Վերջերս B1 Media-ն վերցրել է էքսկլյուզիվ հարցազրույց "Natural Diet" հիմնադիրներ` Անի Խաչատրյանից և Հասմիկ Թորոսյանից։
______________________________________
Ինչպե՞ս ծնվեց Natural Diet գաղափարը և ո՞րն է ձեր գլխավոր առաքելությունը։
Գաղափարը սկսվեց այն օրվանից, երբ ես պարզապես զբաղվում էի իմ մասնագիտությամբ՝ սննդաբանությամբ։ Որևէ միտում չկար, որ պետք է սկսենք սննդի առաքում Երևանում։ Աշխատում էի տարբեր երկրներում տարբեր առողջական խնդիրներով մարդկանց հետ, և երբ ինձ մոտ գրանցվեց մի աղջիկ, ով ուներ փոքր-ինչ ավելորդ քաշ, ծրագրին ծանոթանալուց հետո առաջարկեց միասին սկսել սննդի առաքման ծառայություն։ Այսինքն, մենք բիզնեսը սկսեցինք իմ լավ հաճախորդի հետ, ով հետագայում դարձավ իմ ընկերն ու գործընկերը։Գաղափարը հենց այդպես էլ ծնվեց։
Ինչ վերաբերում է մեր առանձնահատկությանը, մեր առաքման գաղափարն այն է, որ մարդիկ իրենց տանը ստանան այնպիսի ուտելիք, ինչպիսին կարող էին ուտել ռեստորանում, բայց պատրաստված լինի հատուկ իրենց համար։ Այսինքն՝ պատրաստված լինի մաքուր, բարձրորակ մթերքներից՝ ճիշտ համադրված ու համեղ ուտեստներով, որոնք կօգնեն ինչպես առողջական խնդիրների լուծման, այնպես էլ քաշի կարգավորման հարցում։
Վերջին տարիներին ի՞նչ փոփոխություններ են նկատվում Հայաստանում առողջ սննդի պահանջարկի ոլորտում։
Վերջին երկու տարիներին նկատվում է մեծ զարգացում ոչ միայն առողջ սննդի, այլև ընդհանուր առողջ ապրելակերպի ուղղությամբ։ Դա երևում է, օրինակ, սրճարաններում առողջ մենյուների ավելացմամբ կամ առողջ սննդի կոնցեպտով նոր տեղերի բացմամբ, որոնք դեռ երկու տարի առաջ չկային, երբ մենք սկսեցինք բիզնեսը։
Որո՞նք են ձեր հիմնական մարտահրավերները՝ կապված տեղական շուկայի առանձնահատկությունների հետ։
Գլխավոր դժվարությունը երևի թե քաղաքային խցանումներն են՝ առաքումների հետ կապված, քանի որ պատվերները շատ են, իսկ մեքենաների թիվը՝ մեծ։ Բացի այդ, երբեմն լինում են խնդիրներ մատակարարող կազմակերպությունների հետ՝ եղանակային պայմանների կամ ներմուծվող ապրանքների ուշացման պատճառով, ինչի հետևանքով ստիպված ենք լինում վերջին պահին փոփոխություններ անել մենյուում։
Ի՞նչ նոր արտադրանքներ կամ ծառայություններ եք նախատեսում մոտ ապագայում։
Քանի որ այս պահին ամբողջական փաթեթները լիքն են և բավարարում են հաճախորդների բոլոր պահանջները, կարծում եմ՝ կավելացնենք միայն առանձին վաճառքի, առողջ քաղցրավենիքներ։ Դրանք արդեն սկսել ենք արտադրել՝ առանց սպիտակ շաքարի և բարձրորակ ալյուրից։ Առանձին վաճառքի կլինի նաև մեր նեխուրի մզվածքը, որը մեծ տարածում է գտել մարդկանց շրջանում՝ որպես առավոտյան ըմպելիք։
Աշխարհում որո՞նք են առողջ սննդի և դետոքս արտադրանքի զարգացման հիմնական միտումները։
Այս պահին հիմնական միտումն այն է, որ մարդիկ ցանկանում են ստանալ ավելի մաքուր, պարզ, բայց օգտակար մթերքներ։ Դա միտում է, որը նկատվում է նաև Երևանում։ Շատ տարածված են դարձել դետոքս ըմպելիքները, որոնք իրականում պետք է ընդունել սննդաբանի կամ էնդոկրինոլոգի ցուցումով։ Մենք նախընտրում ենք դրանք անվանել «սմուզիներ», որոնք պատրաստվում են մրգերից ու բանջարեղենից և հիմնականում խորհուրդ են տրվում այն մարդկանց, ովքեր չեն կարողանում մրգերն ու բանջարեղենն առանձին օգտագործել։ Այսպես նրանք ստանում են իրենց անհրաժեշտ վիտամինների ամբողջական համադրությունը։