– Ինչպե՞ս ծնվեց Titernik Accessories բրենդի գաղափարը և ո՞րն է ձեր հիմնական առաքելությունը։
- Թիթեռնիկը ծնվեց երազանքից, որի հիմքում ընկած էր ստեղծել այնպիսի ապրանքանիշ, որը կանանց ու աղջիկներին կփոխանցի ոչ միայն զարդեր կրելու ցանկություն, այլև այն ամբողջ էներգիան ու ոգեշնչումը, որը ես դրել էի և պատրաստվում էի դնել զարդերի բիզնես սկսելու ժամանակ։ Իսկ առաքելությունն այն էր, որ մարդիկ, ովքեր ձեռք կբերեն մեր զարդերը, զգան թիթեռի խորհրդանիշը՝ վերափոխումը, և իրենց նույնպես զգան յուրահատուկ ու տարբերվող։ Նրանք կկարողանան ունենալ զարդեր, որոնք խորհրդանշական են և որոնք կկարողանան նույնացնել իրենց կյանքի որոշակի փուլերի հետ։
Ի՞նչ հիմնական միտումներ են նկատվում համաշխարհային զարդագործության ոլորտում՝ նյութերի, դիզայնի, գնային քաղաքականության առումով։
- Իմ վերլուծությունների և ուսումնասիրությունների հիման վրա կարող եմ ասել, որ այսօր ավելի շատ նկատվում է միտում դեպի էկո- նյութերի և բժշկական մետաղների վերամշակում ու դրանցից զարդերի պատրաստում։ Շատ հետաքրքիր լուծումներ են առաջարկում դիզայներները՝ բնական քարերի ու հասարակ մետաղների համադրությամբ։ Ինչ վերաբերում է ընդհանուր ոճին՝ մինիմալիզմը շարունակում է առաջատար դիրքեր զբաղեցնել, թեև 2024-2025 թվականներին մեծ ու ընդգծված զարդերն էլ մնում են ակտուալ։ Այնուամենայնիվ մինիմալիստական զարդերը դեռ գերակշռում են շուկայում։
Գնային քաղաքականության առումով վստահ կարող եմ ասել, որ ուժեղանում է միջին սեգմենտը․ մարդիկ պատրաստ են ներդրում անել ոչ միայն ազնիվ մետաղից պատրաստված զարդերի մեջ, այլ նաև այն պատճառով, որ ձեռք են բերում ապրանքանիշը, դրա պատմությունը։ Սա էլ հենց մեր գործունեության կարևոր սկզբունքներից մեկն է․ այնպես անել, որ մարդիկ ցանկանան կրել ոչ միայն զարդ, այլ նաև այն պատմությունը, որը մարմնավորված է այդ զարդի մեջ։
Ինչպե՞ս անցում կատարեցիք օնլայն վաճառքներից դեպի ֆիզիկական խանութ, և ինչպիսին էր այդ ճանապարհը։
- Իրականում բավականին բարդ ճանապարհ էր։ Սկսել ամեն ինչ զրոյից․ օնլայն հարթակը շատ լավ միջոց էր գործունեություն ծավալելու համար, բայց մի փուլում հասկացա, որ հաճախորդները ցանկանում են անպայման զգալ ու շոշափել զարդը, համադրել իրենց ունեցածի ու հագուստի հետ։ Դրա համար անհրաժեշտ էր տարածք, որտեղ նրանք կարող էին անձամբ գալ և ընտրել։ Բացի այդ, ինձ համար մեծ հաճույք էր տարիներ շարունակ էկրանից այն կողմ տեսած հաճախորդների հետ արդեն իրական շփումը։ Երբ բացվեցին խանութ-սրահները, այդ կապը ավելի ամրապնդվեց։ Միանշանակ նկատվեց նաև ահռելի աճ վաճառքների մեջ, և օնլայն վաճառքներն էլ ավելացան։
Եթե նկարագրեիք ձեր իդեալական գնորդին (buyer persona), ի՞նչ հիմնական հատկանիշներ կունենար նա։
- Չնայած մենք ունենք նաև տղամարդկանց զարդեր, ինձ համար իդեալական հաճախորդը, այնուամենայնիվ, կին է՝ 18-30 տարեկանում։ Նա կայացած է, թեթև, հստակ գիտի, թե ինչ է ցանկանում։ Նրա համար առաջնայինը ոչ թե հենց զարդն է, այլ այն զգացմունքայնությունն ու էներգիան, որ կա մեր խանութ-սրահում։ Այսօր բացառիկ զարդ ստեղծելը բավականին դժվար է, միշտ կարող են հայտնվել նմանակներ։ Բայց այն էներգիան և ամբողջ պատմությունը, որ ես փոխանցում եմ զարդերի միջոցով, ուզում եմ, որ հաճախորդն էլ զգա։ Նրան պետք է, որ մեր և իր էներգիաները շատ մոտ լինեն իրար, և հենց այդ պատճառով նա ընտրի մեզ։
Ի՞նչ նոր ուղղություններ կամ նախագծեր են նախատեսված մոտ ապագայում։
- Կուզենամ բրենդը զարգացնել ու ընդլայնել Հայաստանի սահմաններից դուրս։ Թիթեռնիկի ապագան տեսնում եմ միջազգային շուկայում։ Կարևոր է, որ հնարավորինս շատ մարդիկ իմանան՝ հնարավոր է զրոյից ստեղծել զարդերի բրենդ և հասցնել նրան բազմաթիրախային հաջողության։ Բացի այդ, ծրագրում ենք խորացնել նաև անհատական զարդերի ուղղությունը։