Կամ մեզ հետ
+374 (55) 81-01-01
Յունիքորն բիզնես կենտրոն, Մարո Մարգարյան 2/4, Երևան

Tina Tevosyan - հարցազրույց գեղեցկության սրահի հիմնադիր-տնօրեն` Թինա Թևոսյանի հետ

article image
Հեղինակ
no img
Armenian Business Portal
02.03.2025

#MadeBy_Arm շարքի շրջանակներում վերջերս Armenian Business Portal-ը վերցրել է էքսկլյուզիվ հարցազրույց "Tina Tevosyan" գեղեցկության սրահի հիմնադիր-տնօրեն` Թինա Թևոսյանի հետ։

________________________________________

Tina Tevosyan բրենդը տարիներ շարունակ ներկայացված է շուկայում և վայելում է հաճախորդների բարձր վստահությունը։ Հայաստանում օրեցօր բացվում և փակվում են տասնյակ գեղեցկության կենտրոններ և դիմահարդարման ստուդիաներ, չկարողանալով կայուն կայուն բիզնես դառնալ։ Ձեր կարծիքով, ի՞նչ հիմնական գործոններ են անհրաժեշտ, որպեսզի նորաբաց սրահը հաջողություն ունենա և երկարաժամկետ գործունեություն ծավալի:


- Մի փոքր նախաբանով սկսեմ։ Մինչ հայտնվելը beauty ոլորտում՝ կարծում էի, որ պետք է դրա ներկայացուցիչ լինել։ Այսինքն՝ մասնագիտական առումով ուղղակի գեղեցկության սրահ բացելն ու հուսալը, որ այն հաջողելու է, իմ կարծիքով, մեծ անկման հավանականություն ունի։


Կարծում եմ՝ ամենակարևոր գործոններից են հմուտ և պրոֆեսիոնալ աշխատակազմը, ինչպես նաև հաճախորդների համար էսթետիկ ու հարմարավետ միջավայրը։ Յուրաքանչյուր բիզնես վարող մարդ ունի իր սեփական մարքեթինգային ռազմավարությունը, և եթե նա ունի հստակ ռազմավարություն, ապա իր քայլերը ևս ավելի հստակ են դառնում։


Եթե ավելի խորությամբ դիտարկենք, ապա ինձ համար շատ կարևոր է գնահատել աշխատակազմը՝ յուրաքանչյուր անդամին, քանի որ հենց այն թիմն է, որը տարիներ շարունակ քո կողքին է և հանդիսանում է քո ուժը։ Մենակ ոչինչ հնարավոր չէ անել։ Ես իմ թիմի հետ քայլում եմ ամուր քայլերով և շնորհակալ եմ նրանց, որ տարիներ շարունակ իմ կողքին են։


Կարծում եմ՝ այս բոլոր գործոնները միասին ամրացնում են beauty ոլորտում հաջողության հասնելու հնարավորությունը։ Մենք արտաքնապես ապահովում ենք հաճախորդների էսթետիկան՝ մեր հմտություններով ու մասնագիտական մոտեցմամբ, բայց ներսի ուժն ու աշխատանքային միջավայրը ևս շատ կարևոր են։ Եթե թիմում չլինի վստահություն, փոխադարձ հարգանք ու աշխատանքի գնահատական, ապա կարծում եմ, որ գեղեցկության սրահի գործունեությունը երկար չի տևի։


Քանի որ նշեցի, որ beauty ոլորտը շատ արագ է զարգանում ամբողջ աշխարհում, պետք է նշել, որ Հայաստանում նույնպես մենք պասիվ չենք։ Անշուշտ, դեռ շատ աշխատելու տեղ կա, բայց կարծում եմ՝ համաշխարհային մակարդակով չենք զիջում։


Ըստ Ձեզ, ո՞րն է այն հիմնական beauty-միտումը, որը կարող է նշանակալի փոփոխություններ բերել ոլորտում առաջիկա տարիներին։


Իրականում beauty ոլորտը գերզարգացում է ապրում, և կարծում եմ, որ այս միտումը շարունակվելու է՝ հատկապես էսթետիկ կոսմետոլոգիայում նոր սարքավորումների զարգացման շնորհիվ։ Մարմնի և դեմքի խնամքը կդառնա ավելի հեշտ ու արդյունավետ նոր տեխնոլոգիաների միջոցով։


Քանի որ մարդիկ ավելի արագ ու հեշտությամբ կկարողանան ճանաչել իրենց մաշկի թերություններն ու առավելությունները՝ ինչպես դեմքի, այնպես էլ մարմնի խնամքի ոլորտում, այս միտումը միայն կամրապնդվի։ Սա, իր հերթին, կհեշտացնի մեր աշխատանքը, որովհետև որքան մարդիկ ունենան առողջ ու գեղեցիկ մաշկ, այնքան խնամքի գործընթացը կլինի պարզ և արդյունավետ։


Համեմատելով Հայաստանի գեղեցկության շուկան տարածաշրջանային և գլոբալ շուկաների հետ՝ որտե՞ղ ծառայություններում ունենք մրցակցային առավելություններ, և որոնցու՞մ դեռ կա զարգացման անհրաժեշտություն։


Կարծում եմ, որ դա տարիների ընթացքում կլուծվի, որպեսզի Հայաստանը նույնպես ունենա իր ուրույն տեղը միջազգային beauty ոլորտում։ Մենք ակտիվ աշխատում ենք այդ ուղղությամբ, և կարող եմ վստահաբար ասել, որ ՀՀ տարածքում beauty ոլորտը գործում է գերակտիվ ռեժիմով և ամուր քայլերով առաջ է գնում։


Վերջին տարիներին միջազգային շատ դիմահարդարներ զարգացնում են իրենց անձնական բրենդները՝ ստեղծելով սեփական կոսմետիկ միջոցների շարք։ Ձեր կարծիքով, արդյո՞ք Հայաստանում շուկան պատրաստ է նման նախաձեռնություններին, և ի՞նչ հնարավորություններ կան տեղական կոսմետիկայի արտադրության համար։


Ինձ համար շատ ողջունելի փաստ է, որ Հայաստանում զարգանում են տեղական բրենդները։ Ես ինքս հաճախ օգտվում եմ դրանցից և կարող եմ սիրով ասել, որ այդ արտադրություններով զբաղվող մարդիկ ինձ համար շատ կարևոր են։ Բացի այդ, իմ սաներից շատերն են ներգրավված այս ոլորտում, ինչի համար շատ ուրախ եմ։


Իմ փորձից կարող եմ ասել, որ հայկական արտադրանքը չի զիջում համաշխարհային բրենդներին։ Կարծում եմ՝ դիմահարդարներից է կախված, թե որքանով կկարողանանք ներկայացնել մեր բրենդները միջազգային ասպարեզում։ Եթե մենք ակտիվորեն օգտագործենք տեղական արտադրանքը, ցուցադրենք մեր սաներին և մարդկանց ցույց տանք, որ այն իսկապես չի զիջում միջազգային կոսմետիկ միջոցներին, ապա մեծ հաջողությունների կհասնենք։


Տարիներ անց հայկական արտադրությունը կզարգանա և չի զիջի համաշխարհային բրենդներին, բայց դրա համար մենք պետք է նպաստենք այս գործընթացին՝ խրախուսելով արտադրող գործարարներին, որպեսզի նրանք վստահորեն զարգացնեն իրենց գործունեությունը։


Ինչպիսի՞ մեկ beauty-խորհուրդ կտաք բոլոր հայ կանանց և աղջիկներիին։


Իրականում ես շատ եմ գնահատում հայ կանանց, որովհետև հեշտ չէ լինել հայ կին՝ միաժամանակ գործարար, լավ մայր ու հոգատար կին։ Ես ցանկանում եմ, որ առօրյա կյանքի դժվարությունները ոչ մի կերպ չազդեն նրանց գեղեցկության վրա։


Կարծում եմ, որ մեր կանայք արդեն իսկ ներսից շատ գեղեցիկ են, և ես ուզում եմ, որ նրանք միշտ պահպանեն իրենց գեղեցկությունը՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին ներդաշնակությամբ։