Կամ մեզ հետ
+374 (55) 81-01-01
Յունիքորն բիզնես կենտրոն, Մարո Մարգարյան 2/4, Երևան

Da Vinci - հարցազրույց ընկերության հիմնադիր՝ Հայկ Աջապահյանի հետ

article image
Հեղինակ
no img
B1 Media
01.02.2026

Da Vinci ապրանքանիշը ստեղծվել է 2019-ին և այսօր արդեն առաջարկում է ավելի քան 1000 անուն ապրանք է համարվելով նվերների ոլորտի ամենապահանջված հայկական բրենդերից։ Ի՞նչն է, ըստ Ձեզ, այս հաջողության հիմնական գաղտնիքը։


- 2 կետով ասեմ․ առաջինը՝ մենք առաջարկում ենք հայկական, որակյալ, հայերեն լեզվով կրեատիվ և շատ մատչելի լուծումներ շուկայում, երկրորդը՝ դուք կարող եք մի տեղից գնել ձեր բոլոր ծանոթների՝ մամայի, պապայի, տատիկի, քույրիկի, եղբոր, չգիտեմ՝ ինչ-որ մի ծանոթի նվերներ, ու մենք այս պահին ունենք մոտավորապես 30 000 անուն ապրանք, ինչը ինձ թվում է՝ նույնիսկ սուպերմարկետները տեղ-տեղ մեզ կնախանձեն։


Ժամանակակից արվեստն արտահայտված է Ձեր ապրանքների դիզայնում։ Ինչպե՞ս է այն ազդում Ձեր ստեղծագործական մոտեցման վրա, և արդյո՞ք Da Vinci-ն դիտարկում եք նաև որպես արվեստը տարածող հարթակ։


- Այո՛, դիտարկում եմ, դա մեր միսիաներից մեկն է։ Ես հավատում եմ, որ մատղաշ սերունդը, իմ երեխաների սերունդը, պիտի ճանաչի մեր մեծերին։ Եկեք վերցնենք Վան Գոգին․ ո՞նց է աշխարհում բոլորը ճանաչում Վան Գոգին։ Որովհետև Վան Գոգը լավ PR ունի։ Ես Վան Գոգից բան չունեմ, շատ լավ նկարիչ է, բայց մենք ունենք Սարյան, Սուրենյանց, Մինաս, Ավետիսյան, ու թող իրենք ինձնից չնեղան, բայց այո՛, ես ուզում եմ իրենց PR անել, ես ուզում եմ, որ երեխեք իրենց ճանաչեն։ Գումա՞ր է ներդրված իրականում։ Դուք գիտե՞ք, Լոնդոնում կա Շերլոկ Հոլմսի տուն-թանգարան։ Այդ մարդը գոյություն չի ունեցել, բայց իր տուն-թանգարանը կա։ Այսինքն՝ գումարը դրված է, իրենք PR են անում, որպեսզի մարդիկ ճանաչեն, իսկ մենք այս մարդկանց ունենք, բայց լավ PR չենք անում։ Ես ուզում եմ այդ PR-ի մի մասը իմ վրա վերցնեմ, իմ բրենդի վրա վերցնեմ։


Ձեր մյուս նախագիծը՝ «Նոր Գրախանութը», նպատակ ունի հասանելի դարձնել որակյալ հայերեն գրականություն։ Ինչպե՞ս եք ընտրում գրքերը և ինչպե՞ս եք պահպանում բազմազանությունը՝ ներառելով նաև արտասահմանյան նորույթներ։


- Նոր գրախանութը նոր գրախանութի ֆորմատով է աշխատում։ Հենց «նոր» բառը դրա համար է։ Այսինքն՝ մենք ունենք եռալեզու գրքեր։ Վերջերս, քանի որ դպրոցներին նվիրատվություններ ենք անում իրենց գրադարաններին, ինձ ասեցին, որ, օրինակ, մենք ունենք «Մաստեր և Մարգարիտա»-ի 12 տեսակ, այսինքն՝ 12 տարբեր շապիկներով, 12 տարբեր թարգմանությամբ և իլյուստրացիաներով, կամ Օրուելի «1984»-ը ունենք 8 տեսակ, և քաղաքում ոչ մի տեղ չի կրկնվում։ Այսինքն՝ մեր տեսականին շատ մեծ է։ Մենք փորձում ենք նորը տալ։ Օրինակ՝ գունազարդ Օրուել ունենք, որը դուք ոչ մի տեղ չեք գտնի։ Այսինքն՝ իլյուստրացիաներով «1984» ունենք կամ «Անասնաֆերմա» ունենք։ Դրա համար անունը դրել ենք նոր գրախանութ, որը նույնպես պիտի տարբերվի այլ գրախանութներից։


Վերջին տարիներին ընթերցման մշակույթը շատ է փոխվել` կապված սոցցանցերի և դրանց բերած ինֆորմացիոն տեղատարափի հետ։ Ինչպե՞ս եք գնահատում այսօր երեխաների և մեծահասակների ընթերցողական վարքը և դրա միտումները։


- Ես գտնում եմ, որ ծնողն է որոշում՝ իր երեխային TikTok թերթե՞լ, թե գիրք կարդալ։ Վերցնենք իմ երեխաներին որպես օրինակ․ իրենք ունեն օրական 30 րոպե հեռախոսի հետ զբաղվելու։ Ոնց կվարվեն այդ 30 րոպեի ընթացքում, իրենք են որոշում, բայց ունեն անսահմանափակ ժամանակ գիրք կարդալու և անսահմանափակ տեսականի այդ գրքերը ընտրելու։ Նաև իրենք տեսնում են, որ ամեն օր իրենց պապան առավոտյան գոնե 30 րոպե գիրք է կարդում, նոր է գնում աշխատանքի։ Այսինքն՝ ես համարում եմ, որ ես իմ օրինակով կարող եմ այնպես անել, որ երեխաները գիրք կարդան, ոչ թե մտնեն սոցիալական ցանցեր, և խորհուրդ եմ տալիս բոլոր ծնողներին՝ դուք ցույց տվեք ձեր երեխային՝ TikTok թերթե՞լ, թե գիրք կարդալ, դա կարևոր է։


Ի՞նչ մարտահրավերների են բախվում փոքր գրախանութները՝ թվային կոնտենտի ու էլեկտրոնային գրքերի տարածման պայմաններում։


- Շուկան իրականում շատ բարդ է, որովհետև էլեկտրոնային գիրքը շատ ավելի էժան է, քան թղթային գիրքը, եթե չասենք, որ անվճար էլ կան։ Թղթային գիրքը դա մինիմում թղթի ինքնարժեքն է և տպագրությունն է, որը միշտ թանկ է լինելու։ Այդ երկու ռեսուրսները գնալով թանկանում են, ոչ մի բան չի էժանանում։ Բայց դա այնքան չի խանգարում, որքան խանգարում է անօրինական pdf-ների տարածումը Տելեգրամում, որի դեմ հիմա պայքար ենք սկսել։ Ես էլ վիդեոներ եմ նկարել, որտեղ ցույց եմ տալիս, որ մի գիրք հրատարակելու համար պետք է մի խումբ մարդ՝ օրինակ 20-25 հոգի։ Դա սկսվում է հեղինակային իրավունքը բանակցողից, թարգմանիչից, սրբագրիչից, էջադրողից, խմբագրողից, տպագրողից, վերջում գովազդ անողից ու գրախանութից։ Այդքան մարդ աշխատավարձ է ստանում, իսկ ինչ-որ մեկը վերցնում է, սկան անում գիրքը և pdf-ը սկսում է անվճար տարածել կամ 100 դրամով վաճառել։ Ստացվում է, որ այդքան մարդ աշխատանք է արել, ներդրում է արվել, իսկ հետո հաջորդ գիրքը տպել հնարավոր չի լինում, որովհետև նախորդը չի վաճառվել։ Այդքան մարդ մնում է առանց գործի, որովհետև ինչ-որ «խելացի» մեկը պարզապես սկան է արել գիրքը և տարածել՝ չհասկանալով, որ դա նույնպես գողություն է, որը Քրեական օրենսգրքով պատժելի է։ Դա մտավոր սեփականության գողություն է, որի իրավունքը պատկանում է հրատարակչին։


Ես հիմա փորձում եմ մեր երեխաներին բացատրել, որովհետև հիմնականում այդ տարածողները, երբ ի վերջո նույնականացնում ենք, պարզվում է, որ օրինակ 13 տարեկան Անի է, որը չէր հասկանում՝ ինչ է կատարվում։ Այդ մարդկանց ասում եմ՝ ժողովուրդ, դուք գողություն եք անում։ Դա ոչնչով չի տարբերվում խանութից գողությունից։ Եկեք մի արեք։ Մեր ոլորտը լավն է, մենք անընդհատ ներդրումներ ենք անում, որ հայերեն լեզվով գրքերը շատանան։ Հիմա չգիտեմ նկատել եք, թե ոչ, բայց 5 տարի առաջ և այսօր տարբերությունը մեծ է։ Եկեք մեր շուկան չփչացնենք։ Եթե դրան հասնենք, մեր շուկան արդեն ապահով ձեռքերում կլինի։ Իսկ անգլերեն ու ռուսերեն pdf-ների վաճառքը մեզ խանգարում է, բայց ոչ այնքան, որքան հայերեն գրագողությունը։


Անգլերեն ու ռուսերեն կարդացողները իրենց ուզած գիրքը կգտնեն Amazon-ում, Wildberries-ում և այլն, իսկ հայերենը ուղիղ հարվածում է գրախանութներին։ Բայց այստեղ մի դրական բան էլ ասեմ․ կան մարդիկ, գրքի ֆանատներ, որոնք սիրում են թղթյա գիրքը՝ բացելը, հոտ քաշելը։ Դա ամբողջական արարողություն է, և թղթային գիրքը երբեք չի մահանալու։ Բայց էլեկտրոնայինը մեզ անընդհատ խանգարում է։


2010-2011 թթ․-ին, երբ էլեկտրոնային գիրքը մտավ շուկա, Kindle-ը հայտնվեց, մենք վախեցած էինք, որ տպագրական գիրքը գնում է դեպի մահ, բայց իրականում էլեկտրոնային գիրքը համաշխարհային շուկայում հասավ 20 տոկոսի, հետո իջավ 5 տոկոսի և մինչև այսօր մնում է նույն 5 տոկոսը։ Այսինքն՝ չի աճում էլեկտրոնային գրքի վաճառքը, բայց աճում է գրագողությունը, որը հարվածում է մնացած 95 տոկոսին։ Շուկան այսպես է բաժանվում՝ 5 տոկոս օրինական էլեկտրոնային, մոտ 80 տոկոս թղթային և 15 տոկոս գողացված էլեկտրոնային գրքեր։


Դուք նաև ունեք մանկական գրքերի շարք, այս տարվա ընթացքում հրապարակել եք կախարդական գրադարան մանկական շարքի չորս գիրք, որոնք շատ սիրվել են երեխաների կողմից։ Որն է Ձեր կարծիքով այս հաջողության գրավականը։


- Ինձ թվում է, գաղտնիքը նրանում է, որ ես բնույթով ավելի շատ երեխա եմ, քան մեծահասակ։ Ես գրում եմ իմ երեխաների հետ և իմ երեխաների համար։ Իմ գրքերի միջոցով խոսում եմ երեխաների հետ, և հենց դրա շնորհիվ է, որ այդքան երեխաների սրտին կպել եմ։ «Կախարդական գրադարանը» ժամանակակից Հայաստանում ամենավաճառվող մանկական գիրքն է․ 20 000-ից ավել օրինակ է վաճառվել, ինչը մեծ արդյունք է։ Իսկ վերջին գիրքս՝ «Ամանորի հրաշքը», որի շնորհանդեսը 15 օր առաջ էր, հավաքեց ավելի քան 1000 երեխա։ Դա երբևէ տեղի ունեցած ամենամեծ շնորհանդեսն էր։ Այս պահին գիրքը տպաքանակ չունի, որովհետև 5000 օրինակը 20 օրում վաճառվեց։ Նման բան երբևէ չէր եղել։ Հիմա իմ ծանոթները գիրքը ուզում են, բայց ես չունեմ տալու, որովհետև չենք հասցնի Նոր տարի մինչև նորից տպել։


Գիտե՞ք՝ ոնց են կարդում, ոնց են ինձ ճանաչում։ Ես Հայկ Աջապահյանն եմ, գրքի հեղինակը։ Գրքի մեջից հարցեր են տալիս, գիտեն։ Առաջին գրքում՝ Տիգրան Մեծի մոտ ճանապարհորդության ընթացքում, փորձում եմ երեխաներին պատմական փաստեր սովորեցնել։ Կան բաներ, որ եթե ես ասեմ իմ աղջկան, կանցնի, բայց երբ գրքից կարդում է, գալիս է ու ինձ պատմում է։ Հարցնում եմ՝ ո՞րտեղից գիտես, ասում է՝ Տիգրան Մեծն էր ասել։ Այսինքն՝ Տիգրան Մեծի անունից խոսում եմ երեխաների հետ՝ փորձելով ճիշտ ու լավ բաներ սովորեցնել, և դա իրականում աշխատում է։