբավարարությունը։


1988 թ․-ի Սպիտակի երկրաշարժից ամենաշատը տուժել են Շիրակի և Լոռու մարզերը՝ վերջինս կորցրել է բնակչության 37%-ը։


Երկրաշարժը հիմնարար կերպով փոփոխել է տարածաշրջանի զարգացման ուղին՝ առաջացնելով մոտ 15-20 միլիարդ դոլարի վնաս։ Այս աղետի հետևանքները շարունակում են ազդել նաև ներկայիս իրավիճակի վրա՝ խլելով նոր ներդրվող արտադրողական ռեսուրսները, քանի որ դրանք դեռևս ուղղվում են ենթակառուցվածքների վերականգնմանը։ Նույնիսկ վերջերս իրականացվող տարբեր ծրագրերը, ինչպիսիք են ԱՄՆ ՄԶԳ–ի որոշ նախաձեռնությունները, շարունակում են ուղղված մնալ Սպիտակի բնակելի ֆոնդի վերականգնմանը (օրինակ ջեռուցմանն ու էլեկտրականությանը), ինչը սահմանափակում է նոր տնտեսական նախաձեռնությունները։


Երկրաշարժինց զատ, Լոռիում փլուզվել է նաև տնտեսությունը։ Վանաձորը խորհրդային խոշոր արդյունաբերական կենտրոններից էր՝ քիմիական, տեքստիլ և մեքենաշինական գործարաններով։ Անկախացումից հետո այս գործարանների մեծ մասը փակվեցին սնանկացման պատճառով, ինչի հետևանքով առաջացավ գործազրկություն, իսկ գործազուրկնեի հմտությունները չէին համապատասխանում նոր տնտեսության պահանջներին։


Սա նպաստեց արտագաղթին և արդյունքում, սկսած 1987 թ․-վականից, Վանաձորի բնակչությունը նվազեց կեսից ավելիով։ Արտագաղթը շարունակվում է մինչ այժ՝ Լոռին, Շիրակի և Գեղարքունիքի հետ միասին, աշխատանքյաին միգրացիայի առաջատարներից է։


Վերջին տարներին, ի թիվս այլ պատճառների, Ռուսաստանից միգրանտների ներհոսքով պայմանավորված, մարզի բնակչության թիվը այնուամենայնիվ աճել է՝ 213․3 հազարից (2020թ․–ի դրությամբ) հասնելով 222.8 հազարի (2023թ․–ի դրությամբ)։ Այնուամենայնիվ, աշխատանքային ռեսուրսները նկարագրող հիմնական ցուցանիշների դինամիկան դեռ մտահոգիչ է (տե՛ս աղյուսակ 3)։ Մասնավորապես աշխատանքային ռեսուրսների, աշխատուժից դուրս բնակչության և զբաղվածների ցուցանիշները նվազել են։ Զբաղվածների թվի նվազումը պայմանավորված է նրանով, որ ոչ գյուղատնտեսական ոլորտում աշխատողների քանակը 76.6 հազարից դարձել է 54.8 հազար։ Կարելի է ենթադրել, որ նրանք, չգտնելով իրենց հմտություններին և գիտելիքներին համարժեք, կամ արժանավայել աշխատանք, արտագաղթել են մարզից։ Բավականին ցածր է աշխատուժի մասնակցության մակարդակը՝ այն կազմում է գրեթե 55% աշխատանքային ռեսուրսների նկատմամբ, ինչը երկրորդ ամենացածր ցուցանիշն է Շիրակից հետո։ Մարզը նաև երկրորդն տեղում է գործազրկության մակարդակով (17․1% 2023թ․–ի դրությամբ)՝ զիջելով Տավուշին։



Աղյուսակ 3․ Աշխատանքային շուկայի որոշ տվյալներ


Այս ամենին զուգահեռ, Լոռին նաև չի կարողանում օգտագործել իր զբոսաշրջային ներուժը, չնայած հարուստ պատմամշակութային ժառանգությանը։ Հայաստան այցելող զբոսաշրջիկների միայն 4%-ն է ընտրում Լոռին, ինչը տարածաշրջանին տարեկան մոտ 40 միլիոն դոլարի կորուստ է պատճառում և սահմանափակում հնարավոր աշխատատեղերի աճը։ Թերևս այստեղ հիմնական խոչընդոտներն են տեղեկատվության պակասը, ծառայությունների ցածր որակը (ներառյալ լեզուների իմացության ցածր մակարդակը), հետաքրքիր ժամանցային վայրերի բացակայությունը։


Աղքատությունը Լոռիում միայն նյութական բնույթ չի կրում։ Այն ներառում է նաև ոչ ֆինանսական կողմեր, ինչպիսիք են կրթությունը, առողջությունը և կենսապայմանները։ Այս անհավասար պայմանները հաղթահարելու համար կարևոր է որակյալ ծառայությունների և կրթության ընդլայնումը մայրաքաղաքից դուրս։ Վերջին տարիներին այս ուղղությամբ դրական փոփոխության օրինակ է ԹՈՒՄՈ կենտրոնների և տուփերի ստեղծումը Վանաձորում և Լոռու մի շարք համայնքներում, ինչպիսիք են Օձունը, Դսեղը, Ալավերդին, Սպիտակը։ ԹՈՒՄՈ-ն ապահովում է անվճար թվային ուսուցում տեխնոլոգիաների և դիզայնի ոլորտներում՝ հնարավորություն տալով երիտասարդներին ձեռք բերել անհրաժեշտ հմտություններ ու գիտելիքներ։ Այս տեսանկյունից Լոռին հավակնում է դառնալ նորարարական և սմարտ մարզ։ Այստեղ գործունեություն են ծավալում նաև ՔՈԱՖ սմարտ կենտրոնը և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը։ Սակայն, ներկայումս մարզի տնտեսությունը հիմնված է առաջնային և երկրորդային ոլորտների վրա, ինչը չի համապատասխանում ժամանակակից տնտեսության մրացկցության մարտահրավերներին։


Ամփոփելով մարզի տնտեսական խնդիրների շուրջ առկա վերլուծությունը, կարող ենք դրանք ներկայացնել հետևյալ SWOT վերլուծականը.

Ուժեղ կողմերը

  • Հանքարդյունաբերություն և հանքային նյութերի մեծ պաշարներ -Տարածաշրջանը հարուստ է պղնձով, մոլիբդենով, ոսկով, շինարարական քարերով, բազալտով և ավազաքարով։ Հանքարդյունաբերությունը (օրինակ՝ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքը, Շամլուղի պղնձի հանքը, Ալավերդու պղնձաձուլարանը) տարածաշրջանի առաջատար տնտեսական ոլորտներից է՝ զգալիորեն նպաստելով արտադրանքին և արտահանմանը։
  • Զբոսաշրջության ներուժ - Տարածաշրջանում գտնվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտներ (Հաղպատ և Սանահին վանքեր), Ախթալայի վանք, հնագույն ամրոցներ, գեղեցիկ բնություն (Դեբեդ, Ձորագետ, Փամբակ գետեր, դենդրոպարկ, կիրճեր) և առողջարանային/հանգստի գոտիներ, որոնք ստեղծում են լավ խթան տուրիզմի և էկոտուրիզմի/ագրոտուրիզմի զարգացման համար։
  • Սննդամթերքի, հատկապես, կաթնամթերքի արտադրություն - Լոռին հայտնի է իր պանրով (օրինակ՝ «Լոռի» պանիր) և այլ կաթնամթերքներով, իսկ Տաշիրի նման քաղաքներում գործող ընկերությունները զբաղվում են կաթի վերամշակմամբ և պանրի արտադրությամբ։
  • Գյուղատնտեսական ներուժ - Տարածաշրջանը հարուստ է բեղմնավոր հողերով և ունի համեմատաբար խոնավ կլիմա՝ մի քանի գետերի (Դեբեդ, Ձորագետ, Փամբակ, Մարցագետ) բնական ոռոգմամբ։
  • Ռազմավարական տեսանկյունից կարևոր աշխարհագրական դիրք և ենթակառուցվածքներ - Թբիլիսի-Ալավերդի-Երևան մայրուղին անցնում է տարածաշրջանով, ինչը կարևոր է ներմուծման և արտահանման համար։ Տաշիրը դեպի Վրաստան այլընտրանքային ճանապարհ է։
  • Զարգացող ՏՏ հատված - Տարածաշրջանում առկա են Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը, ՔՈԱՖ սմարտ կենտրոնը, ԹՈՒՄՈ–ն։

Թույլ կողմերը

  • Չիրացված գյուղատնտեսական ներուժ - Գյուղատնտեսական նշանակության վարելահողերի զգալի մասը մշակված չէ, տեխնիկան՝ հնացած։ Առկա են կլիմայական փոփոխությունների ու լավագույն փորձի վերաբերյալ մասնագիտացված խորհրդատվության բացեր։ Աշխարհագրական առավելությունը չի վերածվում տնտեսական արդյունավետության, քանի որ ցածր եկամտաբերությունը և եղանակային անկայունությունը բարձրացնում են սնանկացման վտանգը՝ ստիպելով մարդկանց հեռանալ գյուղատնտեսությունից։
  • Արտագաղթ և աշխատանքային միգրացիա - Տարածաշրջանում աշխատանքային միգրացիան, մասնավորապես երիտասարդ և միջին տարիքի տղամարդկանց՝ Ռուսաստան սեզոնային աշխատանքի մեկնելը, հանգեցնում է գյուղատնտեսական աշխատուժի պակասի կարևոր ամիսներին՝ հաճախ գյուղատնտեսական աշխատանքը թողնելով կանանց, երեխաներին և տարեցներին։
  • Վանաձորի պատմական արդյունաբերական անկում - Վանաձորը, որը ժամանակին քիմիական և մեքենաշինական հզոր կենտրոն էր, ներկայումս քաղաք է, որի տնտեսական ներդրումը մարզի ընդհանուր արդյունքի մեջ ցածր է, չնայած բնակչության մեծ բաժնեմասին։
  • Չիրացված զբոսաշրջային ներուժ - Չնայած ակտիվներին, մարզը կորցնում է զգալի տարեկան եկամուտ՝ պայմանավորված չիրացված զբոսաշրջային ներուժով, ծառայությունների ցածր որակով և տեղեկատվության/բրենդինգի բացակայությամբ։
  • Հանքարդյունաբերության բնապահպանական ազդեցություն - Հանքարդյունաբերության հնարավոր ընդլայնումը շոշափելի ռիսկ է ներկայացնում էկոհամակարգի համար և ուղղակիորեն հակասում է որոշակի համայնքներում զբոսաշրջության և գյուղատնտեսության կայուն զարգացմանը։

Հնարավորությունները

  • Զբոսաշրջության և ագրոզբոսաշրջության պահանջարկի աճ - Տարածաշրջանում կա նոր զբոսաշրջային երթուղիներ ստեղծելու, կայուն զարգացման ծրագիր մշակելու, մարքեթինգի և բրենդավորման բարելավման, ինչպես նաև զբոսաշրջության այլընտրանքային ձևերի (էկոտուրիզմ, ագրոզբոսաշրջություն) զարգացման ներուժ։
  • Թեթև արդյունաբերության ոլորտում շուկաների ընդլայնում - Լոռիում նկատվում է թեթև արդյունաբերության (հագուստի արտադրություն) զարգացման ներուժ՝ ԱՊՀ/ԵԱՏՄ շուկաներ արտահանման համար։
  • Վերականգնվող էներգիայի ոլորտում ներդրումներ - Լոռին ունի բարենպաստ կլիմա արևային և հողմային էներգետիկա արտադրելու համար, որն աջակցվում է ազգային միտումներով և միջազգային ֆինանսական կառույցներով։
  • Միջպետական տնտեսական համագործակցության զարգացում - Վրաստանի հետ մերձավորությունը և ճանապարհային կապերը կարող են օգտագործվել առևտրի, տարանցիկ ծառայությունների և տարածաշրջանային տնտեսական համագործակցության աճի համար։
  • Վերականգնվող էներգիայի զարգացում - Տարածաշրջանում արևային և հողմային էներգիայի համար բարենպաստ կլիման կանաչ տնտեսության զարգացման հնարավորություն է ստեղծում։

Սպառնալիքները

  • Բնական աղետների ռիսկ - Տարածաշրջանը խոցելի է բնական աղետների նկատմամբ, օրինակ, ջրհեղեղի, որը կարող է վնասել գյուղատնտեսական մշակաբույսերը։
  • Համաշխարհային ապրանքային գների տատանումներ - Տարածաշրջանի՝ հանքարդյունաբերության ոլորտից մեծ կախվածությունը նրա տնտեսությունը դարձնում է խոցելի միջազգային գների անկայունության նկատմամբ։
  • Մրցակցություն հարևան երկրների կողմից - Մրցակցությունը զբոսաշրջության ոլորտմ նկատվում է մասնավորապես ավելի զարգացած տարածաշրջանների կամ հարևան երկրների նկատմամբ։


[1]Բոլոր տվյալները ներկայացված են 2022-2023թթ․ դրությամբ՝ եթե այլ բան նշված չէ։ Աղբյուրը՝ Հայաստանի Հանրապետության մարզերը և Երևան քաղաքը թվերով, 2024, Արմստատ