Ժամանակակից աշխարհում թվում է, թե ութժամյա աշխատանքային օրը բնական երևույթ է, մի բան, որը միշտ գոյություն է ունեցել։ Սակայն իրականում այն պատմական իրադարձությունների արդյունք է, որը ձևավորվել է արդյունաբերական դարաշրջանի խիստ պայմանների և տնտեսական հաշվարկների հիման վրա։ Այս համակարգը ծնվել է այն ժամանակ, երբ տնտեսության հիմքը ֆիզիկական աշխատանքն էր, բայց այսօր աշխարհը արագ անցում է կատարում մտային աշխատանքի մոդելին և առաջանում է հակասություն մտավոր ծանրաբեռնվածության սահմանափակումների և աշխատանքի կարծրացած կառուցվածքի միջև։
Ութժամյա աշխատանքային օրը չի առաջացել առողջության վերաբերյալ համընդհանուր գիտական համաձայնությունից։ Այն ձևավորվել է ի պատասխան վաղ արդյունաբերական դարաշրջանի շահագործմանը, երբ մարդիկ հաճախ աշխատում էին 12-16 ժամ։
Ութժամյա աշխատանքի հիմքերը ձևավորվել են Ռոբերտ Օուենի կողմից։ 1810 թվականին նա իր գործարաններում սահմանեց 10-ժամյա աշխատանքային օր կանանց և երեխաների համար՝ այն ժամանակ, երբ շատ այլ արտադրամասերում աշխատում էին 13–14 ժամ։ Նրա արտադրամասերը դարձան արտադրողականության օրինակ՝ ապացուցելով, որ մարդասիրական պայմանները չեն վնասում շահութաբերությանը։ 1817 թվականին Օուենը ձևակերպեց բոլորին հայտնի կարգախոսը՝ «Ութ ժամ աշխատանք, ութ ժամ հանգիստ, ութ ժամ քուն»։ Այս մոդելը նախատեսում էր հավասարակշռություն մտցնել արտադրության, անձնական կյանքի և ֆիզիոլոգիական վերականգնման միջև։
Ութժամյա աշխատանքի ներդրման համատեքստում անհրնար է չխոսել Հենրի ֆորդի մասին, քանի որ նա առաջիններից էր, ով 1926 թվականին առաջադրեց շաբաթական 40 ժամ աշխատանքը՝ օրական 8 ժամյա ռեժիմով, ինչը ենթադրում էր նախկին վեց և անգամ յոթօրյա աշխատանքային շաբաթի փոխարեն հնգօրյա աշխատանքային շաբաթ։ Ավելին, աշխատաժամերի կրճատելուն զուգահեռ Ֆորդը պահպանեց իր աշխատակիցների աշխատավարձը։ Այս փոփոխություններրի արդյունքում նա նկատեց, որ արտադրողականությունը իր գագաթնակետին էր հասնում ութժամյա հերթափոխերի ընթացքում, իսկ ավելի երկար աշխատանքը մեծացնում էր սխալների հավանականությունն ու հոգնածությունը։
Սակայն 100 տարի առաջ ներդրված այս մոդելը, որն այն ժամանակ համարվում էր փրկություն շահագործումից, նախատեսված էր ֆիզիկական աշխատանքի համար։ Այդ ժամանակ արտադրողականությունը կախված էր աշխատողի ֆիզիկական ներկայությունից գործարանում և անընդհատ կրկնվող աշխատանքի ծավալից։ Այսօր տնտեսությունը փոխակերպվում է, զարգացնելով այնպիսի ոլորտներ, որտեղ ութժամյա մոդելը դարձել է ոչ միայն անարդյունավետ, այլ երբեմն նաև ֆիզիոլոգիապես վնաս պատճառող։
Հետազոտությունները ցույց են տալիս, որ մտավոր աշխատանքը ենթարկվում է այլ կենսաբանական ռիթմերի, քան ֆիզիկականը։ Կրկնվող մտավոր լարվածությունը նվազեցնում է ջանք գործադրելու շարունակական ցանկությունը։ Օրվա ընթացքում այս գործընթացը բարդացնում է կենտրոնանալը, և մոտավորապես վեց ժամ հետո որոշումների որակն ու նորարարությունը զգալիորեն նվազում են։
Մարդու մտավոր արդյունավետությունը սահմանափակվում է նաև ուլտրադիան ռիթմերով, որոնք ենթադրում են 90–120 րոպե բարձր արտադրողականության և 15–20 րոպե մտավոր անկման փուլեր։ Այս հանգստի փուլերի անտեսումը կարող է բերել կենտրոնացման նվազման, սթրեսի և հոգնածության։
Թվային դարաշրջանում ութժամյա աշխատանքային օրը հաճախ դարձել է վարչական ձևականություն։ Թեև մարդիկ ֆիզիկապես ներկա են ութ ժամ, իրական արդյունավետ աշխատանքի ժամանակը շատ ավելի քիչ է։ Մի շարք հետազոտություններ ցույց են տալիս, որ մտավոր ծանրաբեռնվածության պարագայում, անգամ բարձրակարգ մասնագետների համար կենտրոնացման սահմանը օրական 4-5 ժամն է։ Մասնավորապես, Օհաիոյի համալսարանի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ աշխատանքի միջին արդյունավետ ժամանակը 2 ժամ 53 րոպե է, Ռինգովերի 2024 թվականի հետազոտությունը փաստում է 4 ժամ 36 րոպեի մասին, իսկ Ուորքլայֆի 2023 թվականի հետազոտությունը՝ 4 ժամ և պակաս արդյունավետության մասին աշխատողների 45%-ի համար։ Այս հետազոտություններում աշխատանքից շեղման պատճառները ներառում են սոցիալական մեդիան, ոչ աշխատանքային խոսակցությունները գործընկերների հետ, վեբ դիտումները և ոչ աշխատանքային հանդիպումները։ Եթե սա համադրենք ուղեղի ակտիվ և պասիվ փուլերի հետ, ապա կարելի է ենթադրել, որ ութժամյա օրվա վերջին ժամերը հաճախ անցնում են նվազած արդյունավետությամբ։ Երբ մարդիկ ստիպված աշխատավայրում մնում են ավելի երկար, քան կարող են կենտրոնանալ, առաջանում է presenteeism՝ զբաղվածության ձևական ցուցադրում, որը չի բերում որևէ արտադրական արդյունք գործատուի համար։
Սա հաշվի առնելով, մի շարք երկրներ սկսել են քայլեր ձեռնարկել աշխատանքային օրվա կրճատման համար, որը կարող է ավելի առողջ միջավայր ստեղծել իրենց աշխատակիցների համար՝ չվնասելով կազմակերպության աշխատանքային առօրյային։ Ամենահայտնի օրինակներից մեկը Իսլանդիան է, որտեղ 2015–2019 թվականներին մոտ 2,500 աշխատող (աշխատուժի ավելի քան 1%-ը) 40 ժամից անցավ 36 ժամյա աշխատանքային շաբաթվա՝ առանց աշխատավարձի կրճատման։ Փորձարկմանը մասնակցում էին տարբեր ոլորտների աշխատավայրեր՝ գրասենյակներից և մանկապարտեզներից մինչև սոցիալական ծառայություններ և հիվանդանոցներ։ Արդյունքները ցույց տվեցին, որ աշխատողների արտադրողականությունը պահպանվել էր, իսկ որոշ դեպքերում անգամ աճել։ Դրան զուգահեռ աշխատակիցների մոտ նվազել էր սթրեսի մակարդակը և բարելավվել աշխատանքի ու կյանքի միջև հավասարակշռությունը։ Փոփոխություններից հետո աշխատողների 83%-ը նշել էր, որ իրենց կյանքի որակը բարելավվել է։ Նման դրական փոփոխությունները հաշվի առնելով՝ Իսլանդիայում մինչև 2022 թվականը աշխատուժի գրեթե 90%-ը ստացավ կրճատված ժամերով աշխատելու իրավունք։
Նմանատիպ մի փորձ իրականացվել է նաև Մեծ Բրիտանիաում, որտեղ 61 ընկերություն և 2,900 աշխատող մասնակցել են 2022 թվականի «100-80-100» աշխատանքային մոդելի փորձարկմանը։ Մոդելը ենթադրում էր՝ 100% աշխատավարձ 80% աշխատաժամանակի համար, որի ընթացքում աշխատողը ներդրում է 100% ջանք և արտադրողականություն։ Փորձարկման արդյունքները դրական էին, քանի որ մասնակցած կազմակերպությունների եկամուտը աճել էր միջինը 1.4%-ով, իսկ աշխատանքից դուրս գալու միտումը նվազել 57%-ով։ Հետաքրքիրն այն է, որ հիվանդության պատճառով բացակայությունները աշխատակիցների մոտ նվազել էին՝ մոտ 65%-ով։ Նման դրական արդյունքներից հետո, փորձարկման մասնակիցների 92%-ը շարունակեց կիրառել նույն մոդելը։
Այս տվյալները ցույց են տալիս, որ արժեք ստեղծելու հնարավորությունները ներկայումս փոխվել են։ Արդյունաբերական դարաշրջանում արտադրողականությունը հաշվարկվում էր որպես աշխատաժամ × ֆիզիկական ջանք։ Սակայն այսօր այն հաշվարկվում է մտածողության որակ × կատարողականի արագություն բանաձևով։ Իսկ վերջին տարիներին դրան ավելացել է նաև արհեստական բանականությունը, որի շնորհիվ մի շարք ժամանակատար գործողություններ կարելի է իրականացնել մի քանի վայրկյանում՝ ավտոմատացման շնորհիվ։ Ցավոք այս փոփոխություններին զուգահեռ, շատ երկրներում, այդ թվում Հայաստանում, աշխատանքային հին կառուցվածքը ստիպում է մարդկանց ցուցադրել «կեղծ զբաղվածություն»։ Տեխնոլոգիական ոլորտի 2023–2025 թվականների զանգվածային կրճատումները նույնպես կապված էին այս ժամանակային անհամապատասխանության հետ։ Երբ նույն արդյունքը կարելի է ստանալ ավելի քիչ ժամում, ընկերությունները հաճախ ընտրում են մարդկանց կրճատումները՝ աշխատանքի վերաբաշխման փոխարեն։ Սակայն, դրա փոխարեն կարելի է ընտրել կարճ աշխատանքային օրեր ունենալու մոդելը, որը կարող է նպաստել աշխատանքի ավելի հավասար բաշխմանը և գործազրկության նվազմանը՝ միարժամանակ ապահովելով աշխատակիցների առողջությունը և կազմակերպությանը դարձնելով ավելի գրավիչ դիմորդների համար։