#MadeBy_Arm շարքի շրջանակներում վերջերս Armenian Business Portal-ը վերցրել է էքսկլյուզիվ հարցազրույց "Ամպեր" մալուխների գործարանի տնօրեն՝ Գարիկ Կարլսյանից։
______________________________________
Ե՞րբ է հիմնադրվել Ամպեր գործարանը և ինչ զարգացումներ է ապրել այդ օրվանից։
- Ամպեր գործարանը հիմնադրվել է 2019թ-ին Տաշիր քաղաքում: Մինչ օրս գործարանն արտադրում էր միայն ալյումինե մալուխներ և իրացնում ՀՀ տարածքում, սակայն վերջերս գործարկվել է նոր ուղություն՝ պղնձե մալուխների արտադրություն, որը նաև արտահանվում է արտերկիր։
Կպատմե՞ք գործարանի արտադրական հնարավորություններից. այս պահին ինչ ապրանքատեսականի է ապահովում այն։
- Գործարանի արտադրական հնարավորությունները թույլ են տալիս թողարկելու ալյումինե և պղնձե միջին և ցածր լարման համար նախատեսված մեկուսացված և չմեկուսացված մալուխներ, որոնք ապահովում են անհրաժեշտ քանակ ոչ միայն ՀՀ-ում, այլ նաև ողջ կովկասյան տարածաշրջանում։
Ինչպե՞ս եք ներգրավում նոր մասնագետների։ Արդյո՞ք գործարանն ունի նոր աշխատակիցների վերապատրաստման համակարգ։
- Հիմնականում ներգրավվում են գործարանի հարակից տարածքի բնակիչները, ինչն էլ նպաստում է մարզում բնակիչների զբաղվածության ավելացմանը։ Ծավալելով մարզային գերծունեություն թե՛ լոգիստիկ, և թե՛ արտադրական ընթացքի մասնագետներ ներգրավվելու հարցում կազմակերպությունը, իհարկե, բախվում է մի շարք խնդիրների, սակայն կարևորելով մարզի զարգացումն ու զբաղվածության ապահովումը, փորձում է ստանալ անհրաժեշտ մասնագետներ՝ տեղի բնակիչներին ուսուցանելու և վերապատրաստելու եղանակով։ Գործարանի տեխնիկական տնօրենը ՌԴ-ից հատուկ հրավիրված փորձառու մասնագետ է, ում վերահսկողության ներքո էլ բոլոր աշխատակիցներն անցնում են անհրաժեշտ վերապատրաստումները։
Ի՞նչ հաջողություններ ունի բիզնեսն այսօր տեղական շուկայում (մեծ հաճախորդներ, համագործակցություններ, նորարարական մրցունակ լուծումներ)։
- Ամպեր ՓԲԸ հանդիսանում է Հայաստանի էլեկտրական ցանցերի միակ մատակարարը՝ մալուխների գծով։ Ընկերությունը համագործակցում է մի շարք խոշոր արևային կայաններ տեղադրող կազմակերպությունների, ինչպես նաև բազմաբնակարան շենքերի կառուցապատողների հետ։ Գործարանում ներդրվել են նոր և բարձր արտադրողականությամբ հոսքագծեր և սարքավորումներ, որոնց շնորհիվ կարողանում ենք շուկայում առաջարկել մրցունակ գին-բարձր որակ հարաբերակցությամբ արտադրանք։
Համատարած տեսակետ կա, որ հայկական արտադրանքը մրցունակ չէ համաշխարհային շուկայում։ Համաձա՞յն եք պնդման հետ։
- Միանշանակ համաձայն չենք, քանի որ մենք մեր արտադրանքն արտահանում ենք ՌԴ և պլանավորում արտահանել նաև Եվրոպական Միության անդամ երկրներ։ Արտադրանքի առավել մրցունակությանը խանգարող հանգամանքը ՀՀ-ում առաջնային հումքի բացակայությունն է, ինչն էլ ստիպում է արտադրողին այն ներկրել արտերկրից։
Ելնելով Ձեր փորձից՝ ի՞նչ բարդությունների հետ է բախվում բիզնեսն արտահանման գործընթացը կազմակերպելիս։
- Արտահանման ժամանակ հիմնական բարդությունը ձմռան ամիսներին Վրաստան-ՌԴ անցակետի փակ լինելն է, ինչը դժվարացնում է մատակարարման ժամկետներ պահպանումը։
Կկիսվե՞ք գործարանի ապագա ծրագրերով։ Պլանավորում եք արդյո՞ք նոր ապրանքների արտադրություն կամ գործարանի արտադրողականության բարձրացում։
- Այո, պլանավորում ենք․ արդեն ճանապարհին են սարքավորումներ, որոնք կբարձրացնեն գործարանի արտադրողականությունը 30%-ով մինչև այս տարվա վերջ։ Իսկ մինչև գալիք տարվա 2-րդ կիսամյակ պլանավորում ենք ավելացնել պղնձե պալուխների ևս 3-4 նոր տեսակի արտադրություն։