Երևանի բնակչությունը 2025թ․-ի հունվարի 1-ի դրությամբ կազմում է 1 141 300 մարդ, որը Հայաստանի ընդհանուր բնակչության 37․1 %-ն է։ Ըստ այդմ՝ երկրի ընդհանուր տարածքի 0,75% [1] մակերեսին ապրում է բնակչության մեկ երրորդից ավելին։ Բացի այդ՝ նույն տարածքում արտադրվում է երկրի տարեկան արտադրանքի կեսից ավելին։ Սա Երևանի և մարզերի միջև առկա սոցիալ-տնտեսական անհավասարության պատկերի միայն մի մասն է։ Առհասարակ, մայրաքաղաքի և այլ քաղաքների կամ գյուղերի անհամաչափ զարգացման խնդիրը մշտական բնույթ է կրում և արդիական է աշխարհի գրեթե բոլոր երկրներում։ Այն արտահայտվում է բազմաթիվ սոցիալական հնարավորությունների, մասնավորապես՝ որակյալ առողջապահական ծառայությունների, կրթության, ենթակառուցվածքների, սննդի և խմելու ջրի անհավասար հասանելիությամբ և մի շարք այլ հնարավորությունների սահմանափակմամբ։
Ռեսուրսների և հնարավորությունների կենտրոնացումը քաղաքներում, և հատկապես՝ մայրաքաղաքում, առաջացնում է նաև ներքին միգրացիոն գործընթացներ՝ գյուղերից դեպի քաղաքներ, քաղաքներից՝մայրաքաղաք՝ նպաստելով ռեսուրսների ու հնարավորությունների էլ ավելի կենտրոնացմանն ու անհավասարության խորացմանը։ Սա փակ շղթա է, որն արտահայտվում է ուրբանիզացման մակարդակի աճով ու գյուղական և քաղաքային բնակչության կենսամակարդակի զգալի տարբերությամբ։ Նշենք, որ Հայաստանի քաղաքների մեծամասնությունում 2011-2022թթ․ ընթացքում բնակչության թվաքանակը նվազել է: Նշված ժամանակահատվածում աճ է գրանցվել միայն 9 քաղաքներում, որոնցից 1,000 և ավելի մարդու աճ դիտվել է միայն Չարենցավանում (+1,700 մարդ), Հրազդանում (+2,300 մարդ), Աբովյանում (+2,900 մարդ) և Երևանում (+26,600 մարդ)։ Այս խնդիրը հատկապես կարևոր է Հայաստանի առջև ծառացած ռազմական սպառնալիքների համատեքստում։
Բացի այդ՝ որպես կանոն, համեմատաբար աղքատ տարածաշրջանների բնակչությունը սովորաբար զբաղված է գյուղատնտեսությամբ կամ արդյունաբերությամբ, որոնք չունեն այնպիսի բարձր արտադրողականություն, ինչպիսիք են, օրինակ՝ ֆինանսները կամ տեղեկատվական տեխնոլոգիաները, ինչը ևս նպաստում է անհավասարության խորացմանը։ Համաշխարհային բանկի գնահատմամբ՝ Հայաստանում տարածաշրջանային անհավասարությունը բավականին բարձր է, գերազանցում է նաև Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի մի շարք երկրներին ։
Դա արտահայտվում է ոչ միայն բնակչության թվաքանակի բաշխվածությամբ, այլ նաև արտադրական ծավալներով․ 2022թ․ դրությամբ Երևանում ստեղծվել է երկրի տարեկան համախառն արտադրանքի 62%-ը, ընդ որում, արտադրության ծավալների կենտրոնացումն աճում է (2015-2017թթ․-ին այդ ցուցանիշը տատանվել է 54,2-54,5% միջակայքում)։

Արտադրական ծավալների ու զբաղվածների քանակի հարաբերակցությունը ցույց է տալիս, որ գրեթե բոլոր մարզերում համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) արտադրական ծավալներն էապես զիջում են հանրապետական միջին ցուցանիշին։ Բացառություն է հանդիսանում միայն Սյունիքը, որտեղ ՀՆԱ–ն մեկ զբաղվածի հաշվով կազմում է 114․9%:

Սյունիքը ՀՀ մարզերի ցանկում առաջատարն արդյունաբերական արտադրանքի ծավալներով՝ մարզի արդյունաբերական ծավալների ճնշող մեծամասնությունը կազմում է հանքագործական արդյունաբերությունն ու բացահանքերի շահագործումը։ Ըստ 2023թ․-ի տվյալների՝ մարզում արտադրվել է երկրի արդյունաբերության 16,5%-ը, այն պարագայում, երբ ընդհանուր զբաղվածության կառուցվածքում Սյունիքի տեսակարարկշիռը բավականին ցածր է՝ զբաղվածների ընդհանուր թվականակի 4.3%-ն է աշխատում Սյունիքում։ Այս ցուցանիշով մարզն առաջ է անցել միայն Տավուշից (3.4%) և Վայոց Ձորից (1.5%):
Ամփոփելով, նշենք, որ նման անհամաչափ պատկերը մարտահրավեր է երկրի երկարաժամկետ զարգացման և բնակչության բարեկեցության համար։ Տնտեսական աճը Հայաստանում ներառական բնույթ չի կրում, ինչի պատճառով սահմանափակ են թե՛ մարզերի բնակչության, թե՛ երկրի տնտեսական արտադրողականության հնարավորությունները։
Նշենք, որ տնտեսական զարգացման, եկամուտների և հնարավորությունների կենտրոնացման խնդիրները պահանջում են համակարգային բարեփոխումներ։ Ապակենտրոնացման համար առաջին պայմանը տարածաշրջաններում գործարարության խթանումն է, ինչի համար անհրաժեշտ է զարգացնել յուրաքանչյուր տարածաշրջանի մրցակցային առավելությունները, զուգահեռ զարգացնելով նաև մարդկային կապիտալը և ենթակառուցվածքները։ Սոցիալ-տնտեսական զարգացման այս ճեղքվածքի նվազեցումը կրում է ռազմավարական բնույթ, քանի որ առավել բալանսավորված զարգացումը նպաստում է շրջանների տնտեսական ներուժի բացահայտմանն ու իրացմանը՝ միաժամանակ խթանելով մարզերի կենսամակարդակի և ընդհանուր գրավչության աճը։
_________
[1] Նշենք, որ Երևան քաղաքի տարածքը կազմում է 223 կմ 2 տես՝ https://armstat.am/file/doc/99552278.pdf