Կամ մեզ հետ
+374 (55) 81-01-01
Յունիքորն բիզնես կենտրոն, Մարո Մարգարյան 2/4, Երևան

Voskanian Parfume․ հարցազրույց ընկերության հիմնադիր Ծովակ Ոսկանյանի հետ

article image
Հեղինակ
no img
B1 Media
26.12.2025

B1 Media-ն բացառիկ հարցազրույց է ունեցել «Voskanian Parfume» ընկերության հիմնադիր Ծովակ Ոսկանյանի հետ։

___________________________________

Ինչպե՞ս ծնվեց Voskanian Parfume–ի գաղափարը։


Ես մասնագիտությամբ, այսինքն՝ կրթությամբ, տնտեսագետ եմ, միջազգային տնտեսական հարաբերությունների մասնագետ, և ամենևին չեմ պատկերացրել, որ կարող եմ պարֆյումերի կրթություն ստանալ, մանավանդ Հայաստանում, որտեղ ինդուստրիան կարելի է ասել բացակայում է։


Միևնույն ժամանակ ես միշտ պատկերացրել եմ, որ պետք է զբաղվեմ ինչ-որ մի գործունեությամբ, որը հիմնված կլինի ստեղծման և արտադրության վրա։ Ես մանկուց սիրել եմ օծանելիքը և բույրերի նկատմամբ եղել եմ շատ ուշադիր։ Առհասարակ բույրերը իմ աշխարհաճանաչման առանցքային գործոններից են, և երբ մագիստրատուրան ավարտեցի, որոշել էի ինչ-որ մի արտադրական գործունեությամբ զբաղվել։ Առաջին հերթին հենց իմ մտքում ծնվեց օծանելիքի արտադրության գաղափարը, չնայած որ պատկերացում չունեի դրա իրագործման մասին։

image

Voskanian Parfume–ը 2018-ից ի վեր ներկայացված է արդեն 7 երկրում։ Ի՞նչն էր բրենդի միջազգային արագ ճանաչման գլխավոր շարժիչը։


Իրականում միջազգային ճանաչում ձեռք բերելու համար հատուկ գաղտնիք չկա։ Անհրաժեշտ է պարզապես մասնակցել միջազգային հեղինակավոր ցուցահանդեսների, որտեղ արդեն հնարավոր է ծանոթանալ աշխարհում օծանելիքի ոլորտի կարևոր խաղացողների հետ։ Դրանք են տարբեր դիստրիբյուտորներ, խանութների սեփականատերեր, լրագրողներ և այլն, և այնտեղ հիմնականում հնարավոր է ձեռք բերել լայն կապեր։ Միևնույն ժամանակ նախ պետք է բավարարել որևէ մակարդակի, կոնկրետ մակարդակի, որպեսզի կարողանաս ցուցադրվել այդպիսի կարևոր հարթակներում։


Բրենդը պաշտոնապես ներկայացված է Հայաստանում, բնականաբար՝ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Կիպրոսում, Ավստրիայում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում։


Շուկայում, որտեղ շատ բրենդեր օգտագործում են պատրաստի ջեներիկ բույրեր, Դուք ընտրել եք ամենաբարդ ճանապարհը՝ ստեղծել հեղինակային բույրեր։ Ինչպե՞ս եք ընտրում բույրերի բաղադրիչները։


Գիտեք, սովորաբար օծանելիքի բրենդերը միշտ չէ, որ ունենում են իրենց ընկերության ներսում պարֆյումեր, և հաճախ այդ գործը պատվիրակում են այլ ընկերությունների պարֆյումերների, որոնք մասնագիտացված են տվյալ ծառայությունների մատուցման մեջ։ Իմ դեպքում ես ինքս պարֆյումեր եմ և բույրերը ստեղծում եմ ինքս։


Բաղադրիչները հիմնականում միջազգային հեղինակավոր արտադրողների կողմից արտադրված բաղադրիչներ են, որոնք հազարներով առկա են իմ լաբորատորիայում, և կախված ստեղծագործական առաջադրանքից, կախված բույրի գաղափարից, արդեն ընտրվում են որոշակի բաղադրիչներ, որոնք միաձուլվելով տալիս են այն բույրը, որը առկա է մեր պատկերացման տիրույթում։

image

Voskanian Parfume-ը դասակարգվում է որպես բարձր օծանելիքի բրենդ։ Ի՞նչն է Ձեր օծանելիքների բույրերին տալիս այդ բարձր դասի որակն ու ինքնությունը։


Ոսկանյան օծանելիքի առանձնահատկությունը հիմնականում կայանում է նրանում, որ օծանելիքը հեղինակային բնույթ ունի։ Բոլոր բույրերը ստեղծված են հեղինակի կողմից և արտացոլում են հեղինակի անձնական ոգեշնչումները՝ ի տարբերություն շատ բրենդերի, որոնք ուղղորդվում են մարքեթինգային սկզբունքներով, շուկայի պահանջներով և որոշակի սահմանափակումներով։


Voskanian օծանելիքը իր առաջ չի դնում որևէ սահմանափակումներ՝ թե բաղադրիչների ընտրության հարցում՝ արժեքներով պայմանավորված, թե կրեատիվ սկզբունքների առումով։ Այսինքն՝ դա անձնական ոգեշնչումներից ծնված և բյուրեղացած ստեղծագործություն է, այլ ոչ թե շուկայի պահանջներով պայմանավորված։


Ինչպիսի՞ն եք պատկերացնում Voskanian Parfums–ի զարգացումը առաջիկա տարիներին:


Իրականում բրենդի ռազմավարության հիմքում դրա աշխարհագրության ընդլայնումն է և ավելի լայն լսարանի ձեռքբերումը։ Ինչքան էլ որ օծանելիքը ավելի բարձր դասի և հեղինակային է, այսինքն՝ նախատեսված չէ բոլորի համար, այնուամենայնիվ կարիք կա, որ աշխարհի ավելի շատ երկրներում ներկայացված լինի և այդ յուրահատուկ աուդիտորիայից ավելի շատ մարդ ներգրավի, այսպես ասած։