Տարիներ առաջ դժվար էր պատկերացնել, որ մենք կարող ենք մեր ամենօրյա գնումները կատարել տանը, հանրային տրանսպորտում կամ աշխատավայրում՝ ընդամենը մի քանի հպումով։ Այսօր արդեն առանց գնումների առցանց հարթակների գրեթե չենք պատկերացնում մեր առօրյան։ Այդ հարթակների շնորհիվ մենք միանգամից գտնում ենք մեզ անհրաժեշտ ապրանքը, ստուգում դրա գինը, հասանելիությունը և ստացման պայմանները։ Թվում է՝ ամեն ինչ հեշտացել է, սակայն այս «պարզ» գործընթացի հիմքում բարդ ալգորիթմներ, տնտեսական հաշվարկներ, կանխատեսումներ ու լոգիստիկ պլանավորումներ են, որոնք ապահովում են մեր նախընտրած ապրանքի արագ առաքումը մեզ։
Ամերիկայում և Եվրոպայում օնլայն գնումները վաղուց են տարածված եղել, սակայն Հայաստանում այս միտումը զանգվածային բնույթ է ստացել միայն վերջերս, և դրանում իր զգալի ներդրումն ունի Wildberries հարթակը։ Wildberries-ը վերջին հինգ տարիների ընթացքում դարձել է Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ամենաազդեցիկ էլեկտրոնային առևտրի հարթակներից մեկը։ Այն հաճախ անվանում են Ռուսաստանի «Amazon»։ Այսօր այն Ռուսաստանի խոշորագույն վաճառքի կազմակերպություններից մեկն է և զբաղեցնեւմ է ռուսական առցանց շուկայի շուրջ 33%-ը։ Պարզ ասած՝ Ռուսաստանում կատարվող յուրաքանչյուր երկրորդ առցանց գնումն իրականացվում է հենց Wildberries հարթակի միջոցով։
Ինչո՞ւ է հարթակն այդքան գրավիչ, ընդ որում ո՛չ միայն գնորդների, այլ նաև ձեռներեցների համար։
Նախ և առաջ հարթակում գնորդների շարժը բավականին մեծ է, որը բարձր հասանելիություն է ապահովում ձեռներեցներին։ Հարթակում գրանցված գնորդների թիվը ավելի քան 75 միլիոն է, իսկ օրեկան պատվերների քանակը հասնում է շուրջ 20 միլիոնի։
Սակայն Wildberries-ը ուղղղակի օնլայն գնումների խանութ չէ, այն մի ամբողջ շուկայական հարթակ է, որը տեսանելիություն է ապահովում տեղական ձեռներեցներին և օգնում է կազմակերպել վաճառքը։ Վաճառողները այստեղ տեղադրում են իրենց ապրանքները, իսկ հարթակը զբաղվում է վճարումներով, հաճախորդների սպասարկմամբ, անհրաժեշտության դեպքում նաև պահեստավորմամբ։ Այս մոդելը ապահովում է քիչ ներդրումներով շուկա մտնելու հնարավորություններ, ինչի արդյունքում հարթակից օգտվում են ոչ միայն խոշոր բիզնեսները, այլ նաև անհատ ձեռնարկատերերը։
Սրան զուգահեռ հարթակը ունի հեղափոխական առավելություն ճանապարհափոխադրման ոլորտում։ Այն համագործակից երկրներում (Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Ուզբեկստան, Ղրղզստան և Հայաստան) կառուցել է ապրանքների ստացման ավելի քան 55 հազար կետերի ցանց, որոնք հեշտացնում են առաքումները։ Այս ցանցերը սփռված են երկրներում՝ ներառյալ գյուղական փոքր համայնքները։ Այսպիսով Wildberries-ը ապահովում է իր հասանելիությունը թե՛ սպառողների և թե՛ ձեռներեցների լայն շերտի համար։
Ի վերջո, Wildberries-ը ապահովում է նաև վերլուծական գործիքներ, որոնց միջոցով վաճառողները կարող են հետևել իրենց եկամուտներին, վաճառքի հաճախականությանը և սպառողների վարքագծի փոփոխություններին։
Հենց այս վիճակագրության համաձայն հայտնի է, որ հարթակից օգտվողները հիմնականում 25-45 տարեկան, միջին եկամուտ ունեցող կանայք են, և ամուսնացած կամ երեխաներ ունեցող մարդիկ։ Իսկ ամենապահանջված ապրանքների միջին արժեքը կազմում է 3000-6000 դրամ։
Կազմակերպության ֆինանսական աճը տպավորիչ է․ միայն 2024 թվականին Wildberries–ի զուտ եկամուտը նախորդ տարվա համեմատ աճել է 3,5 անգամ։ Ընդ որում, ընկերությունը շարունակաբար աճում է և նախատեսում է 2026-ին բացել պատվերների վերաբաշխման նոր կենտրոն Ռուսաստանում՝ մոտ 11,5 միլիարդ ռուբլու ներդրմամբ, որը պետք է ապահովի շուրջ 7500 նոր աշխատատեղ։
Հայաստանում Wildberries-ի ներկայությունը նույնպես արագ աճում է։ Միայն 2024 թվականին ապրանքների ստացման կետերի թիվը այստեղ ավելացել է 55%-ով։
Այսպիսով, Wildberries-ը շուկայում պարզապես հերթական առևտրային հարթակը չէ։ Իր մշակված ռազմավարության շնորհիվ հարթակը հասանելի է դարձրել առևտուրը բոլոր զանգվածների համար՝ խթանելով բիզնեսների աճն ու տնտեսական զարգացումը։ Այն դարձել է շարժիչ ուժ, որը շարունակաբար փոխում է առցանց վաճառքի մշակույթը տարբեր երկրներում։