2023 թվականից Հայաստանում ներդրվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ, որի շրջանակներում քաղաքացիները պարտավոր են հայտարարագրել իրենց ստացած բոլոր եկամուտները:
ՀՀ-ում 2023-2025թթ.-ի ընթացքում ներդրվող ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի շրջանակներում՝ բացառապես ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ՀՀ քաղաքացիները (բացառությամբ անչափահասների) պարտավոր են հայտարարագրել իրենց կողմից ստացված բոլոր եկամուտները (այդ թվում՝ նվազեցվող (չհարկվող) և հարկային գործակալի կողմից վճարված)։ Դա անելու նպատակով հարկավոր է էլեկտրոնային եղանակով հարկային մարմին Հայտարարագիր ներկայացնել:
Հայտարարագիրը ներկայացվում է նաև այն դեպքում, երբ ֆիզիկական անձը տվյալ տարում որևէ եկամուտ չի ստացել: Հայտարարագիրը լրացվում է ֆիզիկական անձի կողմից ինքնուրույն, էլեկտրոնային եղանակով: Ֆիզիկական անձի կողմից Հայտարարագիր սահմանված ժամկետներում չներկայացնելու համար կիրառվում են պատասխանատվության նորմեր:
Եկամուտների հայտարարագրման պաշտոնական կայքի հղում
- Հայտարարագրի նրկայացման վերջնաժամկետ՝ 2025թ-ի մայիսի 1։
- 2024թ-ի համար հայտարարագիր պետք է ներկայացնի այն անձը, ով՝
- 2024թ.-ին համարվել է վարձու աշխատող.
2024թ.-ին ստացել է քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ.
2024թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ զբաղեցրել է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված պետական ծառայության, համայնքային ծառայության և (կամ) հանրային պաշտոն.
2024թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ հանդիսացել է 2023թ.-ի արդյունքներով 1,000,000,000 ՀՀ դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպության մասնակից (բաժնետեր, փայատեր, անդամ).
2024թ.-ի ընթացքում «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով համարվել է իրավաբանական անձի իրական շահառու.
2024 թվականի ընթացքում ստացել է 20,000,000 ՀՀ դրամի չափով կամ ավելի փոխառություն.
2023թ.-ին հանդիսացել է Հայտարարագիր ներկայացնող:
- 2023թ-ի համար հայտարարագիր պետք է ներկայացնի այն անձը, ով՝
- 2023թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ զբաղեցրել է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված պետական ծառայության, համայնքային ծառայության և (կամ) հանրային պաշտոն.
2023թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ հանդիսացել է 2022թ.-ի արդյունքներով 1,000,000,000 դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպության մասնակից (բաժնետեր, փայատեր, անդամ).
2023 թվականի ընթացքում «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով համարվել է իրավաբանական անձի իրական շահառու.
2023թ.-ի ընթացքում ստացել է 20,000,000 ՀՀ դրամի չափով կամ ավելի փոխառություն:
- 2025 թվականի հաշվետու տարվա (այս պահի դրությամբ` 2026 թվականին` մինչև մայիսի 1-ը) և դրան հաջորդող տարիների համար՝ բոլոր ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ՀՀ քաղաքացիները:
ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՐՈՇ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ
1. Աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներն են`
Աշխատավարձը (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ վարձատրություն)` ներառյալ արտաժամյա աշխատանքի վարձատրությունը, գիշերային աշխատանքի վարձատրությունը, հանգստյան և ոչ աշխատանքային (տոնական և հիշատակի) օրերին կատարված աշխատանքի վճարումը, լրավճարները, հավելումներ, հավելավճարները և պարգևատրումները (անկախ վճարման պարբերականությունից և ֆինանսավորման աղբյուրներից).
Աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցներից տրվող միանվագ գումարները (բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում տրվող փոխհատուցման գումարների, այդ թվում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով վճարվող ժամանակավոր անաշխատունակության նպաստների գումարների, օգնության գումարների, ինչպես նաև վարձու աշխատողների սոցիալական կարիքների բավարարման նպատակով տրվող գումարների).
Պարապուրդի ժամանակ վճարումը, այդ թվում նաև` նախկին աշխատանքում վերականգնվելու դեպքում հարկադիր պարապուրդի դիմաց վճարված աշխատավարձը, օրինական գործադուլին մասնակցող աշխատողներին վճարումը, լրացուցիչ և հատուկ ընդմիջումների վճարումը, աշխատանքի ծավալի ավելացման դեպքում աշխատանքի վարձատրությունը, առողջության ստուգման համար ծախսվող ժամանակի համար վճարումը (եթե աշխատողի առողջության ստուգումը պարտադիր է և պայմանավորված է աշխատանքի բնույթով).
Ամենամյա (նվազագույն, երկարացված, լրացուցիչ) և նպատակային (ուսումնական, պետական կամ հասարակական պարտականությունների կատարման համար) վճարովի արձակուրդի գումարները, ինչպես նաև աշխատանքային պայմանագիրը լուծելիս (աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի գործողությունը դադարեցնելիս) չօգտագործված արձակուրդի համար վճարվող հատուցումը (փոխհատուցումը).
հեղինակային վարձատրությունը (բացառությամբ Ռոյալթիների):
2. Քաղաքացիաիրավական պայմանագրերով ստացվող եկամուտներ
Քաղաքացիական պայմանագրերի շրջանակներում ՝
Աշխատանքի կատարում է համարվում աշխատանքի կատարման արդյունքի սեփականության իրավունքի փոխանցումը մեկ անձից մեկ այլ անձի` որևէ ձևով կատարվող հատուցմամբ (այդ թվում՝ մասնակի հատուցմամբ կամ դրամաշնորհների կամ սուբսիդիաների ձևով հատուցմամբ):
Ծառայության մատուցում է համարվում մեկ անձի կողմից մեկ այլ անձի օգտին գործողության իրականացումը` որևէ ձևով կատարվող հատուցմամբ (այդ թվում՝ մասնակի հատուցմամբ կամ դրամաշնորհների կամ սուբսիդիաների ձևով հատուցմամբ):
! Այլ եկամուտների մասին տեղեկատվությունը առկա է կից ներկայացվող ՊԵԿ-ի կողմից ընդունված փաստաթղթում:
- Ինչպիսի՞ պատասխանատվություն է սահմանվում hայտարարագիրը չներկայացնելու դեպքում
Եկամուտների հայտարարագրման հայտարարագիրը հարկային մարմին սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում կիրառվում է նախազգուշացում: Նախազգուշացումը կիրառելուց հետո՝30 օրվա ընթացքում, հաշվարկը հայտարարագիրը չներկայացնելը առաջացնում է տուգանքի նշանակում`
1. 50,000 ՀՀ դրամի չափով, եթե ֆիզիկական անձը՝
- հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ հանդիսացել է դրան նախորդող տարվա արդյունքներով 1,000,000,000 ՀՀ դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպության մասնակից (բաժնետեր փայատեր, անդամ).
«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով հանդիսացել է իրական շահառու.
հաշվետու տարվա ընթացքում ստացել է 20,000,000 ՀՀ դրամի չափով կամ ավելի փոխառություն:
2. 5,000 ՀՀ դրամի չափով՝ այլ ֆիզիկական անձանց համար:
Եթե ֆիզիկական անձը ներառված է վերը նշված կետերով սահմանված մեկից ավելի դեպքերում, ապա նրա նկատմամբ կիրառվում է այդ դեպքերի համար նախատեսված առավելագույն չափի տուգանքի մեծությունը:
Եթե տուգանքների նշանակումից հետո` 30 օրվա ընթացքում ֆիզիկական անձը չի ներկայացնում հայտարարագիրը, ապա այդ անձի նկատմամբ նշանակած տուգանքը կրկնապատկվում է: