Հայաստանին բնորոշ են բնակչության հաճախակի տեղաշարժեր, ինչը անկախությունից հետո զգալիորեն ազդել է ոչ միայն ազգային ինքնության, այլև երկրի տնտեսական կառուցվածքի վրա։ Մասնավորապես, Հայաստանում տնային տնտեսությունների 4%-ն ունի ընտանիքի անդամ, որը ներկայումս գտնվում է արտերկրում, իսկ 23% դեպքերում ընտանիքի անդամներից գոնե մեկը անցյալում արտագաղթել է և վերադարձել։ Սակայն վերջին տարիներին երկրում տեղի է ունեցել միգրացիոն գործընթացների խորքային փոփոխություն։ Հայաստանը աստիճանաբար անցում է կատարել քրոնիկ արտագաղթից տարածաշրջանային միգրացիայի։ Այս փոփոխությունը պայմանավորված է սլավոնական երկրներից բարձր տեխնոլոգիական հմտություններով զինված մասնագետների ներհոսքով, Հարավային Ասիայից աշխատուժի աճող հոսքով և Լեռնային Ղարաբաղից զանգվածային տեղահանությամբ։
Հայաստանում ժամանակակից միգրացիոն գործընթացները հասկանալու համար նախ անհրաժեշտ է դիտարկել դրանց պատմական հիմքերը։ Խորհրդային Միության փլուզումից հետո երկիրը բախվեց զանգվածային արտագաղթի։ 1990-ականների սկզբին տնտեսական և էներգետիկ ճգնաժամը և Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմը ձևավորեցին ծանր սոցիալ-տնտեսական միջավայր և մինչև 2020–ականները արտագաղթը Հայաստանում դարձավ կայուն և շարունակական գործընթաց։ Միգրացիայի հիմնական շարժիչ ուժերը աշխատատեղերի սահմանափակ աճն ու աշխատավարձերի զգալի տարբերությունն էին Հայաստանի և միգրացիայի հիմնական ուղղության՝ Ռուսաստանի միջև։
2010–2015թթ․-ին Հայաստանում զուտ միգրացիան շարունակաբար բացասական էր՝ մարդկանց տարեկան կորուստը կազմում էր 15,000–30,000 (տե՛ս գծապատկեր 1)։ Այս շրջանում ձևավորվեց սեզոնային միգրացիայի մի մոդել, երբ Հայաստանի մարզերից, հատկապես Լոռիից և Շիրակից, տղամարդիկ գարնանը մեկնում էին Ռուսաստան՝ շինարարության կամ գյուղատնտեսության ոլորտներում աշխատելու, իսկ ձմռանը վերադառնում էին Հայաստան։ Այս երևույթը ձևավորեց սոցիալական կառուցվածք, որտեղ բազմաթիվ ընտանիքներ կախված էին արտերկրից եկող դրամական փոխանցումներից։

Գծապատկեր 1․ Բնակչության զուտ միգրացիան Հայաստանում՝ 2010-2024 թթ․
Աղբյուր՝ Համաշխարհային բանկ, Համաշխարհային բնակչության կանխատեսումներ
2010թ․-ին զուտ միգրացիայի ցուցանիշը ռեկորդային էր՝ մոտ -30,000 մարդ։ Սա մեծապես պայմանավորված էր ֆինանսական ճգնաժամի շարունակական ազդեցությամբ, որը ծանր հարված հասցրեց հատկապես շինարարության և հանքարդյունաբերության ոլորտներին։ Հետագա տարիներին ցուցանիշը համեմատաբար բարելավվեց, ինչը պայմանավորված էր տնտեսության դանդաղ կայունացմամբ, սակայն դեռևս տատանվում էր -13000-ից -16000–ի շրջանում, իսկ 2021թ․-ին հասավ մոտ -19500–ի (տե՛ս գծապատկեր 1)։
Սակայն միգրացիոն պատկերը կտրուկ փոխվեց 2021թ․-ից հետո։ Տասնամյակների ընթացքում առաջին անգամ Հայաստանը գրանցեց դրական միգրացիա՝ հիմնականում արտաքին աշխարհաքաղաքական իրադարձությունների պատճառով։ 2022թ․-ին զուտ միգրացիան հասավ +38,000-ի՝ նախորդ տարիների բացասական ցուցանիշների համեմատ (տե՛ս գծապատկեր 1)։ Այս աճի հիմնական պատճառը ռուս–ուկրաինական հակամարտությունն էր և դրան հաջորդող սահմանափակումները Ռուսաստանում։ Հայաստանը դարձավ սլավոնական ազգերի, հատկապես ՏՀՏ ոլորտի մասնագետների հիմնական ուղղություններից մեկը՝ վիզայի սահմանափակումների բացակայության, ռուսերենի լայն կիրառության և ֆինանսական ծառայությունների մատչելիության շնորհիվ։ Այս ներհոսքը նաև որակական փոփոխություն բերեց միգրանտների կառուցվածքում, քանի որ ռելոկանտները հիմնականում բարձրագույն կրթությամբ և տեխնոլոգիական հմտություններով մասնագետներ էին, որոնք իրենց հետ տեղափոխում էին բիզնես կապեր և մասնագիտական ցանցեր։ 2022թ․-ի մայիսին գնահատվում էր, որ Ռուսաստանից, Բելառուսից և Ուկրաինայից շուրջ 24,400 մարդ տեղափոխվել էր Հայաստան, որոնց մեծ մասը բնակություն էր հաստատել Երևանում։ Այս խմբի միջին տարիքը մոտ 28 էր, և նրանց մեծ մասը՝ ավելի քան 84%-ը ուներ բարձրագույն կրթություն, իսկ 54%-ը աշխատում էր անմիջապես ՏՀՏ ոլորտում։ Նրանց ներկայությունը նպաստեց Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը, սակայն նաև ստեղծեց եկամուտների զգալի տարբերություններ տեղական բնակչության համեմատ։ Ուստի ներգաղթի ազդեցությունն անմիջապես զգացվեց անշարժ գույքի շուկայում, որտեղ վարձավճարները կտրուկ աճեցին, ինչպես նաև սպասարկման ոլորտում, որտեղ կտրուկ աճեց բարձրակարգ հյուրընկալության ծառայությունների և coworking տարածքների պահանջարկը։
2023թ․-ին միգրացիոն աճը դարձավ ավելի արտահայտված՝ հասնելով մոտ +75,000-ի (տե՛ս գծապատկեր 1)։ Այս ցուցանիշը պայմանավորված էր ռելոկանտների շարունակական ներհոսքով և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության զանգվածային տեղահանումներով՝ 2023թ․-ի սեպտեմբերին։ Ադրբեջանի ռազմական գործողություններից հետո ավելի քան 115,000 մարդ կարճ ժամանակահատվածում տեղափոխվեց Հայաստան, ինչը կազմում էր երկրի բնակչության մոտ 4%-ը։ Այս խմբի կազմում գերակշռում էին կանայք և երեխաները՝ մոտ 66%։ Լեռնային Ղարաբաղից տեղափոխված բնակչության ինտեգրումը բարդ գործընթաց էր։ Չնայած պետական աջակցության ծրագրերին, երկրորդային միգրացիայի ռիսկը պահպանվում էր և առկա է մինչ այժմ։ Մասնավորապես, 2026թ․-ի հունվարի դրությամբ Հայաստանից արդեն իսկ հեռացել և չի վերադարձել մոտ 15130 բնակիչ։
Այս ներհոսքներին զուգահեռ, հատկապես 2017թ․-ից հետո վիզային քաղաքականության փոփոխություններից հետո, Հայաստանում աճել է նաև աշխատանքային միգրացիան Հնդկաստանից։ 2023թ․-ին նրանց ներհոսքը գնահատվել է մոտ 16,000 մարդ։ Այս միգրանտները՝ լինելով հիմնականում հնդկական միջին դասից, հաճախ միտում ունեն տեղափոխվել Հայաստան՝ դիտելով այն որպես ավելի անվտանգ կամ հասանելի այլընտրանք Պարսից ծոցի երկրներին, կամ դիտելով այն որպես Եվրոպա գնալու միջանկյալ փուլ։ Ի տարբերություն սլավոնացի ռելոկանտների, հնդիկ միգրանտները հիմնականում լրացնում են ցածր որակավորում պահանջող աշխատատեղերը շինարարության, գյուղատնտեսության և սպասարկման ոլորտներում։ Նրանք հաճախ աշխատում են սննդի առաքման ծառայությունների համար, օրինակ՝ Yandex–ի և Glovo–ի։
Այնուամենայնիվ, ի տարբերություն 2022-2023թթ․-ների ներգաղթի դրական վիճակագրությանը, այս արդյունքները Հայաստանում երկար չեն պահպանվել։ 2024թ․-ի տվյալները ցույց են տալիս, որ միգրացիան վերադարձել է բացասական մակարդակի՝ մոտ - 29,966։ Այսինքն, 2022–2023թթ․-ների աճը մասամբ ուներ ժամանակավոր բնույթ։ Ինչպես նկատվում է, շատ ռելոկանտների համար Հայաստանը ժամանակավոր հենակետ էր՝ նրանց զգալի հատվածն ի վերջո սկսեց տեղափոխվել այլ երկրներ։
Ինչ վերաբերում է միգրացիայի դիմող բնակչության ժողովրդագրական կազմին, տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանից արտագաղթը եղել և շարունակում է լինել հիմնականում տղամարդկանց մենաշնորհը։ Տղամարդիկ կազմում են միգրանտների մոտ 90%-ը, իսկ վերադարձողների՝ մոտ 81%-ը։ Սա պայմանավորված է հիմնականում աշխատաշուկայի պահանջներով, որտեղ հայ միգրանտները կենտրոնացած են շինարարության և արտադրության ոլորտներում։
Ընդհանուր առմամբ, «ուղեղների արտահոսքը» երկար տարիներ շարունակել է Հայաստանի համար լինել հրատապ խնդիր, սակայն վերջին տարիներին այն մասամբ հավասարակշռվում էր «ուղեղների ներհոսքով» և շրջանառությամբ։ Այնուամենայնիվ, երկարաժամկետ հեռանկարում Հայաստանը շարունակում է բախվել ժողովրդագրական մարտահրավերների, որոնք հնարավոր չէ լուծել միայն կարճաժամկետ տնտեսական աճով։