Կամ մեզ հետ
+374 (55) 81-01-01
Յունիքորն բիզնես կենտրոն, Մարո Մարգարյան 2/4, Երևան

Ապահովագրություն բոլորի համար․ ի՞նչ է փոխվելու առողջական համակարգում 2026 թ․–ից հետո

article image
Հեղինակ
no img
Հայ Գործարարների Ասոցիացիա
26.10.2025

Հայաստանը կանգնած է առողջապահական համակարգիբարեփոխումներինոր շրջափուլի շեմին․ 2026 թ․–ին ՀՀ կառավարությունը նախատեսում է ներդնել առողջության պարտադիր համապարփակ ապահովագրության նոր համակարգ, որը, փուլ առ փուլ գործարկելով առաջիկա տարիներին, մինչև 2028 թ․–ը ապահովելու է ՀՀ բոլոր քաղաքացիներին պարտադիր ապահովագրությամբ՝ անկախ սոցիալական, աշխատանքային կամ առողջական կարգավիճակից։ Ծրագրի նպատակն է ապահովել, որ յուրաքանչյուր քաղաքացի կարողանա օգտվել որակյալ բուժօգնությունից՝ առանց մեծ ֆինանսական ծանրաբեռնվածության։


Այս լայնածավալ բարեփոխումը արդեն ամրագրված է օրենքով, ըստ որի ապահովագրական փաթեթը ներառում է բժշկական ծառայություններ, դեղորայքներ և բժշկական պարագաներ, որոնց արժեքը ամբողջությամբ կամ մասնակի ծածկվում է ապահովագրության կողմից։ Դրա դիմաց քաղաքացին վճարելու է ապահովագրավճար՝ պարտադիր գումար, որը փոխանցվելու է պետական հիմնադրամի բյուջե։ Հիմնադրամը վերահսկելու է համակարգի աշխատանքը, ապահովելու է վճարումների հաշվարկը, ինչպես նաև հրապարակելու է այն բժշկական հաստատությունների ու դեղատների ցանկը, որոնք համագործակցում են պետության հետ և ներառված են ապահովագրության պայմանագրում։


Ապահովագրական փաթեթը ներառելու է բժշկական օգնություն և սպասարկում համարվող խորհրդատվական, կանխարգելիչ, բուժական, դեղորայքային օգնության ցուցաբերման, ախտորոշիչ հետազոտությունների, վերականգնողական բուժման ծառայություններ (մինչև 50000 դրամ յուրաքանչյուր օրվա համար): Այն դեպքերում, երբ ծառայության արժեքը գերազանցի ապահովագրությամբ նախատեսված հատուցման գումարը, տարբերությունը լրացվելու է համավճարով՝ քաղաքացին ինքն է վճարելու մնացած մասը։


Ըստ օրենքի, ապահովագրական փաթեթից օգտվելու համար պարտադիր է լինելու անցնել կանխարգելիչ բժշկական զննություն։ Հատկանշական է, որ ապահովագրական փաթեթում ներառված բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները, դեղերը և բժշկական պարագաները կարող են տարբերակվել բացառապես պայմանավորված ապահովագրված անձանց տարիքի, սեռի և կարգավիճակի առանձնահատկություններով։


Ապահովագրության փաթեթում ներառվելու են պաշտոնական վիճակագրությամբ ՀՀ–ում բնակչության համար տարածված, մահացության և հաշմանդամության հիմնական պատճառ հանդիսացող հիվանդությունների և վիճակների կանխարգելման, բուժման և շարունակական հսկողության նպատակով ՀՀ տարածքում հասանելի բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները: Սրանից ելնելով, բուժօգնությունը տրամադրվելու է միայն այն բժշկական հաստատություններում և դեղատներում, որոնք համագործակցում են Հիմնադրամի հետ։ Սակայն եթե հերթագրման ժամկետները գերազանցեն սահմանված չափը (ժամկետները հստակեցված չեն), քաղաքացին իրավունք կունենա դիմել այլ հաստատությունների, ապա ստանալ հատուցում։


Ապահովագրավճարի չափը հաշվարկվելու է ելնելով քաղաքացու եկամտից և տարբեր սոցիալական գործոններից։ Տարեկան այն կազմելու է մոտ 120000–ից 164000 դրամ, կամ ամսական՝ 10000-ից 13700 դրամ։ Ապահովագրական համակարգում ընդգրկված քաղաքացիների որոշ խմբերի շրջանում նախատեսվում է ունենալ հատուկ արտոնություններ։ Զեղչերը կարող են սահմանվել 50, 70 կամ 80 տոկոսի չափով՝ կախված սոցիալական խմբերից (մանրամասները ամրագրված են օրենքի հոդված 9–ում)։ Գործատուները կարող են ամբողջությամբ կամ մասնակիորեն փոխհատուցել աշխատողի կամ նրան փոխկապակցված անձի ապահովագրավճարը՝ ըստ կոլեկտիվ պայմանագրի դրույթների, իսկ ապահովագրության համար վճարված գումարները դիտարկվելու են որպես սոցիալական ծախս և հնարավոր է հետագայում վերադարձվեն եկամտային հարկից։


Ինչ վերաբերում է համակարգի ներդրման առաջին փուլին, որը մեկնարկելու է 2026 թ․–ին, ապա այն ներառելու է հասարակության կոնկրետ խմբերին։ Ինչպես նշում է առողջապահության նախարար Անահիտ Ավետիսյանը իր ելույթներից մեկում, մինչև 18 տարեկան երեխաները, 65 և բարձր տարիքի քաղաքացիները, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձինք ստանալու են պետության կողմից 100% սուբսիդավորում՝ առողջական ապահովագրության համար և ներառվելու են համակարգի մեկնարկային առաջին փուլում։ Պարտադիր առողջական ապահովագրությունը 2026 թ․–ին ընդգրկելու է նաև այն անձանց, որոնց ամսական եկամուտը գերազանցում է 200000 դրամը։ Առողջության ապահովագրության փաթեթի արժեքը կազմելու է տարեկան 129600 դրամ, որը վճարվելու է ամսական։


Առողջական պարտադիր ապահովագրությունը մեծ քայլ է դեպի ավելի բարեկեցիկ հասարակություն, սակայն դրա ներդրման շուրջ արդեն իսկ կան որոշ մտահոգություններ։ Նախ, առաջին մտահոգությունը «առողջապահական հարկի» բեռն է, որը կարող է նկատելի լինել մանավանդ ցածր աշխատավարձ ստացողների կամ աշխատանք չունեցողների համար, ովքեր սուբսիդավորում չեն ստանա։


Հաջորդ մտահոգությունը ենթակառուցվածքների պատրաստվածությունն է, մանավանդ, երբ խոսքը վերաբերում է մարզային հաստատություններին, որոնք կարող են չհաղթահարել շահառուների պահանջարկի աճը:


Բացի հետևյալ մտահոգություններից, ներկայումս օրենքը դեռևս չի հստակեցնում, թե ինչպիսի ծառայություններ են սահմանափակվելու կամ դուրս մնալու ապահովագրական փոխհատուցումից։ Կա ռիսկ, որ ապահովագրավճարը վճարելուց զատ քաղաքացիները մի շարք (գուցե նաև թանկ) ծառայությունների համար ստիպված կլինեն վճարել իրենց գրպանից։ Դրան զուգահեռ, օրենքը դեռևս չի հստակեցնում՝ արդյոք արդեն ապահովագրված, կամ գործատուի կողմից ապահովագրություն ստացող անձինք կրկին պետք է վճարեն պարտադիր ապահովագրության համար։


Այնուամենայնիվ, պարտադիր առողջական ապահովագրության համակարգի ներդրումը դեռ գտնվում է քննարկումների և նախագծման փուլում։ Ծրագրի շատ մանրամասներ դեռևս հստակեցվում են և կարող են փոխության ենթարկվել։ Ուստի այս փուլում նախաձեռնությունը կարելի է դիտարկել որպես լրամշակվող նախագիծ, որի վերջնական ազդեցությունը քաղաքացիների վրա հստակ կլինի վերջինիս գործարկման ընթացքում։