Կամ մեզ հետ
+374 (55) 81-01-01
Յունիքորն բիզնես կենտրոն, Մարո Մարգարյան 2/4, Երևան

Սամվել Գեւորգյանը՝ Buissup Global Forum 2022-ի մասին

article image
28.11.2022

#buissup_mentors ռուբրիկայի շրջանակներում շարունակում ենք Ձեզ ներկայացնել Buissup Global Forum 2022-ի մենթորներին: Սամվել Գևորգյանը ներդրումների գիտակ է… Նա գիտի գրագետ ներդրումային ռազմավարություն կառուցելու հիմունքները:


Սամվել Գևորգյանը BSC Business Support Center-ի հիմնադիր-տնօրենն է։ Նա կիսվել է Դիլիջանում անցկացված Buissup Global Forum 2022-ից իր տպավորություններով և խոսել նման ձևաչափերի կարևորության մասին, որոնք նպաստում են երիտասարդների մեջ գործարարության հիմունքների զարգացմանը:

- Պարոն Գևորգյան, կխնդրեմ կիսվեք Ձեր տպավորություններով Buissup Global Forum 2022-ից։

Առաջին հերթին նշեմ, որ բոլորը խոսում են միջոցառման մասին, թե ինչպես է անցնում այն, ինչ հետաքրքիր միջոցառում է և նմանատիպ այլ բաներ, բայց ես հիմնականում կենտրոնացել եմ այն փաստի վրա, որ Buissup-ը միջոցառում չէ այլ միջավայր։ Այսինքն, այն միջոցառման ձևաչափից դուրս է, միջավայր, որտեղ սկսնակ ձեռներեցները, ապագա գործարարները իրար հետ, մենթորների և ներդրողների հետ շփվելով իրենց միտքն ու գաղափարն են զարգացնում։ Նույնիսկ այն մասնակիցները, ովքեր չեն հաղթում և ներդրումներ չեն ստանում, էլ ավելի շատ բան են տանում իրենց հետ այս միջավայրից։ Այսինք ես Buissup-ին միջոցառում չեմ ասում, այլ իմ տպավորություններով կիսվում եմ հենց «միջավայր» բառով։


- Շարունակելով Ձեր միտքը` որքանո՞վ են կարևոր նման միջավայրների ստեղծումը, հաշվի առնելով, որ տվյալ ոլորտը այդքան էլ մեծ չէ մեր երկրում։


Կարևորության մասին խոսելը նույնիսկ ավելորդ է, դա անհրաժեշտություն է։ Անհրաժեշտ և բավարար պայման է, որպեսզի հայկական գործարար միջավայրը զարգանա, այլ տարբերակ պարզապես չկա։ Որովհետև մենք անընդհատ խոսում ենք գործարար շարունակական կրթության մասին, իսկ հենց այսպիսի ֆորմատներում այդ հնարավորություններն են տալիս։ Այստեղ խոսքը չի գնում պրոեկտ ներկայացնելու մասին, խոսքը գնում է կրթվելու, սովորելու, փորձառություն կիսելու և դրա հիման վրա արդեն շուկային համապատասխան պրոեկտ ներկայացնելու մասին։ Նմանատիպ միջավայարների անհրաժեշտությունը ավելի քան կարևոր է, ավելին ասեմ, անհնար է պատկերացնել հայկական գործարար միջավայրի զարգացումը, առանց նմանատիպ միջոցառումների։


- Որքանո՞վ են իրատեսական այս տարվա մասնակից նախագծերը և որքանով դրանք հասցրեցին այս օրերի ընթացքում ամբողջականացվել ներդրողներին ներկացանելու համար։


Հետաքրքիր հարց է, և նմանատիպ հարցերին ես փորձում եմ պատասխանել համեմատական տանելով։ Երբ կենտրոնանում ես կոնկրետ մեկ նախագծի կամ միջոցառման վրա, շատ դժվար է ընդհանուր գնահատական տալը։ Եթե համեմատական տանենք, օրինակ, անցյալ տարվա նախագծերի էմոցիաները շատ ավելի շատ էին, այն տեսանկյունից, որ մարդկանց ակնկալիքները շատ ավելի մեծ էին, քան այն պրոեկտները, որոնք ներկայացվում էին։ Այս տարի ավելի սփռված են, օրինակ կան միջին որակի պրոեկտներ, կան պրոեկտներ, որոնք, կարելի է ասել, չպետք է հայտնվեին այստեղ, կան պրոեկտներ, որոնք հիանալի գաղափարներ են և մի քանի գործոններ, ներդրումներ, ջանքեր և այլ գործոնների համակցությամբ լուրջ հաջողությունների կհասնեն։ Կարելի է ասել հայկական գործարար միջավյարի ամբողջ ներկապնակը այստեղ ներկայացված էր. ոչ այնքան լավ, ոչ այնքան շուկայամետ, ոչ այնքան արժանի պրոեկտներից մինչև պրոեկտներ, որոնք իսկապես մեծ հաջողություններ կարող են ունենալ։



- Այս օրերի ընթացքում մենթորների հետ աշխատանքի շնորհիվ, արդյո՞ք շատ փոփոխվեցին նախագծերը։


Ինձ թվում է, շատ-շատ փոխվեցին։ Միայն այն փաստը, որ մենթորները գեթ մեկ րոպե ազատ ժամանակ չէին ունենում առավոտյան ժամը 10-ից մինչև երեկոյան 11-ը, դա ցույց տալիս։ Մենթորների թիվը այս տարի ավելի շատ է, անցյալ տարի ես գլխավոր մենթորներից չէի, այլ որպես խոսնակ էի հանդես գալիս, բայց ամեն դեպքում թիվը մենթորների մեծ էր, որոնք լավագույն մասնագետներն են տարբեր ոլորտներից և տարբեր մտածելակերպ ունեցող։ ԵՎ, ինձ թվում է, ավելին քան համոզված եմ այդ փոփոխությունները հենց մենթորության 15 րոպեների ընթացքում էր երևում արդեն։ Մասնակիցները գալիս էին, մտնում էին 15-րոպեանոց խողովակ ինչ-որ մի մտածելակերպով, կարծիքով, մոտեցմամբ, ենթադրենք մարկետինգի մասին, ու լրիվ այլ ձև դուրս գալիս։ Չնայած այստեղ շատ եմ կարևորում ներդրումային նախագիծ ներկայացնող, բիզնեսի գաղափարը տանող մարդու վարքագիծը։ Տարբեր են մարդիկ, իհարկե, լինում։ Լինում են մասնակիցների տեսակներ, որոնք սխալները ընդունում են ու փոխում են, լինում են, որ դժվարությամբ են ընդունում, լինում են դեպքերը, որ չեն ընդունում։ Բայց ամեն դեպքում մենթորների հետ աշխատանքը իրենց համար աննկարագրելի փորձառություն էր, իրենք ամբողջ կյանքում, համոզված եմ, կհիշեն այդ մասին։


- Կայի՞ն նախագծեր, որոնք Ձեզ տպավորեցին, չէիք սպասում նմանատիպ նախագծերի։

Շատ հետաքրքիր հարց էր, որին ես ուրիշ կողմից եմ մոտենում, այսինքն ընտրում եմ նախագծեր, որոնք ինձ հոգեհարազատ են և իսկապես ժամանակի ու ապագայի միտումների հետ են կապված։ Օրինակ, կրթական ծրագրեր կային շատ հետաքրքիր, կային տեխնոլոգիական ու պրոդուկտային նախագծեր, որոնք իսկապես զարմանալի էին, թե ինչպես կարելի է նմանատիպ գաղափարներ գեներացնել։ Ես չեմ ուզում կենտրոնանալ հենց մեկ նախագծի անուն տալով, բայց կարող եմ ասել նախագծերի մոտ 20-30%-ը իսկապես անակնկալ գաղափարներ էին։ Անակնկալը համեմվում է նաև նրանով, որ բոլորն իսկապես աշխատող գաղափարներ էին, եթե մի քիչ ջանքեր ներդրվեն, հնարավոր է շուկայում մեծ հաջողությունների հասնել։ Եվ խոսքը չի գնում միայն հայկական շուկայի, այլ գլոբալ շուկայի մասին։