Ցորենը ամենատարածված և ռազմավարական նշանակություն ունեցող գյուղատնտեսական մշակաբույսերից մեկն է, քանի որ հանդիսանում է միլիարդավոր մարդկանց սննդակարգի հիմք։ Այդ իսկ պատճառով աշխարհի գյուղատնտեսական հողերի ամենամեծ հատվածը բաժին է ընկնում հենց ցորենին։
Մեզ՝ հայերիս համար էլ ցորենը, դրանից պատրաստվող հացը և այլ ուտեստները առօրյայի անբաժանելի մաս են։ 2024թ․–ի ԱՐՄՍՏԱՏ–ի տվյալներով Հայաստանը արտադրել է շուրջ 120․7 հազար տոննա ցորեն, սակայն տեղական արտադրությունը չի բավարարում պահանջարկը․ նույն տարում երկիրն ներմուծել է ավելի քան 315․6 հազար տոննա ցորեն, մինչդեռ արտահանել է ընդամենը 38 հազար տոննա։ Այս տարբերությունը հստակ ցույց է տալիս, որ որ երկրի պահանջարկը մեծապես կախված է ներմուծումից։ Այդ իսկ պատճառով անգամ գների փոքր տատանումները անմիջապես զգում է Հայաստանի յուրաքանչյուր ընտանիք։
Եթե դիտենք ցորենի գների պատմական դինամիկան, ապա կնկատենք, որ վերջին վեց տասնամյակների ընթացքում դրանք աստիճանաբար բարձրացել են (Աղյուսակ 1)։ Իհարկե, մինչև 2020թ․–ը համաշխարհային ցորենի շուկան դեռ համեմատաբար կայուն էր։ Սակայն դրանից հետո նկատվեց գների կտրուկ ցատկ։
Գծապատկեր 1․ Ցորենի համաշխարհային գինը (ԱՄՆ դոլլար/տոննա)

* Գծապատկերները կազմվել են հեղինակի կողմից՝ օգտվելով Համաշխարհային Բանկիտվյալադարանից։Ցորենի տեսակը՝HRW (Hard Red Winter Wheat)
Բանն այն է, որ 2020թ․–ից ի վեր ցորենի համաշխարհային շուկան անցել է կառուցվածքային կայունությունից դեպի ծայրահեղ անկայունության շրջան։Դրա հիմնական պատճառներից մեկն ռուս-ուկրաինական պատերազմն էր։
Պատճառը նրանում էր, որ աշխարհի խոշոր արտահանողները՝ Ռուսաստանը և Ուկրաինան, ինչպես նաև Եվրամիությունը, կենտրոնացած էին մեկ տարածաշրջանում՝ Սևծովյան միջանցքի շուրջ։ Այս «խտացումը» աշխարհագրական և քաղաքական անկայունությունը վերածեց համաշխարհային սննդային ռիսկի։ Երբ Սևծովյան ուղին փակվեց, շուկան կորցրեց հավասարակշռությունը, և գների կտրուկ աճը դարձավ գրեթե անխուսափելի։Մինչև 2022թ.-ի փետրվարը Ուկրաինայի հացահատիկի շուրջ 90%-ը արտահանվում էր Սև ծովի նավահանգիստներով։ Ռուսական ռազմածովային շրջափակումը և ականապատումը գրեթե լիովին դադարեցրին առևտրային նավերի շարժը։ Արդյունքում՝ 2022 թ․–ի մարտին ցորենի գները հասան պատմական առավելագույն գնին՝ հատելով 11 ԱՄՆ դոլարի սահմանը մեկ բուշելի դիմաց (1 բուշել ~= 25.4 կգ)։
Այս փոփոխությունները հատկապես ծանր ազդեցություն ունեցան սննդային անապահովությամբ բնորոշ երկրների վրա։ Միջին Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի բազմաթիվ երկրներ խիստ կախված են Սևծովյան ցորենից, մասնավորապես Լիբանանի ցորենի ներկրման 67%–ը, իսկ Գամբիայի՝ 84%-ը ապահովում էր Ուկրաինան։ Երբ մատակարարումները կանգ առան, այդ երկրները հայտնվեցին ծայրահեղ խոցելի պայմաններում։
Համաշխարհային այս ցնցումները անարձագանք չթողեցին նաև Հայաստանի շուկան։ Թեև իրավիճակն այնչափ ծայրահեղ չէր, ինչպես վերը նշված երկրներում՝ տեղական շուկան ևս զգաց ցորենի գների աճի հետևանքները։ Պատերազմից հետո մեկ տարվա ընթացքում Հայաստանում ցորենի գինը բարձրացավ շուրջ 17%–ով (Գծապատկեր 3), հասնելով մեկ կգ–ի դիմաց 176 դրամի, ինչը ռեկորդային էր առնվազն վերջին տասնամյակի համար։
Այդուհանդերձ, տեղական արտադրության որոշակի ծավալներն ու ներմուծման բազմազան ուղիները մեղմեցին ճգնաժամի ազդեցությունը՝ թույլ չտալով, որ գների աճը դառնա սպառնալիք սոցիալական կայունության համար։
Աղյուսակ 3․ Ցորենի միջինացված գինը հայաստանյան շուկայում 2020 թ․–ից ի վեր (դրամ/կգ)

* Գծապատկերները կազմվել են հեղինակի կողմից՝ օգտվելով ԱՐՄՍՏԱՏ–ի հաշվետվություններից։
Սակայն ցորենի գների տատանման պատճառը միայն պատերազմը չէր։ Պատերազմը համընկավ նաև ցորենի արտադրության գլոբալ խնդիրների հետ։ Նախ, 2022թ․–ին աննախադեպ շոգը հարվածեց Հնդկաստանի (ցորենի արտադրությամբ երկրորդ խոշորագույն երկրի) ցորենի արտադրությանը։ Ուստի Հնդկաստանի կառավարությունը, փորձելով պահպանել ներքին պաշարները, սահմանեց արտահանման արգելք, ինչը էլ ավելի նվազեցրեց համաշխարհային մատակարարումները։ Միևնույն ժամանակ, էներգետիկ ճգնաժամը և պարարտանյութերի շուկայում թանկացումները բարձրացրին ցորենի արտադրական ծախսերը ամբողջ աշխարհում։ Արդյունքում ձևավորվեց ցորենի ինքնարժեքի նոր շեմ, որը մինչ օրս պահպանվում է հարաբերականորեն բարձր։
Ներկայումս, չնայած շարունակվող պատերազմին և տնտեսական ճնշումներին՝ համաշխարհային ցորենի շուկան վերակառուցվում է, ինչի արդյունքում իր դիրքերը ամրապնդում է մասնավորապես Ռուսաստանը։ Մինչդեռ Ուկրաինայի արտահանման կարողությունները 2023–2024թթ․–ներին կտրուկ նվազեցին և ցորենի կանխատեսվող ծավալը շուրջ 44 %-ով պակասեց, Ռուսաստանը պահպանեց իր արտադրողականությունը։ 2022թ․–ին այն հասավ 104.2 միլիոն տոննայի։ Օգտվելով այս ներուժից, ինչպես նաև մրցունակ արտահանման գներից և ծավալային պատժամիջոցների բացակայությունից՝ Ռուսաստանը 2022-2023թթ․–ին արտահանեց 41.5 միլիոն տոննա ցորեն՝ ապահովելով համաշխարհային ցորենի արտահանման շուկայի շուրջ 20.5 %-ը։ Ռուսաստանը կարողացավ արդյունավետորեն կիրառել իր համեմատական առավելությունները՝ նույնիսկ պատերազմի պայմաններում։ Այն խորացրեց իր ազդեցությունը Կենտրոնական Ասիայի, Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի շուկաներում՝ այն տարածքներում, որոնք ավանդաբար կախված էին Ուկրաինայի ցորենի մատակարարումներից։
Այսօր ցորենի համաշխարհային շուկան դեռևս գտնվում է որոշակի հավասարակշռության փուլում՝ այժմ ցորենի միջին գինը մեկ բուշելի դիմաց գրեթե մոտ է 2020 թ․–ի ցուցանիշին։ Առաջին հայացքից սա կարելի է ընկալել որպես կայունացման նշան, սակայն այն կարող է պայմանավորված լինել խոշոր արտահանող երկրների՝ հատկապես Ռուսաստանի Դաշնության առատ բերքով։ Չնայած ցածր գների և առատ բերքի, համաշխարհային պահուստները մոտենում են վերջին ինը տարիների ամենացածր մակարդակին։ Սա նշանակում է, որ մատակարարման անգամ փոքր խափանումը կամ անբարենպաստ եղանակային պայմանները կարող են նորից սրել պարենային շուկայում առկա պայմանները։