Արամ, երկար տարիներ է նորաձևության ոլորտում եք․ ո՞րն եք համարում Ձեր կարիերայի գլխավոր շրջադարձային պահը։
- Իմ կարիերայի ընթացքում կարող եմ իմ զարգացման փուլերը բաժանել մի քանի էտապի։ Առաջինը՝ իմ ուսանողական տարիներն են, որտեղ շատ ակտիվ էի և տարբեր միջազգային մրցույթների էի մասնակցում, ինչի շնորհիվ կարողացա ինձ ճանաչելի դարձնել հանրությանը, այսինքն՝ տարբեր մրցույթներում արդյունքներ գրանցելով, տարբեր եթերներում լինելով և իմ մասին, այսպես ասած, հայտարարելով։ Հաջորդ փուլը՝ անհատական ցուցադրություններն են, որտեղ կարողացա ինձ թույլ տալ տարին գոնե մեկ անգամ անհատական տարբեր ցուցադրություններով հանդես գալ Հայաստանում, այսինքն՝ ստեղծել հավաքածուներ լիարժեք և անել ցուցադրություններ, որոնք մինչ օրս կարծում եմ շատ տարբերող են։ Ժամանակ առ ժամանակ, երբ նայում եմ տեսանյութեր կամ լուսանկարներ, հասկանում եմ՝ ինչքան ահռելի աշխատանք է արվել։ Հաջորդ փուլը՝ դա արդեն միջազգային շուկաներ դուրս գալն է, որը հենց այս պահին ենք փորձում անել։ Ինձ համար շատ կարևոր եմ համարում առհասարակ ցանկացած դիզայների ու ցանկացած մասնագիտության մեջ կայուն աճը։ Բայց մեր երկրում կան նաև բարդություններ այս ոլորտում՝ սկսած տարածաշրջանային առումով, վերջացրած նյութերի և տարբեր այլ կոմպոնենտների ձեռքբերումը շատ ավելի դժվար է, քան տարբեր այլ վայրերում։ Դրանով իսկ պայմանավորված՝ մի քիչ դժվար է լինում հայկական նորաձևությունը դեպի ավելի ակտիվ առաջ տանելը։ Չնայած նրան, որ կան կազմակերպություններ, ովքեր աջակցում են, օգնում են, հատկապես վերջին շրջանում շատ ակտիվացած են, ինչը կարծում եմ՝ կտա հնարավորություն հայկական նորաձևությունը ավելի հեշտ առաջ տանելու։
Որո՞նք են Ձեր համար դիզայնի ստեղծման կարևորագույն փուլերը։ Ի՞նչ հիմնական խնդիրներ եք տեսնում այդ գործընթացում։
- Կարծում եմ՝ մեր օրերում ամենաբարդը գաղափարն է, որովհետև ապրում ենք ինֆորմացիոն ժամանակաշրջանում, և շատ-շատ են գործիքակազմերը, որոնք կան մեր օրերում։ Տարբեր սոցիալական հարթակների մարդիկ օգտագործում են ոչ ճիշտ, և այդ հարթակները ազդելով իրենց վրա՝ իրենք անգամ ոչ գիտակցված փորձում են պլագիատ անել՝ այսինքն կրկնօրինակել տարբեր տեղերից։ Ամենաբարդ բանը կարծում եմ՝ այն է, որ կարողանաս նորաձևության մեջ գաղափար դնես, որը դեռ մինչ օրս ասված չէ կամ նոր է մարդկանց աչքին։ Եվ երբ կա այդ գաղափարը, հետո դրա իրագործումը ավելի հեշտ է, իհարկե, երբ ունես ուժեղ թիմ, որովհետև մեր օրերում նաև ունենք այդ խնդիրը՝ մասնագետների, կոնստրուկտորների, դերձակների, որոնք խոչընդոտում են ավելի լավն դառնալուն։
Մինչ օրս կա դերձակների խնդիր, քանզի թե կրթական առումով մեր կրթության համակարգում, թե մարդկային գործոնի առումով՝ բոլորը, չգիտես ինչու, ուզում են դիզայներ դառնալ։ Դա խանգարում է հասկանալ, որ դիզայների գործը թիմային աշխատանք է պահանջում։ Ես հաճախ օրինակ եմ բերում, որ դիզայների մասնագիտությունը նման է դիրժորի մասնագիտությանը։ Այսինքն՝ երբ դու չունես համապատասխան նվագախումբ՝ ջութակ, թավջութակ, տրոմբոն և այլ գործիքներ, որոնք հնչեցնում են երաժշտությունը, դու որքան էլ ձեռքերդ թափահարես, նույն երաժշտությունը չի հնչելու։ Նույն ձև էլ դիզայների աշխատանքն է՝ որքան էլ հետաքրքիր գաղափար ունենաս, եթե չունես դերձակներ, կոնստրուկտորներ կամ տեխնոլոգներ, այդ պրոդուկտը չես կարող կյանքի կոչել։
Արդյոք տեսնո՞ւմ եք հայկական նորաձևության ներուժը միջազգային մեծ բեմերում՝ Paris Fashion Week, Milan Fashion Week և այլն։
- Միանշանակ ունենք։ Արդեն 7 տարի է՝ Milan Fashion Week-ի ընթացքում անցկացվող White միջազգային հարթակում, որը ավելի buyer-ների հարթակ է, այսինքն՝ բիզնես հարթակ, ես փորձել եմ վաճառքներ անել և դուրս գալ միջազգային շուկա։ Պոտենցիալը, որը մենք ունենք, միանշանակ թույլ է տալիս ասել, որ այդ հնարավորությունը կա։ Բայց այդ հնարավորությանը խանգարում են տարբեր խոչընդոտներ՝ ինչպես արդեն ասացի՝ տարածաշրջանային վատ դիրքը, լոգիստիկ առումով, վերջացրած նրանով, որ Եվրոպայի համար մենք նվազագույնը 26 և ավելի տոկոս ավել արժեք ենք ստանում, որովհետև Եվրոպական տնտեսական գոտում չենք, այլ ԵԱՏՄ-ում ենք։ Եվ յուրաքանչյուր եվրոպացի buyer, որը պատրաստ է գնել քո պրոդուկտը, առաջին հերթին նայում է բիզնեսի տեսակետից։ Եվ որքան էլ լավն ու գրագետ արված լինի աշխատանքը, եթե դու մրցակցությունից դուրս ես, դժվարանում ես համոզել։
Եթե վերադառնայիք Ձեր կարիերայի սկիզբ, ի՞նչ խորհուրդ կտայիք երիտասարդ Արամ Նիկոլյանին։
- Գուցե բարձր հնչի, բայց խորհուրդ տալու բան չէի ունենա, որովհետև կարծում եմ՝ լինելով այս մասնագիտության մեջ, իմ կյանքի այն փուլում, որտեղ պետք է ընտրեի, թե ինչ եմ դառնում, ընտրել էի տնտեսագետի մասնագիտություն՝ ըստ հին հայկական ավանդույթի, որովհետև ծնողներս հենց այդ մասնագետներն են։ Իմ կյանքի մի փուլում որոշեցի, որ պետք է փոխեմ մասնագիտությունս և գնամ այն ճանապարհով, որով հիմա գնում եմ։ Կարծում եմ՝ դա իմ ամենակարևոր, բախտորոշ որոշումն էր, որը կարողացա կայացնել։ Եվ այն փուլերն ու էտապները, որոնց մասին խոսեցի, անցել եմ անկախ բոլոր դժվարություններից՝ ևս մեկ անգամ կանցնեի, որովհետև այդ ճանապարհն է քեզ դարձնում ուժեղ, ճանաչելի և բերում հաջողություններ ու անհաջողություններ։ Իսկ դա կյանքի մի ձև է, որտեղ պետք է կարողանաս ամեն ինչից դասեր քաղել և զարգանալ։