Ինչպե՞ս ծնվեց RepLika խոսքի վարպետության դպրոցի գաղափարը։
- Գաղափարը ծնվեց ոչ թե ինձնից, այլ էդ դպրոցի հաճախորդներից՝ բոլոր նրանցից, ովքեր դրա կարիքն ունեին։ Շատ երկար ժամանակ ինձ դիմում էին էդ հարցով, խնդրում էին օգնել, անել սա, անել դա, պատրաստել, տեքստ գրել։ Մեկի մոտ սա չէր ստացվում, մյուսի մոտ՝ էն, ու աստիճանաբար էդ մարդկանց թիվն այնքան շատացավ, որ ես հասկացա՝ արդեն ժամանակն է դրան դպրոցի տեսք տալ։
Ինչպե՞ս կսահմանեք գրագետ և վստահ խոսքը։
- Գրագետ և վստահ խոսքը կարելի է սահմանել մեկ բառով՝ ազդեցիկ։
Ովքե՞ր են հիմնականում դիմում Ձեզ և ի՞նչ խնդիրներ են ցանկանում լուծել` խոսքի և ձայնի հետ կապված։
- Գրագետ և վստահ խոսքը կարելի է սահմանել մեկ բառով՝ ազդեցիկ։ Մեզ դիմում են տարբեր մասնագիտությունների մարդիկ՝ բոլոր նրանք, ովքեր այսօր ներկայանում են սոցիալական ցանցերում, մասնակցում են կոնֆերանսների, սեմինարների, ժողովների կամ իրենց մասնագիտությունից ելնելով՝ պետք է կարողանան ճիշտ դրսևորվել։ Իսկ ժամանակակից աշխարհում դա, կարելի է ասել, գրեթե բոլորն են։
Հրապարակային ելույթը շատերի համար բարդ է։ Ինչպե՞ս եք օգնում մարդկանց հաղթահարել վախը և ձեռք բերել վստահություն բեմում։
- Դրա համար կան տեխնիկական և հոգեբանական միջոցներ։ Նախ և առաջ պետք է յուրացնել տեխնիկան՝ ճիշտ շնչել, մարզել արտասանական ապարատը, այնպես անել, որ լեզուն ենթարկվի ձեզ։ Դրա համար կան հատուկ վարժություններ։
Երկրորդ մասը հոգեբանականն է։ Առաջին հերթին պետք է օգնել մարդուն հավատալ, որ ինքը կարող է։ Եվ ոչ միայն կարող է, այլ իր մոտ դա կարող է գերազանց ստացվել։
Ի՞նչ դեր ունի ձայնը մարդու մասնագիտական և անձնական հաջողության մեջ։
- Ձայնը, խոսքը և արտահայտչական միջոցները կարող են ճակատագրական նշանակություն ունենալ թե՛ անձնական կյանքում, թե՛ մասնագիտական գործունեության մեջ։
Ավելի շատ դիմո՞ւմ են՝ հասկանալու համար, թե ինչ ասել, թե՞ ինչպես ասել։
- Գիտեք, ցանկացած դեպքում պետք է երկուսն էլ յուրացնել, որովհետև դու կարող ես ունենալ հիանալի բովանդակություն, բայց այն փչացնել՝ չկարողանալով ճիշտ ներկայացնել կամ հասցնել լսարանին։ Եվ ճիշտ հակառակը՝ կարող ես հիանալի հռետոր լինել, բայց բովանդակությունը բավարար չլինի ազդեցություն թողնելու կամ հիշվելու համար։ Դրա համար մենք միշտ աշխատում ենք երկու ուղղությամբ միաժամանակ՝ ինչ ասել և ինչպես ասել։ Շատ կարևոր է դրանք ճիշտ համադրել, որովհետև մեկը առանց մյուսի չի լինում։