Կամ մեզ հետ
+374 (55) 81-01-01
Յունիքորն բիզնես կենտրոն, Մարո Մարգարյան 2/4, Երևան

Nairian - հարցազրույց ընկերության տնօրեն` Դավիթ Հովհաննիսյանի հետ

article image
Հեղինակ
no img
B1 Media
20.01.2025

#MadeBy_Arm շարքի շրջանակներում վերջերս Armenian Business Portal-ը վերցրել է էքսկլյուզիվ հարցազրույց "Nairian" ընկերության տնօրեն` Դավիթ Հովհաննիսյանի հետ։

________________________________________

Nairyan-ը շուտվանից է հայկական շուկայում։ Քանի որ գնալով ավելի ու ավելի են շատանում մաշկի առողջ խնամքի միջոցները, այսինքն՝ օրգանիկ արտադրանքները, ինչպես է ստացվում պահել առաջատարներից մեկի տիտղոսը։


- Մենք չենք շեղվում մեր ի սկզբանե վերցրած վեկտորից։ Այսինքն՝ բացառապես բնական պրոդուկտներ, բացառապես բարձր որակ։ Միշտ հետևում ենք մեր պրոդուկտների կյանքին։ Մեր հաճախորդները մեր ընկերներն են, և մենք նրանց հետ մշտապես կապի մեջ ենք։ Ստանում ենք նրանց հետադարձ կապը, վերլուծում ենք նրանց կողմից ստացված թե՛ դրական, թե՛ երբեմն բացասական կարծիքները, որպեսզի շտկենք ու կատարելագործենք մեր արտադրանքը։ Մենք ձգտում ենք հետևել մեր այն սկզբունքներին, որոնք ի սկզբանե դրված են եղել՝ բրենդի փիլիսոփայությունը պահպանելով։


Ինչ վերաբերում է նրան, որ գնալով շատանում են այլ բրենդերը, մենք միայն ուրախ ենք դրա համար։ Մեր տեսլականը Հայաստանից էլ դուրս է։ Եվ բոլոր արտադրողները մեր գործընկերներն են, ոչ թե մրցակիցները։ Հայաստանի սահմաններից զատ կա մի մեծ աշխարհ, և միասին աշխատելով՝ կատարելագործելով մեր արտադրանքները, անուն հանելով որպես հատկապես բնական կոսմետիկա արտադրող երկիր, կարող ենք ունենալ նոր մի ճյուղ։


Եթե բոլոր կազմակերպություններն իսկապես պահեն բնական լինելու կոնցեպտը և հաճախորդակենտրոն մոտեցումը, դա կխթանի մեզ բոլորիս աշխարհում զարգանալ։ Գուցե ոչ հիմա, ոչ մեկ կամ երկու տարուց, բայց 10 տարուց հնարավոր կլինի հասնել արդյունքի, ինչը ֆանտաստիկայի ժանրից չէ։ Հաշվի առնելով, որ հետաքրքրություն կա հայկական բնական այլ պրոդուկտների նկատմամբ՝ լինի դա ագրո ոլորտը, էկո տուրիզմը և այլն։ Պետք է ուղղակի պահպանել այդ ամենը և ոչ թե փչացնել։


Ո՞ր երկրներ եք արտահանում ձեր արտադրանքը։


- Ռուսաստան, ԱՄՆ, Կանադա և Անգլիա։


Կախված երկրից՝ կա՞ն արտահանվող պրոդուկտների սպեցիֆիկ նախընտրություններ։


- Այս պահի դրությամբ պահանջարկը շատ չի տարբերվում, քանի որ արտահանումը հիմնականում իրականացվում է այն երկրներ, որոնք նույն կլիմայական գոտում են, ինչ Հայաստանը։ Սակայն, բնականաբար, ապագայում արտահանման երկրներում պահանջարկը տարբերվելու է ըստ տարածաշրջանների։ Օրինակ, հարավային երկրներում արևապաշտպան քսուկներն ավելի պահանջված կլինեն։


Այժմ մենք բանակցությունների փուլում ենք GSS երկրների մեր գործընկերների հետ և արդեն տեղեկացված ենք նրանց նախընտրությունների մասին։




Որո՞նք են ձեր ապրանքաշարքում ամենապահանջված պրոդուկտները։


- Դա կոչվում է Anti-Age Line՝ հակատարիքային մեր հավաքածուն, որը Nairyan-ի «ոսկին» է թե՛ իր բաղադրությամբ, թե՛ իր տեսքով։ Հիմնականում այս շարքի բոլոր պրոդուկտները ունեն դեղնավուն գույն, ինչը պայմանավորված է մեր կողմից արտադրված բուսական մզված յուղերի բարձր քանակությամբ։ Այդ յուղերի մեծ չափաբաժնի շնորհիվ պրոդուկտները ձեռք են բերում իրենց առանձնահատուկ գույնը։


Այս շարքի պրոդուկտները հաջողված են թե՛ հաճախորդների շրջանում իրենց սիրելի լինելու պատճառով, թե՛ իրենց բաղադրությամբ, քանի որ պարունակում են մաքսիմալ արդյունավետ բուսական նյութերի միացություններ, որոնք մենք կարողանում ենք ստանալ այս պահին։


Հակատարիքային շարքը ամենևին չի ենթադրում, որ նախատեսված է միայն 45/50+ տարիքի համար։ Ընդհակառակը, այն նախատեսված է օգտագործման համար շատ ավելի վաղ տարիքից։ Այս պրոդուկտներում պարունակվող բաղադրիչները նպաստում են մաշկի ձգվածությանը, խթանում են մաշկի սեփական մոլեկուլների սինթեզը՝ ապահովելով մաշկի խոնավեցվածությունն ու կանխելով կնճիռների առաջացումը տարիքի ընթացքում։ Նրանք խթանում են մաշկի ռեգեներացիոն գործընթացները։


Կարո՞ղ ենք արդյոք ասել, որ ձեր հիմնական հաճախորդները 35+ կանայք են։


- Թերևս միջինացված տարիքը դա է, բայց, ինչպես արդեն նշել եմ, բնական պրոդուկտները տարիքային սահմանափակում չունեն։ Մենք ունենք նաև 18-20 տարեկան հաճախորդներ։ Ինչքան շուտ մարդ սկսի օգտագործել բնական խնամքի միջոցներ, այնքան ավելի հեշտ կլինի կանխել մաշկի խնդիրները։


Անձամբ ես նույնպես օգտագործում եմ մեր որոշ պրոդուկտները։ Թեև մենք ունենք տղամարդկանց համար նախատեսված հատուկ շարք, մեր ստանդարտ պրոդուկտներն էլ կարող են օգտագործվել տղամարդկանց կողմից։ Խոչընդոտ կարող են լինել որոշակի հոգեբանական կամ վիզուալ բարիերներ՝ կապված փաթեթավորման կամ շշերի հետ։ Սակայն մեր արտադրանքի բաղադրությունը շատ բարձր որակի է և համապատասխանում է ցանկացած տիպի մաշկի։


Անձամբ ես օգտագործում եմ մեր վարդի ջուրը՝ սափրվելուց հետո, ինչպես նաև մեր լոսյոնը։



Կա՞ միջինացված ժամանակ, որի ընթացքում ստեղծում եք նոր պրոդուկտ։


- Իհարկե, նոր պրոդուկտ ստեղծելը շատ երկարատև գործընթաց է, և այն հնարավոր չէ իրականացնել հաշված օրերի ընթացքում։ Մեր դեպքում դա տևում է բավականին երկար։


Առաջին պատճառը այն է, որ մենք պետք է լիովին վստահ լինենք, որ այդ պրոդուկտը իսկապես աշխատում է։ Այդ պատճառով մենք անցկացնում ենք բազմաթիվ հետազոտություններ՝ ֆոկուս խմբերի, ինչպես նաև լաբորատորիաների հետ համատեղ։ Հետազոտությունների նպատակը ոչ միայն պրոդուկտի արդյունավետության ապացույցն է, այլև նրա համապատասխանությունն է ԵԱՏՄ և Եվրամիության բոլոր չափանիշներին։ Միայն այս ամենից հետո է սկսվում պրոդուկտի պիլոտային արտադրությունը։


Թեորետիկորեն հնարավոր է արտահանել պրոդուկտը մի քանի օրվա ընթացքում, բայց գործնականում մենք պահպանելով բոլոր անհրաժեշտ նորմերն ու ընթացակարգերը, ամիսներ են պահանջվում, մինչև նոր պրոդուկտը թողարկվի շուկա։


Մեր պրոդուկտները միշտ ապահովում են նույն բարձր որակը։ Սակայն մեր խմբաքանակները երբեմն կարող են տարբեր լինել գույնով և բույրով, քանի որ մեր արտադրանքը հիմնված է բացառապես բուսական հումքի վրա։ Բույսերը, ինչպես հայտնի է, տարեցտարի տարբեր քանակությամբ յուղեր, կարոտինոիդներ և այլ նյութեր կարող են պարունակել՝ կախված եղանակային պայմաններից։


Ունե՞ք մոտակա ժամանակում պլաններ նոր պրոդուկտ թողարկելու։


- Այո, մենք պլանավորում ենք մոտակա ժամանակում նոր պրոդուկտ թողարկել։ Սակայն այս պահին չեմ ցանկանում մանրամասնել, քանի դեռ այն շուկայում չէ։ Շուտով բոլորը կիմանան։