Հայաստանում մարքեթինգային ընկերություն ղեկավարելիս ո՞րն է ամենամեծ դժվարությունը, որի մասին դրսից հաճախ չեն պատկերացնում։
- Մենք ուղղակի գովազդ միացնելով չենք զբաղվում։ Մենք վերցնում ենք ամբողջ բիզնեսի զարգացումը և պատասխանատվություն ենք կրում վաճառքի ավելացման համար։ Այս պարագայում վաճառքի վրա կան բազմաթիվ այլ գործոններ, որոնք մեր ազդեցության տակ չեն։ Բայց փաստացի դա մի մեծ սթրես է, երբ դու փորձում ես կառավարել մի բան, որը քո ազդեցությունից դուրս է, և դրա համար պատասխանատվություն ես կրում։
Այդ պատասխանատվությունը շատ գնահատելի է, բայց կողքից չի երևում, թե ներսում ինչ է կատարվում։ Ներսում պետք է թիմ լինի, որտեղ յուրաքանչյուրն ամենայն մանրակրկիտությամբ զբաղվի իր գործով։ Պետք է լինեն այնպիսի մարդիկ, որոնց ամեն ինչ պետք չէ հիշեցնել, որոնք կվերցնեն այդ, այսպես ասած, ownership-ը՝ սեփականատիրական մտածողությունը, և ինքնուրույն կվարեն իրենց գործը։
Այդ ամենի կազմակերպումը, դետալային աշխատանքը, բոլոր գործընթացների մանրակրկիտ կառավարումը երբևէ կողքից չի երևում։ Դրա համար առաջինը սթրեսն է, երբ մեր ազդեցությունից դուրս գտնվող գործոնների առկայությամբ մենք պատասխանատվություն ենք կրում վաճառքի ավելացման համար։ Եվ երկրորդը՝ այդ ամենի մանրակրկիտ կազմակերպումը։
Հայկական բիզնեսներն այսօր մարքեթինգից ի՞նչ են ակնկալում, և որքանո՞վ են այդ սպասումները համընկնում իրական հնարավորությունների հետ։
- Չեմ կարող ասել, որ հայկական բիզնեսը մարքեթինգից ակնկալում է մի բան, որն անհնար է իրականացնել, բայց առաջնահերթությունների խնդիր կա։
Հաճախ միաժամանակ ակնկալվում են փոքր բյուջե, զրոյական ռիսկ, երկարաժամկետ բրենդ և կարճաժամկետ արդյունք։ Բայց երբ անդրադառնում ես այս առաջնահերթություններին, պարզվում է, որ բիզնեսն ինքն էլ կարող է դրանք հստակ չգիտակցել։ Իսկ երբ գալիս ես քննարկման և միասին վեր եք հանում առաջնահերթությունները, ամեն ինչ դառնում է ավելի կառավարելի։
Մրցակցային այս շուկայում ինչպե՞ս առանձնանալ և դառնալ այն թիմը, որին հաճախորդները վստահում ու խորհուրդ են տալիս ուրիշներին։
- Մենք, ցավոք, ապրում ենք մի ժամանակաշրջանում, որտեղ միայն պատասխանատու լինելով կարող ես տարբերվել։
Եվ երկրորդը՝ պետք է պատասխանատվության բնավորությունը վերածել համագործակցության ձևաչափի։
Հենց դրա համար է, որ մենք կարողացել ենք ռիսկի դիմել և աշխատել sales-based մոդելով։ Մեր ընկերությունն աշխատում է վաճառքի ավելացման երաշխիքով։ Եթե գործընկերության արդյունքում վաճառքի աճ չի գրանցվում, մենք չենք ասում՝ լիդերն աճել են, հետևորդներն ավելացել են, մենք մեր գործն արել ենք, ցտեսություն։
Այո՛, կարող է նաև վաճառքի բաժնում խնդիր լինել, բայց ես, կրթությամբ մարքեթոլոգ լինելով, ասում եմ, որ դա ևս մարքեթոլոգի պատասխանատվության մեջ է՝ վերլուծել այդ փուլի խնդիրը և ընդհանուր առմամբ զարգացնել բիզնեսը։ Մարքեթինգը դրա համար է։ Այս ձևաչափում դու գործընկերոջը ցույց ես տալիս, որ եթե կա գաղափար, մենք ևս պատրաստ ենք ներդնել մեր ռեսուրսներն այդ գաղափարի իրականացման համար և կրել նույն ռիսկը, ինչ դուք։ Ու այս պարագայում մենք արդեն չենք տարբերվում նրանով, որ մի լավ մասնագետ ավելի ունենք կամ մի ծառայություն ավելի ենք մատուցում։
Եթե ընկերությունը պատասխանատու է, և համագործակցության ձևաչափը ևս հիմնված է պատասխանատվության վրա, ապա միշտ կարող ենք գտնել էլ ավելի լավ մասնագետների, որոնք յուրահատուկ կդարձնեն մեր ծառայությունը։ Բայց խնդիրը պատասխանատվության և համագործակցության մոդելի մեջ է։