Կամ մեզ հետ
+374 (55) 81-01-01
Յունիքորն բիզնես կենտրոն, Մարո Մարգարյան 2/4, Երևան

Makhmur - հարցազրույց հիմնադիր՝ Արփինե Շահնուբարյանի հետ

article image
Հեղինակ
no img
B1 Media
31.08.2025

“Made By Arm”-ի շրջանակներում Հայ Գործարարների Ասոցիացիան զրուցել է "Makhmur" բրենդի հիմնադիր՝ Արփինե Շահնուբարյանի հետ:

———————————————————————————

image

Makhmur-ն իր մեկնարկից՝ 2021 թվականից, արագ սիրվեց հայկական շուկայում։ Ինչպիսի՞ ռազմավարություններ եք կիրառել բրենդի` շուկայում ճիշտ դիրքավորման և առաջխաղացման համար։

Սկզբում մենք սիրվեցինք, հետո միայն սկսեցինք մտածել ռազմավարությունների մասին, քանի որ ես ինքս էլ չէի պատկերացնում, թե «Մախմուրը» ինչ է դառնալու, ինչպես է ընդունվելու և արդյո՞ք դրա կարիքը կա։ Սիրվելուց հետո, հասկանալով այդ ամենը, արդեն սկսեցինք մշակել ոչ թե ռազմավարություններ, այլ գործելաոճեր, աշխատանքային մեթոդներ ու տեխնիկաներ՝ հասկանալու համար, թե ինչ ուղղությամբ ենք գնալու։ Օրինակ՝ թողարկում էինք հավաքածուներ՝ ձմեռային, գարնանային, մասնակցում որոշ ցուցահանդեսների, որոնք այժմ մեզ այնքան էլ անհրաժեշտ չեն, բայց այն ժամանակ ճանաչելիություն էին բերում։ Եվ, իհարկե, բավականին ակտիվ էինք սոցիալական հարթակներում․ որպես նոր և շատ յուրահատուկ արտադրանք ցույց էինք տալիս, թե որքան անհրաժեշտ աքսեսուար է մեր պայուսակը յուրաքանչյուր կնոջ համար։


Տեքստիլի ոլորտը Հայաստանում օրեցօր զարգանում է։ Կպատմե՞ք, թե ինչ խնդիրների է բախվել Makhmur-ը իր կայացման ամբողջ ուղու ընթացքում։

Եթե շատ հետ գնամ, ապա պետք է ասեմ, որ երբ նոր էի սկսում ասեղնագործել ձեռքիս տակ եղած ցանկացած կտորի վրա, տեքստիլի մասին խոսք լինել չէր կարող․ քովիդի տարիներն էին, խանութները փակ էին, և ինչ կար ձեռքիս տակ, դրա վրա էլ աշխատում էի։ Առաջին պայուսակների մի քանի օրինակ ստեղծելուց հետո հասկացանք, որ մեզ հարկավոր է արտադրություն, քանի որ դրանք մեծ հետաքրքրություն էին առաջացնում։ Այստեղ ավելի մեծ խնդրի բախվեցինք․ պարզվեց, որ պայուսակ կարելու համար հատուկ կտոր է անհրաժեշտ, որը պետք է անցնի տեխնիկական մշակում՝ պայուսակ դառնալու համար։ Մինչև հասկացանք, թե մեզ ինչպիսի տեքստիլ է հարկավոր, ինչը կա Հայաստանում և ինչը՝ ոչ, շատ ժամանակ կորցրինք։ Պակասը շատ զգալի էր, այդ պատճառով էլ օգտվում էինք արտերկրից։ Այսօր արդեն փոփոխությունը զգում եմ․ կան մարդիկ, ովքեր ներմուծում են և ում հետ մենք համագործակցում ենք։ Օրինակ՝ «Վուշ»-ի հետ ունենք շատ ակտիվ համագործակցություն։ Այս պահին մեզ համար ամենակարևորն է մաքուր և բարձրորակ տպագրությամբ կտոր ունենալը։ Մենք ցանկանում ենք ունենալ սեփական դիզայն և տպագրել այն, ու դրա համար բարձր որակի տպագրություններ են պետք։ Վերջերս տեսել եմ նման օրինակներ և փորձում ենք հասկանալ՝ արդյոք կարող ենք ստանալ նույն որակը, ինչի հետ բախվում ենք արտերկրից ներմուծելիս։

Նորաձևության թրենդները ամեն տարի փոփոխվում են։ Ինչպե՞ս է Makhmur-ն արձագանքում այդ փոփոխություններին, ինչ քայլեր է ձեռնարկում միշտ ոճային մնալու համար։

Ես այնպիսի մարդ եմ, ով շատ չի սիրում թրենդերին զոհ գնալ, քանի որ դրանք թիթեռի կյանք ունեն՝ միգուցե 1-2 տարի։ Իսկ մենք ստեղծում ենք արժեք։ Այնուամենայնիվ, հնարավորինս մոտեցնում ենք մեզ թրենդերին՝ համադրություններ ստեղծելով։ Կարելի է հագնվել պարզ և միաժամանակ թրենդային։ Այսօր ունենք պայուսակների մեծ տեսականի, և հնարավոր է ընտրել մի այնպիսի պայուսակ, որը ամբողջ կերպարը կփոխի։ Բայց, իհարկե, թրենդերը՝ հատկապես գույների առումով, անտեսել չենք կարող։

image

Որո՞նք են Makhmur-ի երկարաժամկետ նպատակները։ Որտե՞ղ եք տեսնում բրենդը առաջիկա հինգ տարվա ընթացքում՝ թե՛ շուկայական ընդլայնման, թե՛ նոր ապրանքատեսակների առումով։


Վերջերս հանդիպեցի մի լավ խոսքի․ «Եթե քո երազանքները քեզ չեն վախեցնում, ուրեմն դրանք փոքր են»։ Եվ այսօր ուզում եմ խոսել մի բանի մասին, որը իսկապես վախեցնում է ինձ։ «Մախմուրը» որևէ ազգային զարդանախշ կամ տարր իր վիզուալ տեսքի մեջ չունի, այսինքն՝ սահմանափակումներ չունի։ Ես միշտ ասում եմ, որ այն ցանկացած կնոջ համար է։ Ուրեմն ինչու չնվաճել աշխարհը, ինչու չգնալ այդ ուղղությամբ՝ փնտրելով, փորձելով։ Վերջերս մասնակցեցինք Ֆլորենցիայում մի հայտնի ցուցահանդեսի և հասկացանք, որ Եվրոպայում ցուցահանդեսները մշակույթի մաս են դարձել։ Հրավեր ունենք Միլանից և շարունակելու ենք մասնակցել տարբեր ցուցահանդեսների, որտեղ այցելում են մարդիկ աշխարհի տարբեր կետերից։ Շատ լավ եմ պատկերացնում «Մախմուրը» ԱՄԷ-ում։ Այն յուրաքանչյուր կնոջ համար է, և մենք մեր ճիշտ, «մախմուրյան» ճանապարհով դուրս կգանք միջազգային շուկա։

Ես մեծ պլաններ ունեմ․ վախեցնող նպատակները միշտ ուղեկցում են ինձ։ Վերջերս ստեղծեցինք շրթներկի փոքր տուփեր, քանի որ կանայք շատ են սիրում իրենց հետ նման բան ունենալ։ Դա նորություն էր։ Բացի այդ, ունեմ բազմաթիվ գաղափարներ․ ասեղնագործությունը շատ հնարավորություններ է տալիս առաջ գնալու և ճյուղավորվելու։ Անպայման կունենանք գեղեցիկ նոր աքսեսուարներ։ Այս պահին ունեմ մանկական ձեռագործ հագուստ ստեղծելու նպատակ, որը, կարծում եմ, մոտ ապագայում կիրականանա։ Այն կլինի այլ անվան տակ, բայց «Մախմուրի» գաղափարախոսության ներքո։