Կամ մեզ հետ
+374 (55) 81-01-01
Յունիքորն բիզնես կենտրոն, Մարո Մարգարյան 2/4, Երևան

Dream Sweet – հարցազրույց բրենդի հիմնադիր-տնօրեն` Լաուրա Թորոսյանի հետ

article image
10.08.2025

#MadeBy_Arm շարքի շրջանակներում վերջերս Armenian Business Portal-ը վերցրել է էքսկլյուզիվ հարցազրույց "Dream Sweet" ընկերության հիմնադիր-տնօրեն` Լաուրա Թորոսյանից։

______________________________________

Dream Sweet-ը իր առանձնահատուկ ձեռագրով հասցրել է շատ կարճ ժամանակում ձեռք բերել մեծ ճանաչելիություն։ Ի՞նչ քայլեր եք ձեռնարկել բրենդը ձևավորելու և առաջխաղացնելու համար։


— Իրականում, ամենասկզբում հստակ նպատակ չեմ ունեցել հասնելու նման ճանաչելիության։ Սկսել եմ առանց շաքար տորթերից, ու նպատակս եղել է, որ առանց շաքար տորթերը դառնան Հայաստանում ճանաչելի, ու մարդիկ հասկանան, որ առանց շաքար նույնպես համեղ է։ Բայց իմ պատմությունը սկսվեց բենտո տորթերով։ Բենտո տորթերը ներդնելով հայկական շուկա՝ հասկացա, որ հաճախորդներին հետաքրքրում է ոչ թե առանց շաքար գաղափարը, այլ հենց բենտո տորթ հասկացությունը, որը կարող էր լինել նաև շաքարով։ Սկսեցի ուսումնասիրել, մշակել։ Համատեղում էի բժշկական համալսարանի հետ։ Սկզբում ունեի 1-2 հաճախորդ, ու 1 տարվա ընթացքում ձևավորվեց հստակ հաճախորդային բազա, ովքեր սիրում էին ինձ։ Ես միշտ կիսվել եմ իրենց հետ իմ պատմությամբ, քայլերով՝ ինչպես եմ հասնում նպատակներիս։ Տորթերը միշտ պատրաստել եմ այնպես, ինչպես կցանկանայի, որ ինձ համար պատրաստեն։ Ես հաճախ ասում եմ՝ ինչպես մայիկներն ու տատիկները մեզ համար պատրաստում են, այնպես էլ ես եմ պատրաստում իմ հաճախորդների համար։ Առաջարկել եմ զանազան միջուկներ՝ ոչ միայն 1-2 տարբերակ։ Նույնիսկ փաթեթավորման ամենափոքր դետալը ինձ համար կարևոր է եղել։ Օրինակ՝ գրառումները՝ «այ սիրուն», «ժպտա», «այսօր շատ գեղեցիկ ես»։ Դրանք առաջին իսկ պահից ժպիտ են առաջացնում հաճախորդի դեմքին։ Եվ եկավ մի պահ, երբ բժշկականի և բիզնեսի միջև պետք է ընտրություն կատարեի։ Ընտրությունս, ինչպես տեսնում եք, ընկավ իմ ամենասիրած գործի վրա։ Հասկացա, որ հաճախորդների հետ շփումը, նրանց առիթների մաս կազմելը ինձ համար ավելի կարևոր է։ Յուրաքանչյուրն իր կյանքի ընթացքում գտնում է իր առաքելությունը։ Ես գտա իմը։


Բենտո և մոչի ձևաչափերը դեռ համեմատաբար նոր են հայկական շուկայում։ Ի՞նչն է հանդիսացել նման ձևաչափեր ներդնելու Ձեր մոտիվացիան, և ինչպես է արձագանքել սպառողը։


— Բենտո տորթերը պատրաստում եմ մոտ 2-3 տարի։ Կարող եմ ասել, որ առաջիններից եմ, ով դրանք ներդրեց հայկական շուկայում։ Սկզբում դրանք նույնպես առանց շաքար էին։ Երբ տեսա, որ հաճախորդները սիրեցին փոքրիկ տորթերի ձևաչափը, որոնք իրենց սրտի խոսքը փոխանցելու հնարավորություն են տալիս՝ հասկացա, որ գաղափարը հաջողված է։ Դրանք նաև բյուջետային են՝ ուսանողների, բոլորի համար։ Ինչ վերաբերում է մոչիներին՝ ես միշտ սիրում եմ շուկայում տեսնել նորություն և առանց վախենալու ներդնել այն։ Բաղադրատոմսը վերցնում եմ, ձևափոխում այնքան, մինչև ինձ դուր գա։ Մինչ ներկայացնելը՝ անձամբ եմ ստուգում։ Մոտ 2 ամիս մշակել եմ խմորը, միջուկները, որպեսզի հասնեմ այն իդեալական համին։ Այսօր մոչիները արդեն ներկայացված են ՍԱՍ, Պարմա սուպերմարկետներում ու մեծ պահանջարկ ունեն։


Հարսանեկան տորթերի շուկայում մրցակցությունը շատ մեծ է։ Ինչո՞վ է առանձնանում Dream Sweet-ը այս սեգմենտում։


— Ես մրցակցությունը չեմ դիտարկում որպես մրցակցություն։ Մյուսներին տեսնում եմ որպես գործընկերներ։ Հարսանեկան տորթեր պատրաստում ենք մոտ մեկ տարի։ Հաճախորդները շատ սիրեցին, քանի որ առաջնահերթություն ենք տալիս թարմությանը։ Տորթերը պատրաստվում են նույն օրը, նախորդ օրերի կրեմ չենք օգտագործում։ Բացի այդ, օգտագործում ենք բարձրակարգ հումք։ Անցած տարի մենք սկսեցինք առաջարկել ամբողջական մեծ տորթեր (200, 300, 500 անձի համար)՝ մինիմալիստական դիզայնով։ Դա դարձավ թրենդ։ Մակետների փոխարեն հաճախորդները սկսեցին նախընտրել բնական տարբերակները։ Այս տորթերը հաճախ զարդարում են զույգերը՝ դարձնելով այն մի յուրահատուկ արարողություն։ Եվ հաճելի է, երբ հաջորդ հարսանիքում տեսնում ենք նախորդ զույգին՝ նշանակում է, նրանք խորհուրդ են տվել մեզ։


Օնլայն վաճառքն ու սոցիալական հարթակները ինչպիսի՞ դեր ունեն Dream Sweet-ի բիզնես մոդելում։


— Ըստ ինձ՝ սոց․ հարթակները դարձել են ամենամեծ վաճառքի գործիքը բոլոր ոլորտներում։ Մենք էլ հիմնականում Instagram-ի միջոցով ենք հաղորդակցվում հաճախորդների հետ, ներկայացնում նորույթները և ապրանքատեսականին։ Սոցիալական հարթակների միջոցով հաճախորդները մտնում են կապի մեջ ինձ ու իմ բրենդի հետ։


Ի՞նչ նոր համեր կամ դիզայններ եք պլանավորում ներկայացնել սպառողներին։


— Այո, մոչիների նոր համեր ունենք մշակման փուլում՝ մոտ 3-4 տարբերակ։ Պլանավորում ենք ներկայացնել նաև շատ գեղեցիկ տուփ, որն ըստ ինձ՝ դառնալու է ամենասիրելին նվերների շարքում։ Նոր համերից մեկը լինելու է ձմերուկի՝ շատ ամառային տարբերակ, որը վստահ եմ՝ հիթ է լինելու։ Մնացածը թող մնա որպես անակնկալ։