Կամ մեզ հետ
+374 (55) 81-01-01
Յունիքորն բիզնես կենտրոն, Մարո Մարգարյան 2/4, Երևան

Eligumyans. հարցազրույց ընկերության հիմնադիր Տաթև Էլիգումյան

article image
Հեղինակ
no img
B1 Media
07.09.2026
Ինչպե՞ս սկսվեց Ձեր ճանապարհը միջոցառումների դիզայնի ոլորտում։ Ե՞րբ հասկացաք, որ ցանկանում եք ստեղծել սեփական բրենդը։


Դպրոցական տարիներին ձեռագործ աշխատանքներ էի կատարում, որոնք մայրս նկատեց, որ ինձ մոտ շատ ավելի լավ էին ստացվում։ Իրականում իմ երազանքն այլ բան է եղել։ Երազել եմ դառնալ իրավաբան, բայց չգիտես ինչու՝ մայրս, կարծում եմ, որպես մայր ավելի լավ էր հասկացել, թե ինձ ինչ է պետք, ինչ է ինձ իրականում սպասվում, եթե ես դառնամ դիզայներ։ Ու կարծում եմ, որ ինքը չի սխալվել այս հարցում, և ես շնորհակալ եմ իրեն, որ իմ փոխարեն որոշեց և կայացրեց իմ կյանքի ամենաճիշտ որոշումը։


Ես մասնագիտությամբ հենց դիզայներ եմ։ Ավարտել եմ դիզայնի բաժինը։ Իմ ամբողջ գիտակից կյանքում՝ այս 20 տարիների ընթացքում, միշտ զբաղվել եմ միայն ու միայն դիզայնով, մեկ այլ աշխատանքով չեմ զբաղվել։ Եվ երբ սկսեցի արդեն սովորել ու աշխատել, ես ունեի նպատակ, թե որտեղ պետք է հասնեմ։


Արդեն 20 տարի է՝ այս ոլորտում եմ, և այս 20 տարիների ընթացքում բազմաթիվ հարսանիքներ ենք ունեցել, բազմաթիվ միջոցառումներ և բազմաթիվ գոհ պատվիրատուներ։


Ինչպե՞ս է ձևավորվում յուրաքանչյուր միջոցառման ստեղծագործական կոնցեպտը։


- Իրականում ցանկացած միջոցառում յուրովի է։ Երբ հանդիպում ես զույգին, տեսնում ես իրենց, շփվում ես իրենց հետ, անգամ այդ թեմայից դուրս իրենց հետ շփման ընթացքում սկսում ես ճանաչել իրենց։ Երբ ճանաչում ես դիմացինին և հասկանում ես՝ ինչ տեսակի մարդ է, կարողանում ես հասկանալ, թե ինչ առաջարկել իրեն, որպեսզի հենց իր սրտով լինի և իրեն գոհացնես։


Եվ հենց այսպես է ստեղծվում ամեն զույգի միջոցառումը։ Յուրովի է լինում, երբեք չի կրկնվում, երբեք չենք վերցնում ինչ-որ մի տեղից կամ մեկ այլ հարսանիքից։ Անգամ իմ ձևավորումները՝ ցանկացած ձևավորում, որն իրականացնում եմ, երկրորդ անգամ նույնությամբ չենք կրկնում։ Միշտ ինչ-որ մի դետալ, ինչ-որ մի բան փոխվում է՝ հենց զույգին բնորոշ։


Հարսանեկան միջոցառումների կազմակերպման ոլորտում մրցակցությունը բավական մեծ է։ Ի՞նչն է, Ձեր կարծիքով, ELIGUMYANS-ի գլխավոր տարբերակիչ առանձնահատկությունը շուկայում։


- Մեր առանձնահատկությունը մեր մոտեցումն է մեր աշխատանքին, մեր պատվիրատուներին։ Երբ դու դա չես դիտարկում պարզապես որպես աշխատանք և գումար աշխատելը չես բերում առաջին պլան, այն քեզ համար ավելի շատ հոբբի է դառնում, ավելի շատ՝ երազանքի իրականացում, հարսնացուի երազանքի իրականացում։ Այդ դեպքում դու առանձնանում ես նաև շփմամբ, մարդկային վերաբերմունքով։


Շատ են մեզ զանգում և անգամ զանգի միջոցով ընկալում են մեզ, մեր վերաբերմունքը։ Հետո ասում են՝ «Մենք ձեզ հետ շփվելուց, ձեր ձայնը լսելուց որոշեցինք, որ հենց ձեզ հետ պետք է աշխատենք, որովհետև ձեր վերաբերմունքը, ձեր մոտեցումը, ձեր զրույցը մեզ հետ շատ ավելի անկեղծ ու պարզ էր, քան մեկ այլ կազմակերպությունում, որտեղ դրան ուղղակի վերաբերվում են որպես աշխատանքի և կտրուկ են պատասխանում հարցերին»։


Իսկ մենք ունենք սկզբունք՝ լինել հարսնացուների ընկերուհին։ Ցանկացած պատվիրատու պետք է կարողանա իր ցանկացածն անկեղծ ու ավելի պարզ բացատրել քեզ՝ սկսած բյուջեից և վերջացրած ամենամանր դետալներով։ Կարևոր է ստեղծել այդ անկեղծ շփումը, որն էլ արդյունքում կօգնի ստանալ ցանկալի միջոցառումը։


Վերջին տարիներին Հայաստանում փոխվել են նաև հարսանեկան միջոցառումների մշակույթն ու միտումները։ Ձեր կարծիքով՝ ինչպիսի՞ նոր միտումներ են այսօր գերիշխում։


- Դիզայնը ստեղծագործական ոլորտ է, որտեղ անսահման են երևակայությունն ու մտքերը։ Ամեն մի միջոցառման հետ նոր մտքեր են առաջանում։ Դրա համար ես չեմ կարող ասել, որ այսպիսի տենդենցներ են եղել, հետո փոխվել են մեկ այլ կերպ։


Այսինքն՝ տարիների ընթացքում փոխվում է դեկորը, փոխվում է այն, թե որ երկրից են ներմուծվում նյութերը, փոխվում են ծաղիկների որակը, դեկորների գույնը, ծավալը։ Եվ դրա հետ մեկտեղ, երբ ամեն ինչ փոխվում է, ինքն իրեն փոխվում են նաև ձևավորման տեսակն ու որակը, մոտեցումները։


Փոխվում է նաև մարդկանց մտածելակերպը․ գնալով ավելի ճոխ են դառնում ձևավորումները, մարդիկ սկսում են ավելի քիչ խնայել ձևավորման վրա և այն բերել առաջին պլան, քանի որ միջոցառման ընթացքում ամենակարևոր փուլերից մեկը հենց ձևավորումն է։


Նույն լուսանկարիչը հարսանիքը ֆիքսելիս ֆիքսում է նաև գեղեցիկ ձևավորումը։ Եթե չկա սիրուն ձևավորում, չկա գեղեցիկ հարսանիք։


Ի՞նչ նոր գաղափարներ կամ նախագծեր կարող ենք սպասել ELIGUMYANS-ից մոտ ապագայում։


- Ամեն օր ELIGUMYANS-ը նորություն է տալիս թե՛ ձևավորումներում, թե՛ մեր հետագա պլաններում։ Մենք ունենք շատ մեծ և շատ սպասված նախագիծ, որի մասին դեռ չեմ ուզում խոսել։


Ես վստահ եմ՝ շատ-շատերն են դրան սպասում։ Շատ են նամակները, շատերն են հետաքրքրվում ու սպասում։ Շատ հետաքրքիր է լինելու, շատ սպասված է ու, կարծում եմ, շատերին դուր է գալու։