Կամ մեզ հետ
+374 (55) 81-01-01
Յունիքորն բիզնես կենտրոն, Մարո Մարգարյան 2/4, Երևան
Տնտեսական

Հայաստանի արտահանումը․ ԵՄ և ԵԱՏՄ

article image
Տնտեսական
Հեղինակ
no img
Վիկտորիա Հայրապետյան
ՀՌՀ Տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտի տնտեսագիտության և ֆինանսների ամբիոնի դոցենտ
11.02.2025

Վերջին ամիսներին խիստ արդիական են դարձել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Եվրոպական միության (ԵՄ) երկրների հետ Հայաստանի համագործակցության արդյունավետության համեմատության հետ կապված հարցերը։ Դիտարկենք այդ համագործակցությունն արտաքին առևտրի տեսանկյունից: Հիշեցնենք, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է դարձել 2015 թվականին, որի կազմում են նաև Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։ ԵՄ-ն ներառում է Արևմտյան, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի 27 երկրներ։ ԵՄ-ն և ԵԱՏՄ-ն Հայաստանի նշանակալի առևտրային գործընկերներն են. 2021 թվականին նրանց մասնաբաժինը Հայաստանի արտահանման մեջ գերազանցել է 51%-ը, ընդ որում ԵԱՏՄ երկրներինը՝ 29%, ԵՄ երկրներինը՝ 22%։ Աշխարհաքաղաքական գործոնների ազդեցության արդյունքում 2022–2024թթ․–ին Հայաստանի արտահանման կառուցվածքը զգալիորեն փոխվել է՝ ԵՄ երկրների մասնաբաժինը ՀՀ արտահանման մեջ նվազել է մինչև 5%, իսկ ԵԱՏՄ երկրների մասնաբաժինը աճել է մինչև 44%։ Սակայն, եթե դիտարկենք դեպի այս երկրների խմբեր Հայաստանի արտահանման բացարձակ արժեքը, ապա իրավիճակն այնքան էլ կրիտիկական չէ։ 2015-2024թթ.–ին Հայաստանի արտահանման ծավալը դեպի ԵԱՏՄ երկրների շուկաներ աճել է 13 անգամ, իսկ դեպի ԵՄ երկրներ՝ 1,5 անգամ։


Հաջորդիվ առանձին կանդրադառնանք ապրանքների այն խմբերին, որոնք հայկական ձեռնարկությունների կողմից մատակարարվում են ԵԱՏՄ և ԵՄ երկրների շուկաներին։



Աղյուսակ 1. Հայաստանի արտահանումը

Աղբյուր՝ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների բազա


Հայաստանի արտահանումը դեպի ԵԱՏՄ երկրներ


Հայաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանման հոսքերի հիմնական առանձնահատկությունը դրանց կենտրոնացվածությունն է։ Ընդհանուր արտահանման մինչև 95%-ն ուղղվում է Ռուսաստան, մոտ 3%-ը՝ Բելառուս, մոտ 2%-ը՝ Ղազախստան և մինչև 1%-ը՝ Ղրղզստան։


ԵԱՏՄ երկրների շուկաներ Հայաստանի արտահանման ապրանքային կառուցվածքը վերջին տարիներին էապես փոխվել է։ 2022թ «Էլեկտրական մեքենաներ և սարքավորումներ, տրանսպորտային միջոցներ» խմբում արտահանման ծավալը կտրուկ աճել է՝ 0,054 մլրդ ԱՄՆ դոլարից հասնելով մինչև 1,9 մլրդ ԱՄՆ դոլար, այսինքն 35 անգամ։ Այս աճը պայմանավորված է աշխարհաքաղաքական գործոնների ազդեցությամբ և Ռուսաստանի տնտեսության դեմ կիրառված պատժամիջոցներով։ Ապրանքների նշված խմբին բաժին է ընկել Հայաստանից դեպի ԵԱՏՄ արտահանման ընդհանուր ծավալի կեսից ավելին։


Հայաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանման կառուցվածքում ամենանշանակալի ապրանքային խումբը սննդամթերքի արդյունաբերության ոլորտի արտադրանքն է: Չնայած, որ այս խմբի մասնաբաժինը 2021-2023թթ ընթացքում ընդհանուր արտահանման ծավալում նվազել է 61% -ից մինչև 18%, բացարձակ արժեքով ծավալներն աճել են 508 մլն ԱՄՆ դոլարից մինչև 647 մլն ԱՄՆ դոլար: Այս ապրանքային խմբում հիմնական դիրքերը զբաղեցնում են ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներն ու սննդամթերքը:


Հարկ է նշել նաև թեթև արդյունաբերության արտադրանքի (հատկապես պատրաստի հագուստի) կարևորությունն արտահանման կառուցվածքում։ 2023 թվականին այն կազմել է ընդհանուր արտահանման 8%-ը, 2021 թվականին՝ 13%-ը։ 2021-2023թթ–ին արտահանման ծավալը աճել է 2,7 անգամ՝ 107 մլն ԱՄՆ դոլարից հասնելով 286 մլն ԱՄՆ դոլարի։


Հայկական արտահանման մեջ զգալի տեղ են զբաղեցնում նաև թանկարժեք և կիսաթանկարժեք մետաղների և քարերի մատակարարումները։ Դրանց մասնաբաժինը ՀՀ–ից դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանման մեջ մնացել է նույնը (9-10%)՝ արժեքային ծավալների զգալի աճի պայմաններում․ 81 մլն ԱՄՆ դոլարից մինչև 353 մլն ԱՄՆ դոլար՝ ավելի քան 4 անգամ։


Հարկ է նշել Եվրասիական միության երկրների շուկաներ Հայաստանի արտահանման կառուցվածքի մեջ քիմիական արդյունաբերության արտադրանքի դերի աճը՝ 40 մլն ԱՄՆ դոլարից մինչև 166 մլն ԱՄՆ դոլար, ինչպես նաև սև և գունավոր մետաղներից արտադրանքի դերի աճը՝ 24 մլն ԱՄՆ դոլարից մինչև 170 մլն ԱՄՆ դոլար։


Դիտարկված ապրանքային խմբերը կազմել են 2021-2023թթ․–ի ընդհանուր արտահանման մոտ 99%-ը։


Աղյուսակ 2. Հայաստանի արտահանման ապրանքային կառուցվածքը դեպի ԵԱՏՄ երկրներ, մլն ԱՄՆ դոլար

Կազմվել է Միջազգային Առևտրի Կենտրոնի տվյալների բազայի հիման վրա:


Հայաստանի արտահանումը դեպի ԵՄ երկրներ


Հայաստանի արտահանման աշխարհագրական կառուցվածքը դեպի ԵՄ երկրներ ավելի դիվերսիֆիկացված է, քան դեպի ԵԱՏՄ երկրներ. ԵՄ 6 երկրներին բաժին է ընկնում ընդհանուր արտահանման մինչև 90%-ը՝ Նիդեռլանդներ (2023 թ․–ին ՀՀ–ից դեպի ԵՄ ընդհանուր արտահանման 33%-ը), Բուլղարիա (14%), Բելգիա (13%), Գերմանիա (12%), Իտալիա (9%) և Սլովակիա (6%)։


Հայաստանից դեպի ԵՄ երկրների շուկաներ արտահանման ապրանքային կառուցվածքն ավելի կենտրոնացված է, քան ԵԱՏՄ դեպքում՝ 2021-2023 թթ. Ընթացքում միջինում ամբողջ արտահանման մինչև 73%-ը բաժին է ընկել «Հանքաքարեր, սև և գունավոր մետաղներ, իրեր դրանցից» ապրանքային խմբին։ Միևնույն ժամանակ, ՀՀ արտահանումը դեպի ԵՄ երկրներ ներառում է թեթև արդյունաբերության, սննդամթերքի արդյունաբերության արտադրանք, թանկարժեք և կիսաթանկարժեք մետաղներ և քարեր։



Աղյուսակ 3. Հայաստանի արտահանման ապրանքային կառուցվածքը դեպի ԵՄ երկրներ, մլն ԱՄՆ դոլար


Հայաստանից արտահանումը դեպի Նիդեռլանդներ խիստ կենտրոնացված է. 2023 թվականին սև մետաղները (ֆերոմոլիբդեն) կազմել են արտահանման ընդհանուր ծավալի 88%-ը։ Այս ապրանքային խմբի արտահանումը դեպի Բուլղարիա ներառում էր պղնձի հանքաքարեր և խտանյութեր (97%): Հայկական ձեռնարկությունները Բելգիա են մատակարարում ցինկի և մոլիբդենի հանքաքարեր և խտանյութեր (ընդհանուր արտահանման 67%-ը), ինչպես նաև ադամանդ (22%)։ «Տրիկոտաժե հագուստ և հագուստի պարագաներ, բացի մեքենայական կամ ձեռքի գործվածքով» ապրանքախմբի արտահանման ընդհանուր ծավալի մոտ 53%-ը մատակարարվում է Գերմանիայի, Իտալիայի և Սլովակիայի շուկաներ (44%-ը՝ ռուսական շուկա): ԵՄ շուկան (Գերմանիա, Լեհաստան, Նիդեռլանդներ, Իսպանիա, Իտալիա) Հայաստանի համար մեծ նշանակություն ունի ալյումինե փայլաթիթեղի մատակարարումների առումով՝ ամբողջ արտահանման մինչև 97%-ը։





Աղյուսակ 4. Հայաստանի արտահանման ապրանքային կառուցվածքը դեպի ԵՄ որոշ երկրներ, մլն ԱՄՆ դոլար

Կազմվել է Միջազգային Առևտրի Կենտրոնի տվյալների բազայի հիման վրա:


«GSP+»–ի կիրառման ազդեցությունը դեպի ԵՄ երկրներ Հայաստանի արտահանման վրա

ԵՄ արտոնությունների ընդհանրացված համակարգը (Generalised Scheme of Preferences, GSP) նպատակ ունի պարզեցնել ապրանքների ներմուծումը ԵՄ՝ միջինից ցածր եկամուտ ունեցող, ցածր եկամուտ ունեցող և թույլ զարգացած երկրներից (ըստ Համաշխարհային բանկի կողմից մշակված երկրների դասակարգման): GSP+-ի ներդրման հիմնական նպատակներն են աղքատության նվազեցումը և կայուն զարգացման ապահովումը: «GSP+»-ի շրջանակներում, շահառու երկրի զարգացման մակարդակից ելնելով, առանձնացվում են սակագնային արտոնությունների և պարտավորությունների երեք մակարդակ. ԵՄ ներմուծվող ապրանքատեսակների սակագնային դիրքերի 66%-ի նվազեցում, մարդու իրավունքների, աշխատանքի, արդյունավետ կառավարման և կայուն զարգացման ոլորտում և այլ կոնվենցիաների կատարման պարագայում զրոյական տուրքերի կիրառում սակագնային դիրքերի 66%-ի համար, բոլոր ապրանքների, բացառությամբ զենքի, անմաքս ներմուծում ԵՄ երկրների շուկաներ ամենաքիչ զարգացած երկրներից։


Հայաստանը ստացել է GSP+ կարգավիճակ 2009 թ․–ին, երբ դասակարգվում էր որպես միջինից ցածր եկամուտ ունեցող երկիր և վավերացրել էր մարդու իրավունքների, աշխատանքի չափանիշների, շրջակա միջավայրի պաշտպանության և արդյունավետ կառավարման վերաբերյալ բոլոր 27 հիմնական միջազգային կոնվենցիաները: 2018 թ․–ից Հայաստանը համարվում է մեկ շնչին բաժին ընկնող միջինից բարձր եկամուտ ունեցող երկիր (2022թ.՝ 5960 ԱՄՆ դոլար), ուստի 2022թ.–ին Հայաստանը հեռացվել է GSP+-ի շահառուների ցանկից։ Հեռացումն իրականացվել է մեկ տարվա անցումային շրջանից հետո, որը թույլ տվեց կառավարությանը և տնտեսական գործակալներին հարմարվել երկրի վերանայված կարգավիճակին: Այդ ժամանակից ի վեր Հայաստանի արտահանումը ԵՄ իրականացվում է Առևտրի համաշխարհային կազմակերպության համաձայնեցված առավել բարենպաստ երկրների սակագների համաձայն։


GSP+-ին Հայաստանի մասնակցության ընթացքում արտոնությունների կիրառման մակարդակը եղել է բարձր և կազմել է 96-98%: Հիմնական ապրանքային խմբերը, որոնց ներմուծման համար արտոնություններ են կիրառվել 2021 թ․–ին, ներառում են «Երկաթ և պողպատ» (ներմուծման ծավալը 150 մլն եվրո), «Հիմնական մետաղներ» (73 մլն եվրո), «Սննդամթերքի արդյունաբերության արտադրանք» (5 մլն եվրո), «Ճշգրիտ գործիքներ» (1 մլն եվրո), «Ծխախոտային արտադրանք» (1 մլն եվրո) և այլ ապրանքներ (3 մլն եվրո):


Ինչպես ցույց են տալիս վերը ներկայացված տվյալները (տե՛ս աղյուսակ 1), Հայաստանից դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է նույնիսկ GSP+–ի շահառուների ցանկից ՀՀ-ի հեռացումից հետո։


Եվրասիական տնտեսական միությանը անդամակցության ազդեցությունը Հայաստանի արտահանման վրա


ԵԱՏՄ-ի շրջանակներում ապահովվում է ապրանքների, ծառայությունների, աշխատուժի և կապիտալի ազատ տեղաշարժը, ինչպես նաև համակարգված, համաձայնեցված կամ միասնական քաղաքականության իրականացումը տնտեսական ոլորտներում։ 2015 թ․–ին ԵԱՏՄ-ի հիմնադրումից ի վեր տարածաշրջանում և աշխարհում տեղի են ունեցել մի քանի ճգնաժամեր, որոնք իրենց ազդեցությունն են թողել Հայաստանի տնտեսության վրա։ Ռուսաստանի արժութային ճգնաժամի հետևանքով 2014-2015թթ․–ինռուսական ռուբլին արժեզրկվեց հայկական դրամի նկատմամբ, ինչը հանգեցրեց ռուսական շուկայում հայկական ապրանքների գնի բարձրացման։ COVID-19 համավարակը հանգեցրեց միջազգային առևտրի ծավալների նվազմանը 2020թ․–ին, ներառյալ ՀՀ արտահանումը։ 2022թ․–ինհամաշխարհային և տարածաշրջանային աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխությունների արդյունքում զգալի թվով երկրներ կիրառեցին տնտեսական պատժամիջոցներ՝ սահմանափակելով արտաքին առևտրի հոսքերը։ Սակայն, չնայած թվարկված գործոններին, 2015-2024թթ․–ին Հայաստանի արտահանման ծավալները դեպի ԵԱՏՄ երկրներ զգալիորեն աճել են. 2015-2024թթ․–ին աճը կազմել է 1206%։ Հարկ է նշել, որ աճել են պատրաստի արտադրանքի մատակարարումները. սննդամթերքի արդյունաբերությունը 508 մլն ԱՄՆ դոլարից մինչև 647 մլն ԱՄՆ դոլար, թեթև արդյունաբերությունը 107 մլն ԱՄՆ դոլարից մինչև 286 մլն ԱՄՆ դոլար; ինչը, իհարկե, դրական է ազդում Հայաստանում ներքին արտադրության ընդլայնման և ԵԱՏՄ երկրների շուկաներում այդ ճյուղերի արտադրանքի մրցունակության բարձրացման վրա։ Նաև 2022 թ․–ից Հայաստանը դարձել է Ռուսաստան ապրանքների մատակարարման «հանգույցներից» մեկը։ Վերջին տարիներին Հայաստանի տնտեսական աճի բարձր տեմպերը մեծապես պայմանավորված են արտաքին առևտրի և ՀՀ ներդրումների հոսքերի աճի ազդեցությամբ։


Եզրահանգումներ


Հայաստանի՝ ԵԱՏՄ և ԵՄ արտահանման ապրանքային կառուցվածքի հիմնական տարբերությունը, թերևս, ապրանքների վերամշակման մակարդակն է։ Եվրասիական միության երկրների շուկաներ հայկական արտահանման մեջ առաքումների զգալի մասը կազմում են պատրաստի արտադրանքը. եթե ՀՀ–ից դեպի ԵԱՏՄ արտահանման մեջ հաշվի չառնենք բարձր տեխնոլոգիական ապրանքների վերաարտահանումը, ապա սննդամթերքի արդյունաբերության արտադրանքի բաժինը կկազմի ընդհանուր արտահանման 38%-ը, թեթև արդյունաբերությանը՝ 17%-ը, իսկ քիմիական արդյունաբերությունը՝ 10%-ը։ Հայաստանից դեպի ԵՄ երկրներ արտահանման մեջ գերակշռում է հումքը՝ պղինձամոլիբդենային և այլ հանքաքարեր, սև և գունավոր մետաղներ։


ԵՄ-ն զարգացած երկրների ինտեգրացիոն միավորում է, և հայկական պատրաստի արտադրանքը բավականաչափ մրցունակ չէ նրանց շուկաներում, ինչի հետևանքով Հայաստանից ԵՄ արտահանման մեջ գերակշռում են հումքը կամ ցածր վերամշակմամբ ապրանքները։ ԵԱՏՄ-ն ներառում է զարգացող երկրներ, որոնց տնտեսական կառուցվածքները, ֆինանսատնտեսական մեխանիզմների գործունեության առանձնահատկությունները շատ չեն տարբերվում, ուստի հայկական ձեռնարկությունների արտադրանքը ԵԱՏՄ երկրների շուկաներում առավել մրցունակ և պահանջված է։ 2023թ․–ին թեթև արդյունաբերության արտադրանքը հայկական ձեռնարկությունների կողմից ԵԱՏՄ շուկաներ մատակարարվել է 286 մլն ԱՄՆ դոլար ծավալով, իսկ ԵՄ՝ 138 մլն ԱՄՆ դոլար։ Սննդամթերքի արդյունաբերության արտադրանքը Հայաստանից դեպի ԵԱՏՄ արտահանվել է 647 մլն ԱՄՆ դոլար ծավալով, իսկ ԵՄ՝ 17 մլն ԱՄՆ դոլար։ Ընդհանուր առմամբ, Հայաստանի արտահանման ծավալները 2015-2024թթ․ավելացել է՝ 1,5 մլրդ ԱՄՆ դոլարից հասնելով 13,1 մլրդ ԱՄՆ դոլարի, ինչը, անշուշտ, երկրի տնտեսական զարգացման կարևոր շարժիչ ուժ է:


file
Դուք կարող եք բեռնել այս նյութը