Կամ մեզ հետ
+374 (55) 81-01-01
Յունիքորն բիզնես կենտրոն, Մարո Մարգարյան 2/4, Երևան

Tulip Zefir - հարցազրույց ընկերության հիմնադիր՝ Սաթենիկ Հովհաննիսյանի հետ

article image
01.02.2026

Tulip Zefir-ը առաջիններից էր Հայաստանում, որ ներկայացրեց ուտելի զեֆիրային կակաչների գաղափարը։ Ինչո՞ւ որոշեցիք նվերային կոմպոզիցիաներում ավանդույթ դարձած շոկոլադապատ ելակները փոխարինել հենց զեֆիրային կակաչներով։ Ինչպե՞ս ծնվեց գաղափարը։


- Tulip zefir-ը հիմնադրվել է 2023 թ․-ին։ Սոցցանցերում տեսնելով զեֆերի կոմպոզիցիաները՝ սկսեցի խորապես ուսումնասիրել տեխնիկան, որը հետագայում վերածվեց բիզնեսի։ Կակաչները, որպես բրենդի հիմնական ապրանքանիշ, ընտրվել են իրենց բացառիկ սեզոնայնության համար։ Այսպիսով, բրենդը նպատակ է ունեցել ստեղծել համատեղելիություն գեղեցիկի և համեղի միջև՝ միաժամանակ դառնալով յուրօրինակ նվերային լուծում ցանկացած առիթների համար՝ սկսած ծննդյան տարեդարձերից մինչև հարսանեկան միջոցառումներ և կորպորատիվ նվերներ։


Ի՞նչն է ամենաբարդը զեֆիր-կակաչի ստեղծման գործընթացում․ գույնի ստացո՞ւմը, ձևի մշակո՞ւմը, կառուցվածքի կայունացո՞ւմը, թե՞ համի նուրբ հավասարակշռության պահպանումը։


- Զեֆերի արտադրությունը իրականում կարող է թվալ հեշտ և պարզ գործընթաց, սակայն այն ունի իր նրբությունները։ Պետք է հաշվի առնել, որ կարևոր է ունենալ փորձ, ուշադրություն և տեխնոլոգիայի ճիշտ պահպանում։ Օրինակ՝ օշարակի պատրաստման համար անհրաժեշտ է ջերմաստիճանի խիստ պահպանում։ Մի քանի աստիճան շեղումը կարող է բերել զանգվածի կայունության խախտմանը։ Բացարձակ արտադրանք ստանալը մեկ բան է, այն մշտապես պահպանելը՝ այլ պատասխանատվություն։

Հանրության շրջանում վստահություն ձեռք բերելը ժամանակ է պահանջում, իսկ մրցակցային շուկայում առանձնանալը՝ ճիշտ ռազմավարություն։Թվում է, թե զեֆերի պատրաստելը հեշտ պրոցես է, սոսկ գեղեցիկ քաղցրավենիքի ստեղծում, բայց այն իրականում մանրակրկիտ աշխատանք է, որը պահանջում է պրոֆեսիոնալ մոտեցում թե՛ արտադրական, թե՛ բիզնես բնագավառում։


Ձեր բրենդում կարևոր է ոչ միայն արտադրանքը, այլ նաև նրա ներկայացման ձևը՝ փաթեթավորումը, գեղագիտական ամբողջությունը և փոխանցվող տրամադրությունը։ Ինչպե՞ս եք ձևավորում այս ամբողջական փորձառությունը։


- Մեզ համար առաջնային է եղել եզակի, տարբերվող և բրենդավորված փաթեթավորումը։ Նրբաոճ դիզայնը մեր այցեքարտն է, որը յուրաքանչյուր պատվեր դարձնում է փոքրիկ նվեր։ Ուշադրություն ենք դարձնում ցանկացած փոքր մանրուքի՝ սկսած արտադրանքի տեսքից մինչև ջերմ սպասարկում։ Տեսնելով, թե ինչպես է քաղցրավենիքը վերածվում ծաղկի, հաճախորդների մեջ հիացմունք և զարմանք է առաջանում։


Ի՞նչ նորույթներ կարող ենք սպասել Tulip Zefir-ի կողմից առաջիկայում։


- Քանի որ ստանում ենք բազմաթիվ նամակներ դասընթացների վերաբերյալ, առաջիկայում պլանավորում ենք անցկացնել թե՛ օնլայն, թե՛ օֆլայն դասընթացներ։ Դասընթացները տեղի են ունենալու պրակտիկ ձևաչափով, պարունակելու են նյութեր, գաղտնիքներ և տարիների ընթացքում ձեռք բերված օգտակար խորհուրդներ։ Այս կերպ կկարողանանք մեր փորձը փոխանցել ավելի լայն լսարանին՝ անկախ նրանց բնակության վայրից։


Երկրորդ կարևոր նորությունը մեր խանութ-սրահի բացումն է։ Այն լինելու է նրբաոճ և էլեգանտ, որտեղ յուրաքանչյուր այցելու կկարողանա ոչ միայն ընտրել և պատվիրել, այլ նաև զգալ գեղեցիկ մթնոլորտը մեր խանութ-սրահում։


Այսպիսով, այս ամենը մեր մեծ ծրագրի մասն է՝ լինել առաջադեմ, վստահելի և մշտապես զարգացող։ Մենք հավատում ենք, որ լավագույնը դեռ առջևում է։