Կամ մեզ հետ
+374 (55) 81-01-01
Յունիքորն բիզնես կենտրոն, Մարո Մարգարյան 2/4, Երևան
Տնտեսական

Բենզինի գների ձևավորումը Հայաստանում

article image
Տնտեսական
Հեղինակ
no img
Հայ Գործարարների Ասոցիացիա
15.02.2026

Հայաստանի Հանրապետությունը՝ որպես ծովային ելք չունեցող պետություն, որը չունի սեփական հանածո վառելիքի արտադրություն, պատմականորեն գտնվում է նավթամթերի շուկայի խոցելի դիրքերում։ Միաժամանակ, էներգետիկ ոլորտը, մասնավորապես բենզինի շուկան, հանդիսանում է տնտեսության կենսական առանցքը, որտեղ պահանջարկի աճի հիմնական շարժիչ ուժերից մեկն է տրանսպորտային սպառումը։


Տասնամյակներ շարունակ ՀՀ–ն կախված է եղել Վրաստանի տարածքով անցնող նեղ տարանցիկ միջանցքից, որով ներմուծվել են ռուսական և եվրոպական վերամշակված նավթամթերքները։ Այս կախվածությունը ձևավորել է շուկա, որը բնութագրվել է բարձր մանրածախ գներով և մենաշնորհային վերահսկողությամբ։


Սակայն բենզինի սպառողական գները կախված են ոչ միայն շուկայի կառուցվածքից և մենաշնորհային գործոններից, այլև լոգիստիկ ուղիներից և բենզինի համաշխարհային գներից։ Քանի որ Հայաստանի էներգետիկ համակարգը շարունակում է մնալ արտաքին մատակարարներից չափազանց բարձր կախվածության մեջ՝ ներմուծելով բոլոր տեսակի վերամշակված նավթամթերքները, այս հանգամանքը տնտեսությունը դարձնում է խիստ զգայուն համաշխարհային էներգետիկ գների տատանումների և տարածաշրջանային լոգիստիկ խափանումների նկատմամբ։


Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2024թ․-ին Հայաստան ներմուծված նավթամթերքների հիմնական աղբյուրը եղել է Ռուսաստանի Դաշնությունը։ Ռուսաստանից ներմուծումները առանձնահատուկ կարևորություն ունեն ՀՀ–ում վառելիքի շուկայի համար, քանի որ պատմականորեն Հայաստանը նավթամթերքների շուրջ 60%-ը ստացել է հենց այդ երկրից։ Չնայած մատակարարումների հարաբերական կայունությանը՝ վերջին տարիներին սպառողի համար գները զգալիորեն աճել են։ Սա հիմնականում պայմանավորված է Ռուսաստանում մատակարարման պակասով, Վրաստանի տարածքով տարանցման ծախսերի աճով և գործող տարանցիկ մոդելի «լոգիստիկ հարկով», որը ներառում է փոխադրում Վրաստանի տարածքով (ըստ հետազոտությունների՝ Հայաստանը Վրաստանի տարածքով մեկ տոննա վառելիքի տարանցման համար վճարում է մոտավորապես 0.5 ԱՄՆ դոլար մեկ կիլոմետրի հաշվով), և հաճախ փակվող Լարսի լեռնանցքով։


Եթե համեմատենք վերջին տարիներ բենզինի գների տատանումները շուկայում, ապա կնկատենք, որ կտրուկ տատանումներ նկատվել են 2020թ․-ին, 2022թ․-ին և 2024թ․-ին։



Գծապատկեր 1․ Բենզինի գնի տատանումները ՀՀ–ում 2019-2025 թվականներին

Աղբյուր․ Արմստատ, Հետաքրքրաշարժ վիճակագրություն 2019-2025


Պետք է հաշվի առնել, որ համաշխարհային շուկայում նույնպես արձանագրվել է գների աճի համընդհանուր միտում։ Մասնավորապես, 2022–2023 թվականներից բենզինի գները սկսել են տատանվել 1.25–1.35 ԱՄՆ դոլարի սահմաններում մեկ լիտրի համար, մինչդեռ մինչ այդ գինը տատանվում էր մեկ դոլարի շուրջ։ Այս թվացյալ փոքր փոփոխությունը իրականում նշանակում է 77–116 դրամ թանկացում մեկ լիտրի հաշվով, ինչը՝ գումարվելով լոգիստիկ ծախսերին, էապես փոխում է ներքին շուկայում ձևավորվող վերջնական գները։


Եթե այս համատեքստում դիտարկենք 2025 թվականի ավարտին և 2026 թվականին ՀՀ ներմուծված ադրբեջանական բենզինի գինը (2026 թվականին հունվարին Հայաստան ներմուծված ադրբեջանական բենզինի ծավալը հասել է 6,100 տոննայի, իսկ գինը դեռևս միջինում 430 դրամ), ապա վերջին երկու տարիների համեմատությամբ այն ավելի մատչելի է (մոտ 19%-ով համեմատելով 430 դրամը 530–ի հետ)։ Սակայն պատմական տվյալները ցույց են գալիս (տե՛ս գծապատկեր 1), որ գնի նման ցածր մակարդակներ Հայաստանում գրանցվել են նաև մինչև 2023 թվականը։ Ադրբեջանական բենզինի ներմուծման դեպքում ծախսերի հետագա նվազեցումը կարող է պայմանավորված լինել Երասխ–Ջուլֆա–Մեղրի–Հորադիզ երկաթուղային երթուղու վերականգնմամբ, որը կապահովի ուղիղ երկաթուղային ելք դեպի Կասպից ծով և Իրանի սահման։ Սակայն, այս հանգամանքը չի բացառում համաշխարհային շուկայում բենզինի հնարավոր հետագա թանկացումները, որոնք կարող են կրկին հանգեցնել ներքին շուկայում գների աճի։ Մի շարք փորձագետներ նույնպես նշում են, որ այս փուլում Ադրբեջանի հետ տնտեսական հարաբերությունները դեռևս բարդ է համարել լիարժեք հուսալի և ընդլայնվող մատակարարման աղբյուր, քանի որ արտաքին գործոնների ազդեցության դեպքում այս մատակարարման ուղղությունը կարող է տնտեսական առումով դառնալ պակաս շահավետ։


Պետք է հաշվի առնել, որ Ադրբեջանը դեռևս սահմանափակ քանակությամբ է արտահանում պրեմիում դասի բենզին, քանի որ դրա արտադրությունը սկսել է 2025 թվականին և դեռևս չի բավարարում երկրի ներքին պահանջարկը։ Սա կարող է հնարավոր ռիկս հանդիսանալ հետագա գնագոյացման տեսանկյունից։ Դրան զուգահեռ, եթե համեմատենք ռեգուլյար բենզինի և դիզել վառելիքի գները Ադրբեջանում և այլ երկրներում (մասնավորապես տարածաշրջանի համար ռազմավարական է Ռուսաստանի, Իրանի և ԱՄՆ–ի գների համեմատությունը), կտեսնենք, որ վերջին տարում ադրբեջանական և ռուսական բենզինի գները համահարթվել են, իսկ մինչև 2022 թվականի աշխարհ–քաղաքական դեպքերը, բավականին մոտ են եղել իրար։ Ավելին, այս համեմատության մեջ իրանական բենզինի գները ամենակայունն են և ցածրը (տե՛ս գծապատկեր 2)։



Գծապատկեր 2․ Ռեգուլյար բենիզնի գները 2019-2025 թվականներին․ Իրան, ՌԴ, ԱՄՆ, Ադրբեջան[1]

Աղբյուրը՝ Համաշխարհային բանկի՝ «Վառելիքի համաշխարհային գների» տվյալադարան


Ինչ վերաբերում է դիզելային վառելիքի գներին, ապա ադրբեջանական վառելիքի գները հարաբերականորեն ավելի ցածր են քան ռուսականը, սակայն վերջին տարում տարբերությունը բավականին փոքրացել է։ Նվազագույն գների տեսանկյունից, կրկին, առաջատարը մնում է հարևան Իրանը (Իրանի վերաբերյալ տվյալների առկայությունը՝ 2022 թվականից, տե՛ս գծապատկեր 3)։


Գծապատկեր 3․ Դիզել վառելիքի գները 2019-2025 թվականներին․ Իրան, ՌԴ, ԱՄՆ, Ադրբեջան

Աղբյուրը՝ Համաշխարհային բանկի՝ «Վառելիքի համաշխարհային գների» տվյալադարան


Ընդհանուր առմամբ, կարելի է եզրակացնել, որ ադրբեջանական վառելիքի ներմուծումը կարճաժամկետ հեռանկարում կարող է նպաստել Հայաստանի շուկայում գների հարաբերական կայունացմանը կամ նվազմանը, սակայն այն դեռևս չի կարող դիտարկվել որպես ամբողջությամբ կանխատեսելի և անվտանգ մատակարարման աղբյուր։ Գների ձևավորումը շարունակում է կախված մնալ ինչպես տարածաշրջանային ենթակառուցվածքային զարգացումներից, այնպես էլ համաշխարհային էներգետիկ շուկայի տատանումներից, իսկ տարբեր երկրների գների համեմատությունը ցույց է տալիս, որ մրցակցային առավելությունը կարող է փոփոխվել։


[1] Բենզինի տեսակ՝ Regular Gasoline (below RON 95)