Կամ մեզ հետ
+374 (55) 81-01-01
Յունիքորն բիզնես կենտրոն, Մարո Մարգարյան 2/4, Երևան
Տնտեսական

Աշխատանքի արտադրողականությունը Հայաստանում․ մարտահրավերներ և զարգացման ուղիներ

article image
Տնտեսական
Հեղինակ
no img
Անի Գալստյան
Տնտեսագիտության թեկնածու, Ռուս-Հայկական Համալսարանի տնտեսագիտության և ֆինանսների ամբիոնի դոցենտ
27.05.2025

Աշխատանքի արտադրողականությունը առողջ տնտեսության գլխավոր ցուցանիշներից մեկն է։ Այն ցույց է տալիս ինչպես մարդկային ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը, այնպես էլ հայրենական արտադրանքի մրցունակությունը ներքին և արտաքին շուկաներում։ Որքան բարձր է աշխատանքի արտադրողականությունը, այնքան մեծ են մրցակցային առավելությունները։


Հայաստանի տնտեսության պարագայում, որին հատուկ է բնական և ֆինանսական պաշարների սղությունը և փոքր ներքին շուկան, աշխատանքի արտադրողականության բարելավումը ստանում է ռազմավարական նշանակություն որպես կայուն զարգացման աղբյուր։


Ներկայումս Հայաստանը աշխատանքի արտադրողակա­նու­թյամբ հետ է մնում աշխարհի մի շարք երկրներից։ Համաշխարհային բանկի տվյալների համաձայն, գնողունակության համարժեքությամբ մեկ աշխատողին ընկնող ՀՆԱ–ն երկրում կազմում է 44 414 ԱՄՆ դոլար 2023թ․դրությամբ, որը մոտ 19%–ով գերազանցում է 2021թ․գրանցված արդյունքը (նկար 1)։ Այս ցուցանիշը գրեթե երեք անգամ զիջում է բարձր եկամտի խմբի երկրներին, երկու անգամ՝ Ռուսաստանին և Թուրքիային։ Հարկ է նշել նաև, որ անգամ հարևան Վրաստանը, Իրանն ու Ադրբեջանը նույնպես գրանցել են առավել բարձր ցուցանիշներ։ Ստացվում է, որ Հայաստանում մարդկային կապիտալի օգտագործման արդյունավետությունը գտնվում է միջինից ցածր մակարդակում, ինչն էլ ազդակ է, որ երկրում մարդկային կապիտալը թերօգտագործվում է։


Ի՞նչն է պատճառը մարդկային կապիտալի անարդյունավետ և թեր–օգտագործման։


Նկար 1. Աշխատանքի արտադրողականության դինամիկան ըստ2021թգնողունակության համարժեքության, ԱՄՆ դոլար

Աղբյուր՝ Համաշխարհային բանկի տվյալների բազա


Առաջին հայացքից սա կարելի է վերագրել կրթության որակին կամ համապատասխան ներդրումների պակասին։ Սակայն իրականում մարդկային կապիտալի օգտագործման անարդյունավետության հիմնախնդիրը շատ ավելի խորն արմատներ ունի՝ ինչպես տնտեսական, այնպես էլ ինստիտուցիոնալ։ Նախ, Հայաստանում ձեռքի աշխատանքի բաժինը մնում է բավականին մեծ, հատկապես գյուղատնտեսությունում, շինարարությունում և փոքր ձեռնարկություններում։


Շինարարությունը, լինելով կապիտալատար ոլորտ, ոչ միայն ունի ցածր աշխատանքի արտադրողականություն, այլև ոլորտին հատուկ է արդյունավետության նվազման միտում վերջին տասը տարիների ընթացքում (նկար 2): Միևնույն ժամանակ, կապիտալատար ոլորտների շրջանում բարձր աշխատանքի արտադրողականություն և վերջինիս կայուն աճող միտում բնորոշ է միայն հանքարդյունաբերության ոլորտին։ Մարդկային կապիտալի օգտագործման արդյունավետության աճի միտում են դրսևորում նաև մշակող արդյունաբերության և էներգետիկայի ոլորտները, որտեղ 2023թ․դրությամբ համապատասխանաբար գրանցվել է 8.2 մլն ՀՀ դրամ և 12.7 մլն ՀՀ դրամ ավելացված արժեք մեկ աշխատողի հաշվով։


Նկար 2.Աշխատանքի արտադրողականությունը ՀՀ տնտեսության կապիտալատար ոլորտներում,մլն դրամ, 2013-2023թթ.

Աղբյուր՝ հեղինակի հաշվարկները հիմնված ՀՀ վիճակագրական կոմիտեյի տվյալների բազայի վրա


Կապիտալատար ոլորտներում աշխատանքի ցածր արտադրողականության հիմնական խնդիրներն են աշխատանքի ավտոմատացման ցածր մակարդակը, հնացած և ոչ արդիական սարքավորումների կիրառումը, տեխնոլոգիական հետամնացությունը, ինչպես նաև թվայնացման մեջ ներդրումների չնչին մակարդակը։


Ի տարբերություն կապիտալատար ոլորտների, աշխատատար ոլորտների սովորաբար հատուկ է համեմատաբար ավելի ցածր աշխատանքի արտադրողականության ցուցանիշներ։ Սակայն ելնելով կապիտալատար ոլորտներում ձեռքի աշխատանքի բարձր մասնաբաժնից՝ նշված տարբերությունն այնքան էլ մեծ չէ։ Անհրաժեշտ է նշել, որ բոլոր աշխատատար ոլորտներին հատուկ է մարդկային կապիտալի օգտագործման արդյունավետության աճի միտումը։ Առավել արդյունավետ է առողջապահության ոլորտը՝ 9.6 մլն ՀՀ դրամ ավելացված արժեք մեկ աշխատողի հաշվով։ Արդյունավետությունը բավականին բարձր է նաև գիտական և մասնագիտական գործունեության ոլորտում (5.7 մլն ՀՀ դրամ), սակայն ոլորտին բնորոշ է ավելացված արժեքի բարձր տատանողականություն տարիների ընթացքում։ 2015թ․–ից հետ կայուն աճի տեմպ է դրսևորում պետական ոլորտում մարդկային կապիտալի արդյունավետությունը՝ 5.6 մլն դրամ 2023թ․դրությամբ։



Նկար 3. Աշխատանքի արտադրողականությունը ՀՀ տնտեսության աշխատատար ոլորտներում,մլն դրամ, 2013-2023թթ.

Աղբյուր՝ հեղինակի հաշվարկները հիմնված ՀՀ վիճակագրական կոմիտեյի տվյալների բազայի վրա


Ծառայությունների ոլորտում խիստ կարևորվում է մարդկային կապիտալը որակն ու զարգացումը և ոլորտին բնորոշ է աշխատանքի արտադրողականության բարձր ցուցանիշներ։ Շնորհիվ թվայնացման ուղղությամբ մեծ ներդրումների, ֆինանսական և ապահովագրական գործունեությամբ զբաղվող կազմակերպություններին հաջողվեց 11 տարում գրեթե եռապատկել աշխատանքի արտադրողականությունը՝ 32.5 մլն դրամ 2023թ․դրությամբ, 11 մլն դրամ՝ 2013թ․–ին։ Առևտրի, փոխադրումների և պահեստավորման, հյուրընկալության և հանրային սննդի ոլորտներում դիտարկվում է աշխատանքի արտադրողականության կրկնապատկում վերջին տասը տարիների ընթացքում։


Նկար 4. Աշխատանքի արտադրողականությունը ՀՀ տնտեսության սպասարկման ոլորտներում, մլն դրամ, 2013-2023թթ.

Աղբյուր՝ հեղինակի հաշվարկները հիմնված ՀՀ վիճակագրական կոմիտեյի տվյալների բազայի վրա

Այնուամենայնիվ, մտահոգություն է առաջացնում լճացումը հատկապես այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են մշակող արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը և շինարարությունը։ Սակայն այս ոլորտներում մարդկային կապիտալի օգտագործման արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ է արտադրական հզորությունների արդիականացման ռազմավարական նախագիծ, որը թղթի վրա մնալու փոխարեն կդառնա իրականություն։ Անգամ արտադրական գործընթացների բազային ավտոմատացումը, պարզ թվային լուծումների ներդրումը կարող են բերել զգալի բարելավման։ Սակայն այս ամենն իմաստ չի ունենա առանց գործատուների կողմից մարդկային կապիտալում ներդրումների։ Արտադրողականության բարձրացմանը զգալիորեն նպաստում է աշխատակազմի վերապատրաստումն ու կարողությունների զարգացումը, ինչպես նաև որոշումների կայացման շղթայում նրանց ներգրավվածությունը։ Որքան բարձր է աշխատողի որակավորումն և ներգրավվածությունը, այնքան բարձր է իր կողմից ստեղծվող ավելացված արժեքը։

Աշխարհում ներկայիս տեխնոլոգիական աճի պայմաններում Հայաստանը հնարավորություն ունի անցում կատարել քանակականից որակական զարգացման։ Հարցը մեկն է՝ արդյո՞ք մենք դրան պատրաստ ենք։