Մանե, ի՞նչը Ձեզ մղեց` ստեղծելու Muse–ը՝ որպես անհատականության մասին խոսող բրենդ։
Երևի ամեն ինչ սկսվեց մեծ երազանքից՝ ապրել Հայաստանում և հենց այստեղ ստեղծել սեփական բրենդը։ Սկզբում Muse-ը ձևավորվել էր որպես որակյալ հայկական հագուստ առաջարկող բրենդ՝ առանց անհատականության վրա հատուկ շեշտի։ Տարիների ընթացքում, երբ բրենդը կարողացավ վաստակել վստահություն և կայանալ, առաջացավ ավելի համարձակ լինելու հնարավորություն՝ թե՛ տեխնիկական լուծումների, թե՛ դիզայնի առումով։ Այդ ճանապարհի արդյունքում էլ ձևավորվեց The Muse-ը՝ որպես անհատականություն արտահայտող և դրա մասին խոսող բրենդ։
Ինչպես գիտենք, Muse-ը մասնակցել է Միլանի Նորաձևության շաբաթին և բազմիցս ներկայացվել հեղինակավոր ցուցահանդեսներում։ Ինչպե՞ս է այս փորձը փոխել բրենդի ճանաչելիությունը և դիրքը միջազգային շուկայում։
Muse-ի մասնակցությունը Միլանի Նորաձևության շաբաթին, ինչպես նաև հետագա ներկայացումները Փարիզում, Նյու Յորքում և Սանկտ Պետերբուրգում, էականորեն ազդեց բրենդի ճանաչելիության և դիրքավորման վրա միջազգային շուկայում։ Այս փորձը մեծ հաջողություն էր ինձ համար՝ թե՛ որպես դիզայներ, և հատկապես որպես հայ, քանի որ մի շարք հարթակներում մենք առաջին բրենդն էինք, որը ստեղծվել է Հայաստանում և ներկայացվել նման մասշտաբային ցուցադրություններում։
Այս ամենի արդյունքում զգալիորեն ընդլայնվեց բրենդի աշխարհագրությունը․ Muse-ը սկսեց վաճառվել ավելի լայն միջազգային շուկաներում և ներկայումս ներկայացված է շուրջ 13 երկրում։ Այդ ձեռքբերումները մեզ համար փոքր, բայց կարևոր հաղթանակներ են, որոնք ամրապնդեցին բրենդի դիրքը համաշխարհային նորաձևության դաշտում։
Հայաստանում նորաձևության ոլորտի բիզնես ստեղծելը շատերի համար ռիսկային է թվում. ի՞նչն է Ձեզ օգնել հաղթահարել մարտահրավերները և ստեղծել հստակ գծված ռազմավարություն։
Նորաձևության բիզնես ստեղծելը մարտահրավեր է ոչ միայն Հայաստանում, այլև միջազգային մակարդակում։ Այսօր Muse-ը ոչ միայն ստեղծվում և արտադրվում է Հայաստանում, այլև իր հավաքածուներով ներկայանում է շուրջ 13 երկրում՝ տարբեր գործընկերային և մուլտիբրենդային սրահներում՝ համաշխարհային ճանաչում ունեցող բրենդների հետ նույն հարթակում։ Իհարկե, Հայաստանից դուրս բրենդի արժեքային սեգմենտը զգալիորեն տարբերվում է տեղական շուկայից, և սկզբնական շրջանում բավականին բարդ էր վստահություն ձեռք բերել արտերկրի գնորդների մոտ։ Սակայն որակն ու դիզայնը բարձր են գնահատվել, և ինձ համար դա կարևոր քայլ է՝ Made in Armenia-ն միջազգային շուկայում նոր տեսանկյունից ներկայացնելու համար։
Միևնույն ժամանակ, Հայաստանում բիզնես վարելիս խոչընդոտները բազմաթիվ են, հատկապես տեքստիլի և արտադրության ոլորտում։ Ամենամեծ խնդիրներից մեկը մասնագետների պակասն է․ ուսումնական հաստատությունները դեռևս բավարար չափով պատրաստ մասնագետներ չեն տրամադրում, ինչը լուրջ ազդեցություն է ունենում ոլորտի զարգացման վրա։ Մյուս կարևոր մարտահրավերը արտահանման և ներկրման գործընթացներն են, հատկապես՝ հումքի ներմուծումը։ Մեր բրենդը սկզբունքորեն չի օգտագործում թուրքական հումք, ինչը որոշակիորեն բարդացնում և թանկացնում է արտադրական գործընթացը, սակայն դա գիտակցված ընտրություն է։
Մյուս կողմից, շուկայի փոքրությունը ևս մարտահրավեր է, սակայն ես վստահ եմ, որ չի կարելի անտեսել ներքին շուկան և կենտրոնանալ միայն արտահանման վրա․ բրենդը նախ պետք է կայանա և ամրապնդվի հենց Հայաստանում։
Ընդհանուր առմամբ, ինձ օգնել է հստակ տեսլականը, համբերությունը և երազանքի հանդեպ հավատը։ Այդ մոտեցումն է թույլ տվել ոչ միայն չկորցնել ուղղությունը, այլ նաև քայլ առ քայլ ձևավորել կայուն ռազմավարություն՝ հաղթահարելով ոլորտին բնորոշ դժվարությունները։
Հայաստանում սպառողի ճաշակը փոխվում է. ինչպիսի՞ նոր պահանջներ եք նկատում վերջին տարիներին։
Հայաստանի ներքին շուկայում վերջին տարիներին սպառողի ճաշակի և վերաբերմունքի զգալի փոփոխություն եմ նկատում։ Երբ նոր էինք սկսել մեր գործունեությունը, բախվում էինք այն իրողությանը, որ տեղական արտադրանքը հաճախ ընդունվում էր որոշակի կասկածով․ շատերի համար ներմուծվածը՝ հատկապես արտասահմանյանը, ավտոմատ կերպով համարվում էր ավելի որակյալ։ Սա, կարծում եմ, որոշ չափով պայմանավորված էր դեռ խորհրդային ժամանակներից մնացած մտածելակերպով։
Տարիների ընթացքում այդ վերաբերմունքը զգալիորեն փոխվել է, և վստահ եմ, որ մենք էլ մեր փոքր ներդրումն ունենք այդ փոփոխության մեջ։ Մարդիկ սկսել են ավելի գիտակցաբար վերաբերվել հայկական արտադրանքին՝ այն գնահատելով ոչ միայն որպես տեղական, այլ որպես որակյալ և մրցունակ ընտրություն։ Այս փոփոխությունը նկատելի է ոչ միայն նորաձևության, այլև տարբեր ոլորտներում։ Ինքս էլ այսօր հաճախ նախընտրում եմ հենց Հայաստանում արտադրվածը։
Հայ սպառողը այսօր ավելի խիստ չափանիշներ ունի, սակայն այդ պահանջկոտությունը հաճախ ուղեկցվում է նաև գիտակցված մոտեցմամբ։
Վերջին շրջանում հատկապես նկատում եմ, որ մարդիկ սկսել են ավելի մտածված գնումներ կատարել՝ ուշադրություն դարձնելով ոչ միայն արտաքին տեսքին, այլև որակին, արժեքին և գաղափարին, որը կրում է բրենդը։ Այդ փոփոխությունը ինձ համար շատ հետաքրքիր և խրախուսիչ է՝ որպես դիզայներ։
Եվ մի փոքր ավելին խոսենք նորաձևության վերջին միտումներից, ի՞նչ սպասել գալիք տարի։
Գալիք տարին նորաձևության ոլորտում կտրուկ և չափազանց համարձակ փոփոխություններ չի բերելու։ Այն միտումները, որոնք արդեն ձևավորվել են, դեռևս շարունակվելու են, և հիմնական շեշտը լինելու է հարմարավետության ու կայունության վրա։ Էկոլոգիական մտածելակերպը կմնա առաջնային՝ ընդգծելով գիտակցված սպառումն ու պատասխանատու մոտեցումը նորաձևության նկատմամբ։
The Muse բրենդը սկզբնապես էկոֆրենդլի ուղղվածություն ունի․ բացի էկոլոգիական կտորներից, հաճախ օգտագործում ենք նաև վեգան նյութեր, ինչը լիովին համահունչ է ոլորտի զարգացող պահանջներին։ Հարմարավետությունն առաջիկա տարում ևս կլինի առանցքային արժեք՝ թե՛ ձևերի, թե՛ կտրվածքների մեջ։
Միաժամանակ կշարունակվի կանացիության նոր մեկնաբանությունը՝ ավելի նուրբ և ազատ արտահայտմամբ։ Կոտրվելու են խիստ գենդերային սահմանները, իսկ կոլեկցիաներում առավել մեծ տեղ կգտնեն բազմաֆունկցիոնալ և ժամանակի մեջ կայուն լուծումները։ Ընդհանուր առմամբ, գալիք տարվա հիմնական թիրախներից մեկը կլինի բրենդի ներսում կայունության և ինքնության շարունակական զարգացումը։