Վերջերս B1 Media-ն վերցրել է էքսկլյուզիվ հարցազրույց "GO Travel" ընկերության հիմնադիր` Լիանա Սահակյանից։
______________________________________
Ինչպե՞ս կբնորոշեք ձեր ընկերության վերաբերմունքը հաճախորդների նկատմամբ։
- Մենք երբեք այս տարիների ընթացքում մեր հաճախորդին մենակ ճանապարհին չենք թողել։ Մեր համար ամենակարևոր հիմքը դա ապահովությունն ու անվտանգությունն է։ Եթե անգամ ինքնաթիռները չեղարկվում են կամ ֆորս-մաժոր իրավիճակներ են լինում, մենք միշտ նրա կողքին ենք։
Մենք հաճախորդին տալիս ենք վստահություն, որովհետև որքան էլ լավ ծառայություն մատուցես, եթե չես ապահովում անվտանգություն, երկար ճանապարհ չես անցնի։
Կարո՞ղ եք նշել արտագնա տուրիզմի վերջին երեք տարիների թոփ 5 ուղղությունները։
- Եթե հաշվի առնենք պահանջարկը և վաճառքները, ապա՝
- Առաջին հորիզոնականում են մեր հայերի ամենասիրած ուղղությունները՝ Եգիպտոսը և ԱՄԷ-ն։
- Երկրորդը՝ Կիպրոսը և Հունաստանը, ընտանեկան հանգստի սիրահարների համար։
- Երրորդը՝ Եվրոպական խոշոր քաղաքները՝ Փարիզ, Հռոմ, Բարսելոնա և Վիեննա։
- Չորրորդը՝ էկզոտիկ ուղղությունները՝ Բալի կղզի, Թայլանդ, Շրի Լանկա և Մալդիվներ, որոնք հարմար են թե՛ ընտանիքների, թե՛ զույգերի համար։
- Հինգերորդը՝ Չեռնոգորիան, որն առանց վիզայի է և վերջին տարիներին մեծ պահանջարկ ունի։ Իսկ վիզա ունեցողների համար կարելի է դիտարկել նաև հարևան Խորվաթիան։
Վերջին տարիներին ի՞նչ միտումներ են նկատվում տուրիզմի ոլորտում։ Ի՞նչ հնարավորություններ եք տեսնում Հայաստանի համար որպես տուրիստական ուղղություն։
- Covid-ից հետո շատ բան է փոխվել․ ճանապարհորդությունը դարձել է մարդկանց համար առաջնահերթություն։ Եթե նախկինում ասում էին՝ «հարմար պահը կգա, կճանապարհորդեմ», հիմա նման պահ չեն սպասում։ Եթե այս պահին կարող են իրենց թույլ տալ մեկնել, ապա ուղղակի գնում են՝ առանց հետաձգելու։
Դրա համար էլ այսօր տոմսերի և փաթեթների մեծ մասը վաճառվում է թռիչքից ընդամենը երկու-երեք օր առաջ։
Հայաստանի ամենամեծ առավելություններից մեկն է մեր հյուրընկալությունը։ Ես եղել եմ աշխարհի տարբեր երկրներում, և կարող եմ վստահ ասել՝ հայերի հյուրընկալությունը լավագույններից է։ Սակայն միայն հյուրընկալությամբ զբոսաշրջիկին գրավելը քիչ է․ պետք է զարգացնել նաև ժամանցի ոլորտը, ենթակառուցվածքները, տրանսպորտային ծառայությունները, հյուրանոցները և զվարճանքի վայրերը։ Այդ դեպքում Հայաստանը լիովին կարող է մրցել միջազգային շուկայի տարբեր երկրների հետ։
Արդյոք պետության և մասնավոր հատվածի համագործակցությունը բավարար է ոլորտը զարգացնելու համար։ Ի՞նչ կփոխեիք։
- Անկեղծ ասեմ՝ այս պահին մասնավոր հատվածը ավելի ակտիվ է գործում, մինչդեռ պետության ներգրավվածությունը մի փոքր թույլ է։ Ես կցանկանայի, որ պետությունը ավելի մեծ մասնակցություն ունենար։
Եթե համադրենք մասնավոր հատվածի փորձը, գիտելիքները և արագությունը՝ պետության ֆինանսական աջակցությամբ, վստահ եմ՝ Հայաստանը կդառնա ոչ միայն տարածաշրջանային, այլև միջազգային շուկայում առաջատար զբոսաշրջային ուղղություններից մեկը։
Կարևոր է ճիշտ համագործակցություն ապահովել պետության և մասնավոր հատվածի միջև։
Ինչպես արդեն նշել եմ, մեր առավելություններից են ոչ միայն հյուրընկալությունը, այլև մեր ջուրը, համեղ ու առողջ սնունդը, արևային կլիման և անկեղծ ժպիտները։ Դրանք մեր այցեքարտն են։