#MadeBy_Arm շարքի շրջանակներում վերջերս Armenian Business Portal-ը վերցրել է էքսկլյուզիվ հարցազրույց "Ginger & Rose" ընկերության հիմնադիր-տնօրեն`Թամարա Արշակյանից։
______________________________________
Ginger & Rose-ը հեղափոխական էր Հայաստանի ծաղկի շուկայում։ Դուք ապացուցեցիք, որ շքեղությունը կարող է լինել ոչ միայն 101 վարդը։ Կպատմե՞ք՝ ինչպես ծնվեց գաղափարը, և որքան դժվար էր նոր կոնցեպտի ադապտացիան գործող իրականության մեջ։
- Գաղափարը ծագեց մեր ճամփորդություններից մեկի ընթացքում, երբ Մեքսիկայում հանդիպեցինք պարզ, մինիմալիստական ծաղկեփնջերի, որոնք Երևանում չկային։ Քանի որ ամուսինս շատ է սիրում ծաղկեփնջեր նվիրել, սակայն սովորաբար գնում էր առանձին ծաղիկներ և ինքնուրույն փաթեթավորում, մենք վերադարձանք ճամփորդությունից ու սկսեցինք գործել։
Ինչ վերաբերում է ադապտացիային, մեր նախաձեռնությունը համընկավ ռուսների ռելոկացիայի հետ, և նրանց ներկայությունը զգալիորեն նպաստեց մեր բրենդի կայացմանը։ Նրանք արդեն ծանոթ էին եվրոպական ոճի ծաղկեփնջերին, ինչը բիզնեսի տեսանկյունից շատ շահավետ էր մեր քաղաքի համար։ Այնուհետև հայ հաճախորդներն էլ միացան մեր համայնքին։
Ծաղկի բիզնեսը, արտաքինից թվում է, թե բացառապես էսթետիկ ոլորտ է, սակայն յուրաքանչյուր ոլորտ իր մարտահրավերներն ունի։ Ձեր փորձից ելնելով՝ որոնք են այս ոլորտի հիմնական դժվարությունները, և ինչպես եք հաղթահարում դրանք։
- Երբ նոր էինք սկսում, բացարձակ գաղափար չունեինք, թե ինչ դժվարությունների ենք հանդիպելու։ Առաջին և ամենատարածված խնդիրը շուկայում ծաղիկների հասանելիության անորոշությունն է։ Շատ հաճախ հնարավոր չէ կազմակերպել մեծամասշտաբ միջոցառումներ ոչ ստանդարտ ծաղկատեսակներով։ Որպես լուծում՝ մեր պատկերացումները հարմարեցնում ենք տեղական շուկային։
Մեկ այլ խնդիր, որի հաճախ ենք բախվում, փորձառու մասնագետների պակասն է։ Այդ հարցի լուծման համար համագործակցում ենք մասնագիտացված ուսումնական հաստատությունների հետ՝ ուսանողներին հնարավորություն տալով վերապատրաստվել ոլորտում։
Հետազոտությունները ցույց են տալիս, որ ծաղիկներն ունեն դրական ազդեցություն մարդկանց տրամադրության վրա։ Ձեր փորձից ելնելով՝ կան ծաղիկների տեսակներ, որոնք հաճախորդների շրջանում առավել մեծ արձագանք են ստանում՝ կախված տրամադրությունից կամ առիթից։
- Վերջին շրջանում նկատել ենք, որ անթուրիումները, մեխակները և գեորգինաները մեծ պահանջարկ ունեն։ Կարծում եմ, դրանք որոշակի դրական ազդեցություն են թողնում տրամադրության վրա, քանի որ ծաղկեփնջերը, որոնք պարունակում են այս ծաղիկները, ավելի հաճախ են գնում։
Հիմնականում մեր հաճախորդները ծաղիկներով հետաքրքրված մարդիկ են, որոնք ծանոթ են միջազգային տենդենցներին։ Հատկապես ինստագրամում հաճախ տեսնում ենք ոչ վարդերով, բայց շատ հետաքրքիր ծաղկեփնջեր, և կարծում եմ՝ Հայաստանում նույնպես մարդիկ աստիճանաբար սկսում են ադապտացվել ու նախընտրել ոչ ստանդարտ ծաղիկներով կոմպոզիցիաներ։
Նախորդ երկու տարիների համեմատ, վերջին տարում նկատելի փոփոխություն կա. եթե նախկինում մեխակները շատ չէին ընդունվում, ապա այժմ դրանց նկատմամբ վերաբերմունքը փոխվել է, և նույնիսկ Վալենտինի տոնին ունեինք լրիվ մեխակներով պատրաստված պատվերներ։
Բաժանորդագրության մոդելը վերջին տարիներին մեծ տարածում է գտնում տարբեր ոլորտներում՝ ապահովելով լոյալ հաճախորդների բազա և կրկնվող գնումների հաշվին վաճառքի աճ։ Կպատմե՞ք ձեր մոտեցումների մասին (հատկապես կորպորատիվ բաժանորդագրությամբ ինտերիեր դիզայնի փաթեթների վերաբերյալ)։
- Այս մոդելը բավականին տարածված է աշխարհում, և մենք այն տեղայնացրել ենք Հայաստանի համար՝ առաջարկելով բաժանորդագրություն ռեստորաններին, հյուրանոցներին և այն բիզնեսներին, որոնք ունեն թարմ ծաղիկների կարիք, բայց չեն ցանկանում զբաղվել դրանց խնամքով։
Մենք ամեն շաբաթ, ըստ տարածքի առանձնահատկությունների, պատրաստում ենք ծաղկեփնջեր և հոգում դրանց խնամքը։ Վերջին մեկ տարվա ընթացքում նկատել ենք, որ այն սրճարանները, որոնք չեն օգտվում մեր բաժանորդագրության փաթեթներից, հաճախ ինքնուրույն փորձում են ձևավորել իրենց տարածքը, ինչը մեզ համար շատ ոգևորիչ է։
Վերջին տարիներին Հայաստանում ծաղկի աճեցումը մեծ զարգացում է ապրել, և 2024 թվականին անգամ արտահանվել է ռեկորդային 55 մլն ծաղիկ։ Ինչպե՞ս եք գնահատում այս միտումը։ Կարո՞ղ է Հայաստանը իսկապես աճեցնել բարձրորակ և մրցունակ տեսականի։ Դուք տեղական մատակարարների հետ եք աշխատո՞ւմ։
- Իհարկե, մենք աշխատում ենք տեղական մատակարարների հետ։ Տարածված կարծիք կա, որ Հայաստանում աճեցվող բարձրորակ ծաղիկների մեծ մասը արտահանվում է, ինչը հույս է ներշնչում, որ մեր երկիրը կարող է արտադրել մրցունակ ծաղիկներ։
Իրականում, եթե դիտարկենք հիմնական արտադրողներին, ապա շուկայում առավել կայուն կերպով ներկայացված են վարդի, կակաչի և լիզիանթուսի արտադրողները։ Այսինքն՝ հիմնականում սեզոնային ծաղիկների մի քանի արտադրողներ կան, որոնց վրա կարելի է երկարաժամկետ հույս դնել։ Մյուս տեսակների դեպքում, որոնք ապահովում են ծաղիկների բազմազանությունը, ամեն շաբաթ գնում ենք շուկա՝ առանց իմանալու, թե ինչ տեսականի կլինի հասանելի։