Կամ մեզ հետ
+374 (55) 81-01-01
Յունիքորն բիզնես կենտրոն, Մարո Մարգարյան 2/4, Երևան
Տնտեսական

«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ

article image
Տնտեսական
Հեղինակ
03.10.2025

ՀՀ արտահանման խթանման համար արտահանման ապահովագրական ծառայությունների ներդրման կարևորությունից ելնելով, այդ բնագավառում տասնյակ տարիների ընթացքում կիրառված միջազգային փորձի, միջազգային փորձագետների կողմից կազմված վերլուծությունների վրա հիմնվելով՝ 2013 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվեց «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ն (ՀԱԱԳ): ՀԱԱԳ-ի միակ բաժնետերը Հայաստանի Հանրապետությունն է: ՀԱԱԳ-ըստեղծվել և գործում է պետական աջակցությամբ, որը պայմանավորված է այն հանգամանքով, որ գործակալության առաջնային գերխնդիրն արտահանման խթանումն է, որն ընկած է ՀՀ տնտեսական քաղաքականության հիմքում։


ՀԱԱԳ-ի առաքելությունն է խթանել արտահանումը`ապահովագրելով արտահանողներին օտարերկրյա գնորդների չվճարման ռիսկից և նպաստելով մատչելի և հասանելի ֆինանսական ռեսուրսների տրամադրմանը: «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ին Moody’s վարկանիշային գործակալության կողմից 2022 թվականի հունվարի 19-ին շնորհվել է Ba3 Negative վարկանիշ:


2025 թվականին գործակալության վարկանիշը բարելավվել է․ Moody’s-ն այն վերանայել է՝ փոխելով հեռանկարը Negative-ից Stable, և ներկայումս «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ն ունի Ba3 Stable վարկանիշ։


Moody’s-ի կողմից վարկանիշների սահմանման գործընթացում հիմք են ընդունվել մի շարք կարևոր ցուցանիշներ։ Մասնավորապես, նման վարկանիշի տրամադրման համար էական ազդեցություն է ունեցել հատկապես այն հանգամանքը, որ Ընկերությունը հանդիսանում է պետական մասնակցությամբ ընկերություն և ռիսկերի 90 տոկոսը վերաապահովագրված է Aa3 Stable վարկանիշ ունեցող հեղինակավոր Swiss Reinsurance Company Ltd կողմից, ինչպես նաև բարձր ֆինանսական ճկունությունը և պարտքի ցածր մակարդակը։


2013թ.-ից ՀԱԱԳ-ը անդամակցում է Բեռնի Միությանը, որը հանդիսանում է պետական և մասնավոր արտահանման և ներդրումային ապահովագրական ընկերությունների աշխարհի խոշորագույն ասոցիացիան:


ՀԱԱԳ-ի գործունեության կայունությունն ու հուսալիությունը պայմանավորված է նաև վերաապահովագրական ընկերությունների հետ երկար տարիների համագործակցությամբ:


ՀԱԱԳ-ը գործունեության հենց սկզբից իրականացնում է ստանձնած ռիսկերի վերաապահավագրություն բարձր վարկանիշ ունեցող միջազգային հեղինակավոր շվեյցարական Swiss Reinsurance Company Ltd. վերաապահովագրական ընկերության միջոցով։


Գործունեության ընթացքում վերաապահովագրություն է իրականացվել նաև ՀՀ ֆինանսական շուկայում գործող «Լիգա Ինշուրանս» ԱՓԲԸ ընկերության միջոցով։


Ներկայումս ՀԱԱԳ-ն ընդլայնել է իր վերաապահովագրական գործընկերների շրջանակը՝ վերաապահովագրական պայմանագիր կնքելով նաև Եվրասիական վերաապահովագրական ընկերության հետ։


Այսօր ՀԱԱԳ-ի ապահովագրական պորտֆելը վերաապահովագրվում է Swiss Reinsurance Company Ltd. և Եվրասիական վերաապահովագրական ընկերությունների միջոցով:


Գործունեության մեկնարկից ի վեր՝ մինչև 2025 թվականի սեպտեմբերի 1-ը, «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ն ցուցաբերել է կայուն և աճող ներգրավվածություն Հայաստանի արտահանման խթանման գործում։ Մասնավորապես՝


  • ՀԱԱԳ ծառայություններից օգտվելու նպատակով դիմել է շուրջ 300 արտահանող ընկերություն,
  • Տարբեր ծառայությունների գծով շուրջ 120 արտահանող ընկերությունների հետ կնքվել է ապահովագրության պայմանագրեր,
  • Կնքված ապահովագրական պայմանգրերի ընդհանուր գումարը կազմել է շուրջ 175 մլրդ ՀՀ դրամ,
  • Ընկերության կողմից վճարված ապահովագրական հատուցումների ընդհանուր գումարը կազմել է շուրջ 730 մլն ՀՀ դրամ:


Այս ցուցանիշները վկայում են, որ ՀԱԱԳ-ն շարունակում է արդյունավետորեն իրականացնել իր առաքելությունը՝ նպաստելով Հայաստանի արտահանման ներուժի ընդլայնմանը և արտաքին շուկաներում կայուն դիրքավորման ապահովմանը։


ՀԱԱԳ-ը մինչև ապահովագրական հատուցման վճարումը սկսում է ինտենսիվ քննարկումներ և բանակցություններ արտահանողների օտարերկրյա գնորդների հետ՝ վերջիններիս կողմից վճարում կատարելու նպատակով։ Օտարերկրյա գնորդները, ընկալելով արտահանողների իրավունքների պաշտպանության հետ կապված ՀԱԱԳ կողմից արտահանողներին ուղղված պետական աջակցությունը և գնահատելով իրենց պարտավորությունների չկատարման իրավական հետևանքները, շատ հաճախ մինչև դատական փուլը ձեռնամուխ են լինում դրանց պատշաճ կատարմանը։


Այլ կերպ ասած՝ ՀԱԱԳ միջամտությունն ու արտահանողին ուղղված իրավաբանական աջակցությունը օտարերկրյա գնորդներին հաճախ պարտադրում են կատարել ժամկետանց պարտավորությունները։


Այսօր ՀԱԱԳ-ն առաջարկում է արտահանման ապահովագրության հինգ հիմնական ծառայություններ, որոնց շնորհիվ արտահանողները միջազգային շուկաներում իրականացնում են առավելապահով գործարքներ` պաշտպանված լինելով օտարերկրյա գնորդի չվճարման ռիսկից, և ստանում են ավելի մատչելի ֆինանսական ռեսուրսներից օգտվելու հնարավորություն:


  1. Արտահանման հետ կապված կարճաժամկետ առևտրային վարկի ապահովագրություն։ Այս ծառայությունը ՀՀ ռեզիդենտ արտահանողներին հնարավորություն է տալիս տարաժամկետ վճարման պայմանով մատակարարումների դեպքում ապահովագրել օտարերկրյա գնորդների չվճարման ռիսկերը։ Միաժամանակ արտահանողները հնարավորություն են ստանում նշված ծառայության միջոցով ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերից և վարկային կազմակերպություններից ստանալ հետարտահանման ֆինանսավորում՝ ֆակտորինգի կամ կարճաժամկետ վարկիտեսքով։ Ընդ որում, ֆինանսավորումն արտահանողներին տրամադրվում էառանց գրավի,պարզեցված ընթացակարգով և համեմատաբար ցածր տոկոսադրույքով։
  2. Արտահանման հետ կապված առևտրային վարկի ամբողջական շրջանառության ապահովագրություն: Այս ծառայությունը ՀՀ ռեզիդենտ արտահանողներին հնարավորություն է տալիս տարաժամկետ վճարման պայմանով մատակարարումների դեպքում ապահովագրել օտարերկրյա գնորդների չվճարման ռիսկերը` տրամադրելով ապահովագրություն արտահանման ամբողջ ծավալի համար` ներառելով տարբեր ռիսկայնություն ունեցող գործարքներ` միևնույն ժամանակ ստանալով ֆինանսավորում ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերից և վարկային կազմակերպություններից` առանց գրավի,պարզեցված ընթացակարգով և համեմատաբար ցածր տոկոսադրույքով։
  3. Նախաարտահանման ֆինանսավորման ապահովագրություն։ Այս ծառայության միջոցով ՀՀ ռեզիդենտ արտահանողները արտահանման գործարքի համար անհրաժեշտ ծախսերի (այդ թվում՝ հումքի, նյութերի ձեռքբերման, փաթեթավորման, արտադրանքը շուկայական տեսքի բերելու, տրանսպորտային, մաքսային և նմանատիպ այլ ծախսեր) կատարման նպատակով հնարավորություն են ունենում ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերից և վարկային կազմակերպություններից արտոնյալ պայմաններով՝ պարզեցված ընթացակարգով, առանց գրավի և համեմատաբար ցածր տոկոսադրույքով ստանալ անհրաժեշտ ֆինանսավորում՝ կարճաժամկետ վարկի տեսքով։
  4. Կապիտալ ծախսերի ֆինանսավորման ապահովագրություն: Այս ծառայությունը նախատեսված է ՀՀ ռեզիդենտ այն ընկերությունների համար, որոնց դիմելու պահին նախորդող 12 ամիսների ընթացքում շրջանառության առնվազն 20%-ը եղել է արտահանումկամ առկա են հիմնավոր փաստեր, որ ֆինանսավորումն ուղղվելու է արտահանման ծավալների ընդլայնմանը։ Այս ծառայությունը հնարավորություն է տալիս արտահանողներին առանց գրավի և համեմատաբար ավելի ցածր տոկոսներով ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերից և վարկային կազմակերպություններից ստանալու մեքենա-սարքավորումների ձեռքբերման կամ կապիտալ ծախսերի իրականացման համար անհրաժեշտ վարկային միջոցներ՝ նպաստելով նոր արտադրական հզորություններիհամալրմանը, գործող արտադրական հզորությունների արդյունավետության բարձրացմանը:
  5. Միջազգային ֆակտորինգի ապահովագրություն: Այս ծառայությունը ՀՀ ռեզիդենտ արտահանողներին հնարավորություն է տալիս տարաժամկետ վճարման պայմանով մատակարարումների դեպքում ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերից և վարկային կազմակերպություններից ստանալ ֆինանսավորում (ֆակտորինգ)` բանկին զիջելով օտարերկրյա գնորդի նկատմամբ ունեցած պահանջի իրավունքը:


ՀԱԱԳ գործունեության մեջ մեծ դեր ունեն ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերը և վարկային կազմակերպությունները, որոնց հետ համագործակցությունը տարեցտարի ընդլայնվում է։ Եթե 2015 թվականին ՀԱԱԳ ապահովագրության ապահովվածությամբ ՀՀ արտահանողներին ֆինանսավորում տրամադրում էր միայն մեկ բանկ, ապա ներկայումս ՀԱԱԳ-ի հետ համագործակցող ֆինանսական կառույցների թիվը հասնում է 16-ի։


1. Արմսվիսբանկ ՓԲԸ

2. Ամերիաբանկ ՓԲԸ

3. Կոնվերս Բանկ ՓԲԸ

4. Ակբա Բանկ ԲԲԸ

5. ՀայԷկոնոմբանկ ԲԲԸ

6. Բիբլոս Բանկ Արմենիա ՓԲԸ

7. Յունիբանկ ԲԲԸ

8. Այդի Բանկ ՓԲԸ

9. Արցախբանկ ՓԲԸ

10. Էվոկաբանկ ԲԲԸ

11. Ինեկոբանկ ՓԲԸ

12. Ֆասթ Բանկ ՓԲԸ

13. Ամիօ Բանկ ՓԲԸ

14. Արարատբանկ ԲԲԸ

15. Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիա ՈՒՎԿ ՓԲԸ

16. ՎՏԲ-Հայաստան Բանկ ՓԲԸ


ՀԱԱԳ-ի մատուցած ծառայություններին և ապահովագրության պայմաններին մանրամասն ծանոթանալու համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ +374 10 58 29 29, այցելել Ընկերության պաշտոնական կայքէջը՝ www.eia.am կամ գրել էլեկտրոնային նամակ՝ info@eia.am հասցեին։