Կամ մեզ հետ
+374 (55) 81-01-01
Յունիքորն բիզնես կենտրոն, Մարո Մարգարյան 2/4, Երևան

Amelie Flowers. հարցազրույց ընկերության հիմնադիր Նինա Ավագյանի հետ

article image
Հեղինակ
no img
B1 Media
15.07.2026

Ինչպե՞ս ծնվեց Amelie-ի գաղափարը, և ի՞նչ պատմություն ունի բրենդի ստեղծումը։


- «Amelie»-ի ստեղծման գաղափարը ծագել է այն ժամանակ, երբ ես աշխատում էի բոլորովին այլ ոլորտում։ Շատ սիրում էի իմ աշխատանքը, բայց դրան զուգահեռ անընդհատ մտածում էի սեփական բիզնես հիմնելու մասին։ Ուզում էի ստեղծել մի գործ, որտեղ կկարողանայի ներդնել իմ ճաշակը, պատկերացումներն ու արժեքները։ Այդպես էլ իմ սիրուց և հետաքրքրությունից ծնվեց «Amelie» ծաղկի սրահը ստեղծելու գաղափարը։


Իմ նպատակն էր ստեղծել մի բրենդ, որը կառանձնանար իր յուրահատուկ ոճով, էսթետիկայով և, ամենակարևորը, գեղեցիկը գեղեցիկ մատուցելու գաղափարով։


«Amelie» անվանումը նույնպես պատահական չի ընտրվել։ Այն ֆրանսիական ծագում ունի և խորհրդանշում է ներդաշնակություն, ուժ ու նպատակասլացություն։


Հայաստանում որո՞նք են ամենապահանջված ծաղկատեսակները, և ինչպե՞ս են փոխվել մարդկանց նախընտրությունները տարիների ընթացքում։


- Քանի որ ծաղկի սրահը հիմնվել է 2021 թվականին, արդեն հինգ տարուց ավելի է, ինչ աշխատում ենք այս ոլորտում։ Այդ ընթացքում հաճախորդների նախասիրություններն անընդհատ փոխվել են, սակայն, չնայած այդ փոփոխություններին, ամենապահանջված ծաղիկը շարունակում է մնալ վարդը։


Վարդերն առանձնանում են տեսակների և գույների մեծ բազմազանությամբ։ Կան դասական, փնջային և այլ տեսակների վարդեր, որոնք գրեթե ամբողջ տարվա ընթացքում հասանելի են ծաղկի սրահներում։ Կարծում եմ՝ վարդի պահանջված լինելը պայմանավորված է նաև նրանով, որ հաճախորդների մեծ մասը հենց վարդն է համարում ամենաարժեքավոր և խորհրդանշական ծաղիկը։


Միևնույն ժամանակ, ամենապահանջված ծաղիկների շարքում արդեն կարելի է առանձնացնել նաև մեխակը։ Նախկինում մեխակը հաճախ ասոցացվում էր միայն որոշակի արարողությունների հետ, սակայն այդ կարծրատիպն աստիճանաբար փոխվում է։ Մարդիկ սկսել են ավելի հաճախ մեխակներ նվիրել միմյանց և ներառել դրանք ժամանակակից ծաղկային կոմպոզիցիաներում։


Մեխակը բավականին դիմացկուն է, ունի գեղեցիկ արտաքին տեսք և գունային մեծ բազմազանություն։ Բացի այդ, ինչպես վարդը, այն նույնպես գրեթե ամբողջ տարվա ընթացքում հասանելի է։


Հայաստանում աստիճանաբար փոխվում է ծաղկեփնջերի մշակույթը․ մարդիկ ավելի հաճախ են ընտրում ոչ ստանդարտ ծաղիկներ և լուծումներ։ Ինչպե՞ս եք գնահատում այս փոփոխությունը։


- Այս փոփոխությունը շատ դրական եմ գնահատում։ Վերջին տարիներին մարդիկ սկսել են ավելի համարձակ ընտրություններ կատարել, հետաքրքրվել տարբեր ծաղկատեսակներով, գունային ոչ ստանդարտ համադրություններով և յուրահատուկ ձևավորումներով։


Եթե նախկինում հաճախորդները հիմնականում նախընտրում էին դասական տարբերակները, ապա այսօր ավելի շատ են ցանկանում, որ ծաղկեփունջը լինի անհատական, արտահայտի կոնկրետ տրամադրություն և համապատասխանի այն ստացողի բնավորությանը կամ ոճին։


Կարծում եմ՝ այս փոփոխությունը նպաստում է նաև ծաղկային մշակույթի զարգացմանը։ Մարդիկ սկսում են ծաղկեփունջն ընկալել ոչ միայն որպես նվեր, այլ նաև որպես զգացմունք, պատմություն և ինքնարտահայտման միջոց։


Ինչպե՞ս եք ընտրում ծաղիկները, գույներն ու կոմպոզիցիաները յուրաքանչյուր պատվերի համար, որպեսզի փոխանցեք անհրաժեշտ տրամադրությունը։


- Անհատական պատվերների դեպքում հարցերի միջոցով նախ հստակեցնում ենք, թե ինչ առիթի համար է նախատեսված ծաղկեփունջը։ Որոշ տեղեկություններ ենք ճշտում նաև այն ստացողի մասին՝ նրա նախասիրությունները, ոճը, տարիքը կամ բնավորությունը։


Դրանց հիման վրա ընտրում ենք համապատասխան ծաղիկների տեսակները, գույներն ու կոմպոզիցիան։ Մեզ համար կարևոր է, որ ծաղկեփունջը պարզապես գեղեցիկ չլինի, այլ փոխանցի հենց այն տրամադրությունն ու զգացմունքը, որը պատվիրատուն ցանկանում է արտահայտել։


Բացի այդ, վերջերս նախաձեռնել ենք մի շատ հետաքրքիր գաղափար։ Ստեղծում ենք ծաղկեփնջեր՝ ներշնչված տարբեր օծանելիքների բույրերից։ Յուրաքանչյուր ծաղկեփունջ ստանում է համապատասխան օծանելիքի անվանումը, իսկ ծաղիկների համադրությունն ու ընդհանուր տեսքը ձևավորվում են տվյալ բույրի տրամադրությանը և կերպարին համապատասխան։


Փորձում ենք ստանալ այնպիսի ծաղկեփունջ, որը մարդկանց մոտ կառաջացնի նույն զգացողությունները, ինչ տվյալ օծանելիքը։ Այս գաղափարը բավականին սիրվել է մեր հաճախորդների և հետևորդների կողմից, և արդեն պատվերներ ենք ստանում կոնկրետ օծանելիքներից ներշնչված ծաղկեփնջերի համար՝ տարբեր առիթներով։


Բացի անհատական ծաղկեփնջերից, ուրիշ ի՞նչ ծառայություններ է մատուցում Amelie-ն։


- Բացի անհատական ծաղկեփնջերից, իրականացնում ենք հարսանեկան արարողությունների, ծննդյան միջոցառումների և այլ կարևոր օրերի ծաղկային ձևավորումներ։


Յուրաքանչյուր ձևավորման դեպքում հաշվի ենք առնում միջոցառման ընդհանուր ոճը, գունային լուծումները, տարածքի առանձնահատկությունները և պատվիրատուի ցանկությունները։ Մեզ համար կարևոր է, որ ծաղկային ձևավորումը պարզապես գեղեցիկ տեսք չունենա, այլ ամբողջացնի միջոցառման մթնոլորտը և փոխանցի համապատասխան տրամադրություն։