#MadeBy_Arm շարքի շրջանակներում վերջերս Armenian Business Portal-ը վերցրել է էքսկլյուզիվ հարցազրույց "Dream Chocolate" ընկերության համահիմնադիր` Անահիտ Բեյբությանից։
______________________________________
Ինչպե՞ս ծնվեց Dream Chocolate-ի ստեղծման գաղափարը։ Ըստ Ձեզ՝ այսօր Դուք վաճառում եք շոկոլա՞դ, թե՞ զգացմունք։
- Dream Chocolate-ը ստեղծվել է 2020թ.՝ պատերազմի և համավարակի ընթացքում։ Մեր առաջին գրանցումը տեղի է ունեցել հենց այդ դժվարին ժամանակահատվածում՝ Սեպտեմբերի 1-ին։ Գաղափարն իմն էր, բայց գիտեմ, որ շատ փայլուն մտքեր պարզապես մնում են օդում, եթե դրանք չիրագործվեն։ Միայնակ հնարավոր չէ մեծ գործ անել։ Եթե չլիներ ամուսնուս աջակցությունը, այսօր Dream Chocolate-ը չէր լինի այն, ինչ կա։ Այսպիսով, Dream Chocolate-ը դարձավ ընտանեկան բիզնես, որտեղ յուրաքանչյուրիս ներդրումը շատ մեծ է։
Բացի այդ, առանց թիմի աջակցության անհնար կլիներ հասնել այն կետին, որտեղ հիմա ենք։ Ես հպարտ եմ մեր թիմով և խորապես շնորհակալ եմ նրանց։ Ստեղծել մի բան, տքնաջան աշխատել, անքուն գիշերներ անցկացնել ու արդյունք ստանալ՝ մի բան է, բայց առանց թիմի հնարավոր չէ իրագործել մեծ նպատակները։
Այո՛, մենք վաճառում ենք ոչ միայն որակյալ շոկոլադ, այլև զգացմունքներ։ Ինձ համար էմոցիաները շատ կարևոր են, և կարծում եմ, որ մեր հաճախորդները դա զգում են մեր արտադրանքում։
Ինչպե՞ս է Ձեր բրենդը առանձնանում շոկոլադի բարձր մրցակցային շուկայում։
- Մրցակցային շուկան շատ հագեցած է, մենք շատ փոքրիկ բրենդ ենք, բայց կարծում եմ, որ արդեն ունենք մեր ուրույն տեղը։ Մրցակցությունը ես մի փոքր այլ կերպ եմ ընկալում․ ինձ համար այն պարզապես մի խոչընդոտ չէ, այլ նաև խթան՝ ավելի լավը դառնալու համար։
Բոլոր բիզնեսները սկսվում են երազանքից, որն ապա վերածվում է նպատակի։ Ես ամեն օր քայլեր եմ ձեռնարկում մեր բիզնեսի առաջխաղացման ու նպատակների իրագործման համար։ Մրցակիցները նույնպես մարդիկ են, որոնք ունեն ընտանիքներ ու նպատակներ, և ես ուրախանում եմ ոչ միայն մեր, այլև նրանց հաջողություններով։
Dream Chocolate-ի առավելություններից են՝ որակի ու էմոցիայի փոխանցումը։ Մենք պարզապես շոկոլադ չենք արտադրում, այլ փոխանցում ենք սեր ու նվիրվածություն, ինչը հաճախորդն անպայման զգում է։
Կակաոյի գինը ֆոնդային շուկայում շարունակում է հասնել պատմական մաքսիմումների։ Ինչպե՞ս եք ապահովում Dream Chocolate-ի շահութաբերությունն ու մրցունակությունը այս պայմաններում։
- Դժվար հարց է։ Այս պահին մեր ռազմավարությունը կայանում է դիմակայելու մեջ, քանի որ այլընտրանք չկա։ Բիզնեսում ցանկացած ֆորսմաժորային իրավիճակ պետք է դիտարկել որպես նոր մարտահրավեր ու հնարավորություն՝ ապագայի համար։
Մենք փորձում ենք պահպանել գները՝ չզիջելով որակը։ Հույս ունենք, որ շուտով շուկայական կարգավորումներ կլինեն, բայց մեր հիմնական նպատակն այս պահին հնարավորինս կայուն մնալն է։
Որո՞նք են շոկոլադի ոլորտի վերջին թրենդերը, որոնք Ձեզ ամենաշատն են ոգեշնչում։ Եվ ի՞նչ նորույթներ կարելի է սպասել Ձեր բրենդից։
- Վերջին շրջանում Դուբայի շոկոլադը մեծ ճանաչում է ձեռք բերել, և մենք այն ուսումնասիրեցինք մեր՝ Yerevan Fix տարբերակով։ Երբ թողարկեցինք այս շոկոլադը, չէի սպասում, որ այն այդքան մեծ արձագանք կունենա։ Ճիշտ է, Դուբայի շոկոլադը հանրահայտ է, բայց մեր տարբերակը անսպասելիորեն մեծ պահանջարկ ունեցավ։
Մենք մշտապես հետևում ենք նորարարություններին ու մասնակցում տարբեր ցուցահանդեսների (էքսպոների), որպեսզի հասկանանք, թե շուկայում ինչ նոր միտումներ կան։ Ինձ համար սովորելն ու աճելը երբեք չեն դադարում։ Յուրաքանչյուր նոր արտադրանք թողարկելուց առաջ ես պարտադիր վերապատրաստվում եմ՝ լինի դա Հայաստանում, թե արտերկրում։
Արդյո՞ք պլաններ ունեք Dream Chocolate-ի արտահանման և միջազգային շուկայում ընդլայնման համար։
- Այո, իհարկե։ Սկզբից ի վեր ինձ համար կարևոր էր արտահանումը։ Հպարտությամբ կարող եմ ասել, որ Dream Chocolate-ն արդեն ներկայացված է միջազգային շուկայում։ Մեզ համար առաջնայինը որակն է, և ինչ էլ որ լինի, մենք չենք պատրաստվում փոխզիջման գնալ դրա հարցում։
Այս պահին մեր շոկոլադն արտահանվում է Ռուսաստան, ԱՄՆ և Փարիզ։ Սակայն մենք շատ ավելի մեծ նպատակներ ունենք, որոնց, հուսամ, քայլ առ քայլ կհասնենք։
Ի՞նչ հեռանկարներ եք տեսնում Dream Chocolate-ի համար առաջիկա տարիներին։
- Մեր ամենամեծ նպատակներից մեկը նոր գործարան տեղափոխվելն է, որը, հուսով եմ, կիրականացնենք արդեն այս տարի։
Ապագայի հեռանկարներում նաև խանութ-սրճարանի բացումն է։ Դա մեզ համար կլինի նոր փուլ, որտեղ հաճախորդները ոչ միայն կկարողանան վայելել մեր շոկոլադը, այլև զգալ Dream Chocolate-ի մթնոլորտը։