Կամ մեզ հետ
+374 (55) 81-01-01
Յունիքորն բիզնես կենտրոն, Մարո Մարգարյան 2/4, Երևան
Տնտեսական

Սուրճի բաժակից մինչև համաշխարհային շուկա․ Ինչպե՞ս է սուրճի գինը ձևավորվում Հայաստանում

article image
Տնտեսական
Հեղինակ
no img
Հայ Գործարարների Ասոցիացիա
15.08.2025

Սուրճը Հայաստանում պարզապես ըմպելիք չէ: Այն և՛ արարողակարգ է, և՛ կենսական պահանջ, և՛ աճող տնտեսական ոլորտ։ Յուրաքանչյուր բաժակ սուրճի ետևում թաքնված է համաշխարհային առևտրի բարդ ցանց, գների փոփոխվող միտում և սպառողական վարքի զարգացում։


2024 թ․-ի դրությամբ Հայաստան ներկրվել է շուրջ 12608 տոննա սուրճ (մոտ 60566 հզ․ դոլլար արժողությամբ), որից արտահանվել է միայն 2403 տոննան, ինչն արդեն իսկ ցույց է տալիս սուրճի բարձր պահանջարկը։ Դրան զուգահեռ տարեցտարի զգալի են սուրճի գնային տատանումները։


Ինչպես ցուցադրված է գծապատկեր 1–ում, սուրճը Հայաստանում վերջին վեց տարիների ընթացքում թանկացել է մոտ 1800 դրամով, ընդ որում, խիստ թանկացումներ նկատվել են մինչև 2023 թ․–ը (2021 թ․–ի համեմատ շուրջ 30% գնաճ), որից հետո տատանումները համեմատաբար կայուն են։


Գծապատկեր 1․ Սուրճի մանրածախ միջին գինն`ըստ տարիների



Աղբյուր։ ARMSTAT, ՀՀսոցիալ-տնտեսական վիճակըՀավելված 2․ Հետաքրքրաշարժ վիճակագրություն, 2020-2025թթ․, հունվար - դեկտեմբեր


Սուրճի արժեքի տատանումները Հայաստանում, ինչպես ամբողջ աշխարհում, ուղղակիորեն կապված են համաշխարհային տնտեսական տատանումների հետ՝ պայմանավորված լինելով թե՛ կլիմայական պայմանների վատթարացմամբ,և թե՛ սուրճի աճող պահանջարկով։ Այս հանգամանքների ազդեցությամբ ապագայում հնարավոր են նոր թանկացումներ։


Անդրադառնալով կլիմայական պայմաններին, հատկապես կարևոր է նշել Բրազիլիայում տեղի ունեցող բնական աղետների ազդեցությունը։


Չնայած նրա, որ դեպի Հայաստան սուրճի ներկրման առաջատար երկրների կազմում 2024թ․-ի դրությամբ Բրազիլիան գտնվում է միայն չորրորդ հորիզոնականում (առաջին տեղում է Ինդոնեզիան` 7445.86 տոննա ներկրմամբ, երկրորդ տեղում՝ Վիետնամը՝ 2180․01 տոննա, երրորդ տեղում՝ Հնդկաստանը՝ 725.254 տոննա, և չորրորդ տեղում Բրազիլիան՝ 544․928 տոննա), այնտեղ տեղի ունեցող բնական աղետները կարողեն զգալի ազդեցություն ունենալ Հայաստանում սուրճի գնագոյացման վրա։


Բրազիլիան «Արաբիկա» տեսակի սուրճի արտադրման խոշորագույն երկիրն է։ 2021 թ․–ի դրությամբ, այն ապահովել է աշխարհում սուրճի արտադրության շուրջ 40%–ը։ Ավելին, արտահանման ցուցանիշներով այն նույնպես առաջատարն է, ապահովում է համաշխարհային արտահանման ծավալների մոտ 19%–ը)։


Սակայն վերջին տասնամյակների ընթացքում Բրազիլիան բախվել է լրջագույն երաշտների, ինչը որոշ տարածաշրջաններում բերքատվությունը կրճատել է ընդհուպ մինչև երկու երրորդով՝ հանգեցնելով սուրճի գնաճի։ Դեռևս 2021 թ․–ից այստեղ նկատվել են կլիմայական խնդիրներ, անտառները նվազել են մոտ 25%–ով։ Այս միտումը շարունակվել է մինչև վերջին տարիները, արտահայտվելով տարբեր աղետներով, ինչպիսիք են հրդեհները և ջրհեղեղները։


Նույն կլիմայական աղետներին 2024 թ․–ին բախվել են նաև Ինդոնեզիան և Վիետնամը,որտեղնկատվել են երաշտներ, ջրհեղեղներ և սողանքներ։


Եթե համեմատենք այս աղետների ժամանակագրությունը Հայաստանում սուրճի գնաճի հետ, ապա Հայաստանում գները նույնպես 2021թ․–ից կտրուկ աճել են։ Գների նմանատիպ թռիչք նկատվում է նաև 2024թ․–ից հետո, երբ Բրազիլիայում կրկին բնական աղետներ են դիտարկվել։


Հայաստանում գների այս տատանումները համահունչ են աշխարհում սուրճի գների փոփոխությանը։ Երբ համեմատում ենք աշխարհում գների տատանման վիճակագրությունը վերջին 64 տարիներին, նկատում ենք կտրուկ աճ 1975թ․–ից հետո, որի պատճառը 1975թ․–ին Բրազիլիայում տեղի ունեցած ուժեղ ցրտահարությունն էր։ Նմանատիպ միտում նկատվում է նաև 2021թ․–ից սկսած։


Գծապատկեր 2․ Սուրճի միջինացված գինն աշխարհում (ԱՄՆ դոլլար/կգ)՝ ըստ տարիների




Կլիմայական աղետներին զուգահեռ, աշխարհում փոխվում է նաև սուրճի մշակույթը։Ավելանում է դրա պահանջարկը, քանի որ սուրճ ըմպելն այլևս ո՛չ միայն անհրաշեժտություն է, այլ ապրելակերպ, մասնավորապես, երիտասարդների շրջանում։ Անգամ այնպիսի խոշոր երկրներում, ինչպիսին է Չինաստանը, որը երկար տարիներ համարվել է թեյի սպառման հասարակություն, այժմ բավականին տարածված է սուրճի սպառումը։


Ի վերջո, այս ամենին գումարվում են ապրանքափոխադրման լոգիստիկան և ուշացումները, որոնք պայմանավորված են աշխարհաքաղաքական անկայունությամբ։ Սրանք ո՛չ միայն դանդաղեցնում են մատակարարումները, այլև համաշխարհային մակարդակով բարձրացնում բեռնափոխադրումների ծախսերը։


Այսպիսով, սուրճի համաշխարհային շուկայում տեղի ունեցող փոփոխությունները՝ պայմանավորված կլիմայական, տնտեսական և սոցիալական գործոններով, ուղղակիորեն անդրադառնում են նաև Հայաստանի շուկայում գների տատանումների վրա։ Առաջիկա տարիներին, գլոբալ մարտահրավերների աճի պայմաններում, սուրճի արտադրության և սպառման ծավալների միջև տարբերությունը կաճի, որի արդյունքում գնային փոփոխություններից չենք կարող խուսափել նաև մենք։