#MadeBy_Arm շարքի շրջանակներում վերջերս Armenian Business Portal-ը վերցրել է էքսկլյուզիվ հարցազրույց "Nissi" ընկերության հիմնադիր` Մարինա Նուշիկյանից։
______________________________________
Այսօր կարելի է ասել, որ Prepa-ն դարձել է առողջ սննդի նորարարական թրենդ։ Ինչպե՞ս ծնվեց այս գաղափարը, և ի՞նչ հիմնարար խնդիր եք փորձել լուծել բիզնեսը ստեղծելիս։
— Ինչպես նշեցիք, ինձ համար շատ կարևոր է, որ բրենդը ընկալվում է որպես «առողջի հիմնադիր»։ Իրականում, բրենդի գաղափարը ծագել էր դեռևս ստեղծումից երկու տարի առաջ՝ 2019 թվականին։ Իմ խիստ գրաֆիկի պայմաններում հասկացա, որ չկա լուծում այն մարդկանց համար, ովքեր ուզում են սնվել միաժամանակ արագ, առողջ և թարմ։ Ճանապարհորդելիս՝ լինելով Եվրոպայում տարբեր երկրներում, նկատեցի, որ այնտեղ նման տարբերակները շատ ու բազմազան են, և հասկացա, որ Հայաստանում նման առաջարկ չկա։ Իսկ եթե դա ինձ համար խնդիր էր, ուրեմն նույն խնդիրը կունենան նաև ուսանողները, աշխատողները, ակտիվ մարդիկ։ Գաղափարը սկզբից շատ մարտահրավերային էր, որովհետև շուկայում առաջինն էինք՝ չկային նման բրենդներ, որոնք կրաֆտ տարաների մեջ առաջարկում էին աղցաններ, բոուլներ։ Բայց ես վստահ էի, որ սա կարող է դառնալ այն բրենդը, որը կբարելավի մարդկանց առօրյան։ Այդպես էլ սկսվեց ստեղծման գործընթացը։
Prepa-ի մենյուն առանձնանում է բազմազանությամբ՝ սկսած բոուլներից մինչև աղանդերներ։ Ինչպե՞ս եք մշակում նոր ուտեստները։
— Մեր նպատակն է չսահմանափակել հաճախորդի ընտրությունը։ Մենք ուզում ենք, որ յուրաքանչյուրը գտնի իր նախընտրած ճաշատեսակը՝ առանց տարիքային կամ ապրելակերպի սահմանափակումների։ Ուտեստների մեծ մասը ստեղծվում է իմ խոհանոցում. սիրում եմ պատրաստել և նախընտրում եմ մենյուում ներառել այնպիսի ուտեստներ, որոնք ինքս կընտրեի։ Հետագայում պրոֆեսիոնալ թիմով՝ շեֆ խոհարար, բարմեն, հրուշակագործ, միասին դրանք դարձնում ենք բալանսավորված և ներկայանալի։ Մեր սկզբունքն է՝ ամենապարզ աղցաններն ու բոուլները դարձնել հետաքրքիր և յուրահատուկ։
Ինչպե՞ս եք ընտրում մթերքների մատակարարներին, և ի՞նչ կերպ եք երաշխավորում որակը։
— Որակը մեզ համար առաջնահերթություն է։ Երբեք չենք ձգտում ներառել ցածրարժեք կամ ցածրորակ մթերքներ։ Մեր բոլոր բաղադրիչներն օգտագործվում են թարմ վիճակում, առանց հավելումների։ Բոլոր սոուսներն ու բաղադրիչները պատրաստվում են հենց մեր արտադրամասում։ Յուրաքանչյուր բաղադրիչի փոփոխության դեպքում ես անձամբ ներկա եմ փորձարկումներին՝ համոզվելու, որ այն համապատասխանում է մեր ստանդարտներին։ Նաև մեծ ուշադրություն ենք դարձնում մատակարարման կայունությանը՝ որակի պահպանումը երաշխավորելու համար։
Ովքե՞ր են ձեր հիմնական հաճախորդները։ Կսահմանե՞ք Ձեր իդեալական հաճախորդի բնութագիրը։
— Մեր բոլոր հաճախորդները իդեալական են։ Մենք չունենք սահմանափակումներ՝ մեր հաճախորդներն են թե՛ երիտասարդները, թե՛ տարեցները։ Մեր բրենդը դիետա չէ, այն ապրելակերպ է՝ բալանսավորված սնվելու և առողջ տարբերակ ընտրելու մասին։ Մեզ վստահում են այն մարդիկ, ովքեր գնահատում են առողջ բաղադրիչները՝ անկախ իրենց գրաֆիկից կամ զբաղվածությունից։
Որպես կին հիմնադիր՝ ի՞նչ դժվարությունների եք բախվել բիզնեսի ստեղծման ճանապարհին, և ինչպե՞ս եք դրանք հաղթահարել։
— Չեմ կարող առանձնացնել կոնկրետ մարտահրավերներ, բայց կին լինելու փաստը բերում է լրացուցիչ բարդություններ։ Երբ սկսեցի, երեխաներս ընդամենը 3 տարեկան էին, ունեմ զույգ տղաներ։ Շուրջ մեկ ամիս չէի կարողանում տուն գնալ՝ այդքան ներգրավված էի աշխատանքներում։ Ամուսնուս, ընտանիքիս աջակցությամբ կարողացա հաղթահարել այդ փուլը։ Սկզբնական շրջանում երբ կինն է ներկայացնում բիզնես, հաճախ լուրջ չեն վերաբերվում, բայց հիմա զգում եմ, որ վերաբերմունքը փոխվում է։ Ամենամեծ մարտահրավերը եղել է work-life balance-ի պահպանումը։ Ես չեմ կարող որևէ բան կիսատ թողնել՝ ամեն տեղ պետք է լինեմ 100%-ով։