Կամ մեզ հետ
+374 (55) 81-01-01
Յունիքորն բիզնես կենտրոն, Մարո Մարգարյան 2/4, Երևան

Janazyan – հարցազրույց բրենդի հիմնադիր-տնօրեն` Արթուր Ջանազյանի հետ

article image
10.08.2025

«Janazyan»-ը բրենդը կրում է ձեր ազգանունը, ինչը շատ պարտավորեցնող է: Ինչ հիմնական արժեքներ ու սկզբունքներ կնշեք, որ դրված են Ձեր բիզնեսի հիմքում:


- Կարծում եմ՝ բոլորին հայտնի է, որ ես նեոնատոլոգ եմ՝ նորածինների բժիշկ։ Դա մասնագիտություն է, որտեղ համադրվում են քնքշանքը, հոգատարությունն ու բժշկական գիտելիքը։ Բժշկությունը այն եզակի խաչմերուկն է, որտեղ հանդիպում են մարդասիրությունն ու գիտությունը։ Հենց այդ սկզբունքն ենք փորձել փոխանցել նաև մեր ապրանքանիշին։ Ցանկացել ենք, որ ծնողը, ձեռք բերելով մեր արտադրանքը, զգա վստահություն ու հոգատարություն։ Որ դա մի բան է, որը հենված է գիտության վրա և ստեղծված է սիրով։


Որպես բժիշկ և բրենդի հիմնադիր՝ ինչպե՞ս եք համատեղում գիտական մոտեցումն ու բիզնես որոշումները։


Բիզնեսն ինձ համար սկզբում միանգամայն նոր և անծանոթ աշխարհ էր։ Գաղափարն ինձ հետ շատ երկար է եղել, բայց հենց բիզնեսի մասին իմացության պակասն էր, որ պահում էր ինձ։ Սակայն շուրջս եղած ընկերները՝ գործարարներ, և հատկապես մեր տեխնոլոգն ընկերներս, օգնեցին հավատալ ու առաջ շարժվել։ Հետագայում ես էլ անցա սեմինարների ու դասընթացների, լրացնելու համար այդ բացը։ Կարծում եմ՝ աստիճանաբար կարողանում եմ հասկանալ բիզնեսի լեզուն և ներգրավվել այս ոլորտում։


Ո՞րն է ձեր թիրախային շուկան՝ միայն հայկական շուկա՞ն, թե՞ կան նաև միջազգային ընդլայնման պլաններ։


- Այո, մենք սկսել ենք հենց Հայաստանից՝ հատկապես Երևանից։ Սակայն արդեն ընդլայնվել ենք դեպի մարզեր և հիմա աշխատում ենք WILDBERRIES մուտք գործելու ուղղությամբ։ Հավանաբար ամսվա վերջում արդեն ներկայացված կլինենք այդ հարթակում։ Դա մեր առաջին քայլն է դեպի արտասահման։ Իսկ հաջորդ տարում ամբողջ ուշադրությունը կուղղենք միջազգային շուկա դուրս գալուն։


Ի՞նչն է առանձնահատուկ ձեր մերսման յուղի, շամպունի և բալզամի բաղադրության մեջ։ Ինչպե՞ս եք ապահովում դրանց անվտանգությունը նորածինների համար։


- Աշխատել ենք երկար՝ սկսած հումքի ընտրությունից մինչև արտադրանքի վերջնական տեսքը։ Ընտրել ենք միայն այն հումքը, որն այսօր միջազգային մակարդակով ամենահետազոտված և անվտանգն է համարվում։ Արտադրությունը համապատասխանեցված է GMP ստանդարտին։ Տարրաներն ընտրել ենք հատուկ՝ HDPE նյութից, որն օգտագործվում է մանկական սննդի և խաղալիքների համար։ Գուցե գույնով կամ տեսքով այն առանձնապես աչքի չընկնի, բայց այն անվտանգ է ջերմային ազդեցության և քիմիական ռեակցիաների տեսանկյունից։ Այս ամենը՝ ստերիլ միջավայրում փաթեթավորվելով, ապահովում է մեր ապրանքների որակն ու անվտանգությունը։


Հաճախ նկատվում է կարծրատիպ՝ իբր բժիշկը չպետք է զբաղվի բիզնեսով։ Ի՞նչ կարծիքի եք նման մոտեցումների մասին։


- Այո՛, եղել են մեկնաբանություններ՝ «բժիշկը բիզնեսով չպետք է զբաղվի», «թողել եք բժշկությունը»։ Մեր հասարակության մեջ դեռ կան որոշ թյուր ընկալումներ։ Օրինակ՝ «քիմիա» ասելով՝ մարդիկ պատկերացնում են վտանգավոր նյութ, կամ «բիզնես» ասելով՝ շատերը պատկերացնում են ոչ ազնիվ գործընթաց։ Այդ պատճառով, երբ բժիշկը հայտնվում է «բիզնեսի» ասպարեզում, շատերի մոտ առաջանում է զգացողություն, թե նա փոխել է իր կոչումը։


Բայց իրականում, թե՛ Եվրոպայում, թե՛ Ամերիկայում բժիշկները հաճախ իրենց կարիերայի ընթացքում անցում են կատարում նոր ոլորտների։ Ոմանք սկսում են բիզնես, ուրիշներն զբաղվում են գինեգործությամբ կամ կրթությամբ։ Իմ դեպքում սա բնական ընթացք էր։ Կարծում եմ՝ նորմալ է կյանքում փոփոխություններ անել՝ պահպանելով սկզբունքներն ու արժեքները։