Կամ մեզ հետ
+374 (55) 81-01-01
Յունիքորն բիզնես կենտրոն, Մարո Մարգարյան 2/4, Երևան
Տնտեսական

Փոքր պետություն, թվային մեծ հեղափոխություն․ ինչ կարող է սովորել Հայաստանը Էստոնիայից

article image
Տնտեսական
Հեղինակ
no img
Հայ Գործարարների Ասոցիացիա
11.10.2025

Վերջին տարիներին Հայաստանի՝ թվային ոլորտում առաջատար դիրք գրավելու միտումները ակնհայտ են։ Սակայն, շատերի մոտ կարող է հարց առաջանալ՝ հնարավո՞ր է արդյոք հասնել առաջատար դիրքերի նման, բավականաչափ ներուժ և ներդրումներ ակնկալող ոլորտում՝ լինելով փոքր պետություն։


Էստոնիայի փորձը ցույց է տալիս, որ հնարավոր է, եթե զարգացմանն ուղղված քայլերը լինեն ոլորտի փոփոխության արագությանը հարիր և նպատակային։


Չնայած Էստոնիան տարածքով փոքր պետություն է, իսկ բնակչությամբ զիջում է Հայաստանին (~1.4 մլն ընդդեմ ~3.1 մլն), այն տնտեսապես՝ հատկապես ՏՀՏ ոլորտում վաղուց վազնանցել է Հայաստանին։


Այժմ Էստոնիան առաջատարն է ամբողջ եվրոպական մայրցամաքում մեկ շնչի հաշվով ռիսկային կապիտալի ներդրումներով՝ 2022 թ․-ին ներգրավելով մեկ շնչի հաշվով 1056 դոլար ներդրում։ Այս ցուցանիշը մոտավորապես յոթ անգամ գերազանցում է միջին եվրոպական ներդրումը, որը կազմում է մեկ շնչի հաշվով 140 դոլար, և զգալիորեն գերազանցում է սկանդինավյան մրցակիցներին, ինչպիսիք են Իսլանդիան (543 դոլար) և Շվեդիան (477 դոլար)։ Ներդրումային վստահության այս ցուցիչը ցույց է տալիս, որ համաշխարհային ներդրողները Էստոնիան համարում են գրավիչ և կայուն՝ արագ աճող տեխնոլոգիական ձեռնարկությունների համար։ Էստոնիայի հաջողությունները այս ոլորտում փաստում են նաև հետևյալ ցուցանիշները՝


  •  2024 թվականին Էստոնիան ստացել է Էլեկտրոնային կառավարման զարգացման ինդեքսի (EGDI) 0.9727 միավոր, որը ՄԱԿ-ի 193 անդամ պետությունների շարքում զբաղեցնում է 2-րդ տեղը՝ զիջելով միայն Դանիային։
  • Էստոնիան զբաղեցնում է աշխարհում առաջին տեղը կառավարության կիբերանվտանգության կարողություններով։
  • Էստոնիան անլար լայնաշերտ կապի ոլորտում աշխարհում զբաղեցնում է 4-րդ տեղը։
  • Էստոնիան մշտապես PISA միավորներով առաջատար դիրք է գրավում Եվրոպայում։
  • 2019-2022 թվականներին ՏՀՏ ոլորտում Էստոնիայում վճարված աշխատավարձերն ու դիվիդենտները կազմել են ամբողջ տնտեսության համապատասխան եկամուտների 11%-ը։
  • 2023 թվականին ՏՏ ոլորտը 3.6 միլիարդ եվրոյի արտահանում է ապահովել, որը կազմում է Էստոնիայի ապրանքների և ծառայությունների ընդհանուր արտահանման 12%-ը:


Էստոնիայի հաջողությունն այս ոլորտում մեծապես հիմնված է ժամանակին որդեգրված քաղաքականության և ռազմավարական ներդրումների վրա։ 1991 թ․-ից՝ անկախության վերականգնումից հետո Էստոնիան համալիր կերպով օգտագործել է տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները՝ պետությունը, կառավարումը և տնտեսությունը զրոյից վերակառուցելու համար։ Ընդ որում, Էստոնիայի հաջողության հիմքում ընկած գլխավոր նախապայմանը համախմբված քաղաքական կամքն ու պատրաստակամությունն էր, որի վրա հետագայում կառուցվեցին թվայնացման հիմնասյուները։


Դրանցից առաջինը կրթական բարեփոխումն էր և համընդհանուր թվային գրագիտությունը։ 1996թ․–ին Էստոնիայում մեկնարկեց «Վագրի ցատկ» ծրագիրը (Tiger Leap), որը կենտրոնացավ երեք հիմնական ուղղություններում թվային բարեփոխումների վրա՝ ենթակառուցվածքների ստեղծում, ուսուցիչների վերապատրաստում և ուսումնական ծրագրի բովանդակության լավարկում։ Ծրագրի շնորհիվ մինչև 2001 թ․-ը բոլոր դպրոցները ապահովվեցին համացանցով, ուսուցիչները պարտադիր անցան ՏՏ վերապատրաստում, ձևավորվեց բարձրորակ, տեխնոլոգիապես գրագետ աշխատուժ, որը հետագայում սնուցեց արտահանման և բարձր տեխնոլոգիական տարբեր ընկերություններ։ Ամենակարևորը՝ այս կրթական բարեփոխումը կրեց շարունակական բնույթ։ Այն գործում է մինչ այժմ՝ ապահովելով Էստոնիայում կրթության համահունչությունը արագ զարգացող տեխնոլոգիական առաջընթացների հետ։


Էստոնիայում կրթական բարեփոխումների արդյունքները երկար չեն սպասեցրել․ այժմ Էստոնիան ՏՏ մասնագիտություններով ընդունում է երկու անգամ ավելի շատ ուսանողներ, քան միջին զարգացած երկիրը, ապահովելով բարձրորակ տաղանդների կայուն մատակարարում իր ծրագրային ապահովման ոլորտի համար: Այն ներկայումս ապահովում է միջոլորտային համագործակցություն տեխնոլոգիական առաջատարների, այդ թվում՝ Skype-ի և Wise-ի հիմնադիրների հետ, և արդեն իսկ բանակցություններ է վարում միջազգային այնպիսի գործընկերների հետ, ինչպիսիք են OpenAI-ը և Anthropic-ը՝ համատեղ նոր ուսումնական պլան և գործիքներ ստեղծելու համար:


Էստոնիայում ՏՀՏ ոլորտի զարգացման հաջորդ հիմնասյունը թվային ինքնության ստեղծումն էր, որի արդյունքում հնարավոր եղավ ապահովել գրեթե բոլոր հասարակական և տնտեսական ծառայությունների առցանց օգտագործումը՝ բարձրացնելով դրանց թափանցիկությունն ու վստահությունը։ Անկախությունից հետո կառավարության որոշմամբ և e-Estonia ծրագրի շրջանակներում հանրային ծառայությունները 99%-ով թվայնացվեցին, ինչի արդյունքում 1997թ․-ից ի վեր Էստոնիան ամեն տարի խնայում է ՀՆԱ-ի 2%-ը։ Երկիրը 2000 թ․-ից ընդունել է թվային ինքնությունը և էլեկտրոնային ստորագրությունները՝ դրանք դիտարկելով հավասարազոր իրավական հիմք այնպես, ինչպես ձեռագիր ստորագրությունները։


Սա ապահովել է պետական ու մասնավոր ծառայությունների՝ ներառյալ էլեկտրոնային, բանկային և վարչարարական գործընթացների անվտանգությունն ու թափանցիկությունը։ Էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման շնորհիվ էապես պարզեցվել է պետության և գործարար համայնքի հաղորդակցումը։ Համակարգի շնորհիվ յուրաքանչյուր էստոնացի կարող է մի քանի րոպեում առցանց օգտվել ցանկացած տեղական կամ ազգային ծառայությունից՝ օգտագործելով անձը հաստատող (ID) քարտ։ Ավելին, երկրում 2014թ․-ից գործում է e-Residency ծրագիրը, որը հնարավորություն է տալիս այլ երկրների գործարարներին և ֆրիլանսերներին գրանցել իրենց բիզնես գործունեությունը Էստոնիայում և օգտվել դրա համար անհրաժեշտ բոլոր ծառայություններից։


Այս կառուցվածքային բարեփոխումների շնորհիվ Էստոնիայում ձևավորվել է բարենպաստ ստարտափ էկոհամակարգ, որի ակնառու և առանցքային օրինակ էլ Էստոնիայի առաջին միաեղջյուրի՝ Skype-ի ստեղծումը։ Երկրին ընդհանուր առմամբ բնորոշ է խոշոր և փոքր ստարտափների միջև կայացած համագործակցության և մենթորության միջավայրը, ինչը նպաստում է փոքր տեխնոլոգիական կազմակերպությունների աճին և զարգացմանը։ Էստոնիայի խոշոր ստարտափների խումբը, գիտելիք կիսելուց բացի, տրամադրում է ֆինանսավորում՝ աջակցելով նորաստեղծ կազմակերպությունների աճին։


Փորձելով համեմատական տանել հայաստանյան և էստոնական փորձերի միջև, նշենք, որ չնայած ընդհանուր ՀՆԱ-ի տարբերությանը, 2024 թ․-ին Հայաստանի տեխնոլոգիական արդյունաբերության շրջանառությունը հասել է 2.3 միլիարդ դոլարի՝ կազմելով երկրի ՀՆԱ-ի մոտավորապես 7%-ը՝ հավասարվելով Էստոնիայում ՏՏ ոլորտի ներդրմանը ՀՆԱ-ում (նույնպես 7%): Հայաստանում ՏՏ ոլորտը պատմականորեն գրանցում է կայուն աճ։ Նախորդ տասնամյակում տարեկան ընդլայնվելով ավելի քան 20%-ով՝ այն Հայաստանի տնտեսության ամենաարագ զարգացող հատվածն է։ Այժմ ոլորտը ռազմավարական առումով անցնում է ավելի բարձր արժեք ունեցող ծառայությունների և արտադրանքի մշակման՝ հեռանալով առաջնային աութսորսինգի մոդելից։ Այնուամենայնիվ, ի տարբերություն էստոնիայի, Հայաստանը հետապնդում է «խթանող» մոտեցում՝ ՏՏ ոլորտում անհապաղ աճ խթանելու համար: Հայաստանն օգտագործում է ագրեսիվ ֆինանսական խթաններ ինչպիսիք են՝ ՏՏ բիզնեսների համար շրջանառության հարկի 1% նվազեցումը (գործում է մինչև 2031 թվականը), եկամտային հարկի 10% դրույքաչափը և բարձր տեխնոլոգիաների ոլորտի տեխնիկական անձնակազմի աշխատավարձի զգալի՝ 200% զեղչը: Սակայն այս մոտեցումը, խթանելով ներդրումները ոլորտում, չի ապահովում կառուցվածքային պատրաստվածություն, թվային գրագիտություն և ենթակառուցվածքային բարեփոխումներ։ Առանց այս հիմնասյուների գրավիչ ներդրումները կրում են ցիկլիկ բնույթ։


Ինչպես ցույց է տալիսԷստոնիայի փորձը՝ հաջողությունը տասնամյակների գրագետ ռազմավարության, ներդրումների, կրթական մշակույթի և մոտեցումների փոփոխության արդյունք է։ Եվ չնայած Հայաստանը շարունակաբար ցուցադրում է մասնագիտական և ֆինանսական խթանների ներուժ այս ոլորտում, սակայն որպես ՏՀՏ պետություն ձևավորվելը պահանջում է տնտեսության և կառավարման ամբողջական ինտեգրում թվային էկոհամակարգում, որի համար անհրաժեշտ է համընդհանուր ենթակառուցվածքների զարգացում և կառավարության ակտիվ դերակատարություն։