Կամ մեզ հետ
+374 (55) 81-01-01
Յունիքորն բիզնես կենտրոն, Մարո Մարգարյան 2/4, Երևան

Հարցազրույց Speech Academy-ի հիմնադիր` Տոմա Հակոբյանի հետ

article image
Հեղինակ
no img
B1 Media
08.11.2026

B1 Media-ն բացառիկ հարցազրույց է ունեցել «Speech Academy»-ի հիմնադիր Տոմա Հակոբյանի հետ։

___________________________________

Ինչպե՞ս ծնվեց Speech Academy-ի գաղափարը, և ի՞նչ նպատակով ստեղծվեց այս հարթակը։


- Խոսքի ակադեմիայի հիմնադրումը շատ մտածված քայլ էր, և այն իմ գործունեության կարևորագույն մասն է։ Ես ինքս ունեմ հաղորդավարի տարիների փորձ և, որքան ինձ հիշում եմ, իմ ողջ կյանքը կապել եմ խոսքի հետ։


Դեռ մագիստրատուրայում սովորելու տարիներին Ռուս-հայկական համալսարանի իմ սիրելի լրագրության ամբիոնից դասավանդելու առաջարկ ստացա։ Հենց այդ ժամանակ հասկացա, որ միայն լավ մասնագետ լինելն ինձ համար բավարար չէ։ Ես ցանկանում էի մարդկանց հետ կիսվել տարիների ընթացքում կուտակած իմ փորձով և գիտելիքներով։ Եվ այսպես ծնվեց Խոսքի ակադեմիայի գաղափարը։


Ինձ միշտ ոգեշնչել է նաև մայրիկս, ով իմ մեջ սերմանել է սերը հայերենի և գրագետ խոսքի նկատմամբ։ Մայրիկս հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի է, և մեր տանը ես միշտ լսել եմ գեղեցիկ, գրագետ խոսք։


Ինստագրամում նույնպես ունեմ շարքեր՝ նվիրված վստահ և ազդեցիկ խոսքին, հայերենում տարածված սխալներին։ Այս շարքերը մեծ արձագանք են գտնում, և հանրության հետաքրքրությունն էլ իր հերթին ոգեշնչեց ինձ։


Խոսքի ակադեմիայի նպատակն է օգնել մարդկանց բարելավել և կատարելագործել իրենց խոսքը, խոսել վստահ, արտահայտիչ ու գեղեցիկ, ձայնը դարձնել լսելի և հնչեղ, զարգացնել հաղորդակցման հմտությունները և խոսքն ու ձայնը կիրառել առօրյայում՝ որպես հզոր գործիքներ։


Ինչպե՞ս կսահմանեք ազդեցիկ խոսքը, և ի՞նչ է անհրաժեշտ մարդուն՝ վստահ ու համոզիչ խոսելու համար։


- Ազդեցիկ խոսքը տարբեր գործոնների ամբողջություն է։ Այստեղ կարևոր են շնչառությունը, ձայնի բարձրությունը, երանգավորումը, տեմբրը, խոսքի հնչերանգը, մատուցման ձևը, տեմպն ու ռիթմը, հնչյունների հստակ և պարզ արտասանությունը, ինչպես նաև խոսքի սահուն, տրամաբանական շարադրանքն ու տրամաբանական շեշտադրումները։ Այս ամենից է կախված ազդեցիկ խոսքը։


Իհարկե, ազդեցիկ խոսելու համար անհրաժեշտ է հետևողական, ամենօրյա աշխատանք և մարզանք։ Կարևոր է լավ ճանաչել սեփական ֆիզիոլոգիան և տարբեր մեթոդների ու վարժությունների միջոցով աշխատել խոսքի և ձայնի վրա։


Եթե մարդն ունի լուրջ նպատակ, կարևոր է նաև դիմել մասնագետի և ճիշտ մասնագիտական ուղղորդմամբ, քայլ առ քայլ հասնել մեծ արդյունքների։ Պակաս կարևոր չէ նաև մտածողության հետ աշխատանքը, քանի որ վստահ և համոզիչ խոսքը սկսվում է նաև մեր մտքերից։


Ովքե՞ր են հիմնականում դիմում Խոսքի ակադեմիա, և ի՞նչ հմտություններ են ցանկանում զարգացնել։


- Խոսքի ակադեմիայի ուսանողները շատ տարբեր ոլորտների ներկայացուցիչներ են։ Մեզ դիմում են բժիշկներ, իրավաբաններ, ծրագրավորողներ, գրասենյակային և վարչական աշխատակիցներ, ինչպես նաև այլ մասնագետներ, որոնք ցանկանում են ճիշտ, հստակ և վստահ ներկայացնել իրենց մասնագիտական հմտությունները։


Դիմում են նաև ձեռներեցներ և բիզնեսի ոլորտի ներկայացուցիչներ, որոնք ցանկանում են իրենց բիզնեսը ներկայացնել ճիշտ լույսի ներքո։


Հաճախ մեզ դիմում են մարդիկ, որոնք արդեն ունեն զարգացած հաղորդակցման հմտություններ, սակայն ցանկանում են էլ ավելի կատարելագործել իրենց խոսքը։


Կան նաև մարդիկ, որոնք ունեն հստակ նպատակներ՝ կարգավորել շնչառությունը, ազատվել մակաբույծ բառերից և հնչյուններից, սովորել խոսել ավելի անկաշկանդ, գեղեցիկ ու վստահ։


Հանրային խոսքի հմտությունները որքանո՞վ կարող են ազդել մարդու մասնագիտական զարգացման և կարիերայի հնարավորությունների վրա։


- Հանրային խոսքի հմտությունները կարող են մեծ ազդեցություն ունենալ մարդու մասնագիտական զարգացման և կարիերայի հնարավորությունների վրա։


Այսօր շատ կարևոր է, որ մասնագետը կարողանա ճիշտ ձևակերպել իր մտքերը, վստահ ներկայացնել սեփական գիտելիքներն ու հմտությունները և արդյունավետ հաղորդակցվել տարբեր լսարանների հետ։


Ազդեցիկ հանրային խոսքի շնորհիվ՝ լինի դա տեսախցիկի առջև, առցանց թե անցանց հարթակներում կամ հանրային ելույթների ընթացքում, մենք կարող ենք գրավել մարդկանց ուշադրությունը, վստահություն ներշնչել և ազդել նրանց որոշումների վրա։


Հետևաբար, խոսքը ոչ միայն հաղորդակցման միջոց է, այլև մասնագիտական առաջընթացի և ինքնադրսևորման կարևոր գործիք։


Սոցիալական ցանցերի դարաշրջանում տեսախցիկի առջև խոսելու կարողությունը դարձել է կարևոր հմտություն։ Ինչպե՞ս եք օգնում մարդկանց զարգացնել այն։


- Սոցիալական ցանցերի դարաշրջանում տեսախցիկի առջև խոսելու կարողությունը դարձել է կարևոր մրցակցային առավելություն։ Այսօր մարդիկ ավելի շատ վստահում են այն բիզնեսին, որի հետևում կա անհատական ուժեղ բրենդ ունեցող անձնավորություն։ Այդ վստահությունն էլ հաճախ նպաստում է, որ մարդիկ ընտրեն տվյալ բիզնեսի առաջարկած ապրանքները կամ ծառայությունները։


Հետևաբար, շատ կարևոր է, որ մասնագետը կարողանա տեսախցիկի առջև խոսել անկաշկանդ, ճիշտ ձևակերպել իր մտքերը և գրագետ ներկայանալ սոցիալական ցանցերում։


Այս հմտությունը զարգացնելու համար կարևոր է նաև այն բովանդակությունը, որը մենք ամեն օր սպառում ենք։ Պետք է ուշադրություն դարձնել, թե ինչ ենք սովորում, ինչ ենք լսում, ինչ ֆիլմեր ենք դիտում և ինչ փոդքաստներ ենք լսում։ Այդ ամենն ազդում է մեր ակտիվ և պասիվ բառապաշարի վրա, և մենք ակամայից սկսում ենք այն կիրառել առօրյայում։


Խորհուրդ եմ տալիս լսել լավ խոսնակների, հետևել որակյալ բովանդակության և հնարավորինս շատ խոսել։


Ինչպես նշվում է խոսքի արվեստին նվիրված գրականության մեջ, խոսելը նման է մեքենա վարելուն կամ ֆուտբոլում գոլ խփելուն․ որքան շատ ես վարժվում, այնքան ավելի լավ է ստացվում։


Ուստի խորհուրդ եմ տալիս հնարավորինս հաճախ բանավոր ձևակերպել սեփական մտքերը և օգտագործել բոլոր հնարավոր առցանց ու անցանց հարթակները՝ խոսքի հմտությունները զարգացնելու համար։


Ինչպե՞ս եք պատկերացնում խոսքի մշակույթի զարգացումը Հայաստանում առաջիկա տարիներին։


- Խոսքի ակադեմիան և դրա նկատմամբ հանրության հետաքրքրությունը վառ ապացույցն են այն բանի, որ Հայաստանում խոսքի մշակույթը զարգանում է։


Սակայն կարծում եմ, որ յուրաքանչյուր ոք իր մակարդակում և իր հնարավորությունների սահմաններում կարող է դրական փոփոխություններ բերել և նպաստել խոսքի մշակույթի զարգացմանը։


Մենք ինքներս ենք որոշում, թե ինչ բովանդակություն ենք մատուցում, օրինակ՝ մեր սոցիալական էջերում։ Արդյոք ցանկանում ենք մեր խոսքով օգտակար լինել մարդկանց, արդյոք ուզում ենք, որ մեր խոսքն արժեքահեն լինի։ Մեր խոսքով ցանկանո՞ւմ ենք օգնել մարդկանց, թե՞ վնասել։


Պետք է միշտ հիշել, որ խոսքը բուժում է։


Ես շատ ուրախ եմ, որ Խոսքի ակադեմիան ինձ համար վերածվել է յուրահատուկ առաքելության, որի միջոցով կարող եմ օգնել մարդկանց դառնալ ավելի անկաշկանդ, բացահայտել նոր հնարավորություններ, ավելի վստահ առաջ շարժվել և վառ կերպով ինքնադրսևորվել։