Կամ մեզ հետ
+374 (55) 81-01-01
Յունիքորն բիզնես կենտրոն, Մարո Մարգարյան 2/4, Երևան
Տնտեսական

Հայ-Չինական տնտեսական հարաբերությունների ապագա զարգացումը

article image
Տնտեսական
Հեղինակ
no img
Մարիամ Ոսկանյան
Տնտեսական գիտությունների դոկտոր, ՀՌՀ էկոնոմիկայի և ֆինանսների ամբիոնի վարիչ
no img
Կարեն Ավագյան
"Հայաստանի Ռազմավարական Զարգացման Կենտրոն" տնօրեն
no img
ՀՌԶԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ
01.07.2024

Համաշխարհային տնտեսության արագ փոփոխվող աշխարհաքաղաքական իրավիճակը ազդում է երկրների միջև առևտրային և արտաքին տնտեսական հարաբերությունների վրա։ Փոխվում են լոգիստիկ ուղիները, փոխարինվում են առևտրային գործընկերները, կրճատվում են երկրների միջև առևտրային հոսքերը կամ, ընդհակառակը, կտրուկ ավելանում։ Այս ամենի հետանքով վերջին տարիներին նկատելի փոփոխությունների է ենթարկվել նաև վճարային հաշվեկշռի կառուցվածքը։



Գծապատկեր 1. ՀՀ արտահանման աշխարհագրական կառուցվածքը

Աղբյուրը՝ ՀՀ վիճակագրական կոմիտե


Միևնույն ժամանակ, Չինաստանի տնտեսությունը վստահորեն գրավում է ավելի ու ավելի նշանակալի դիրքեր համաշխարհային տնտեսության մեջ, այդ թվում՝ աշխարհի երկրների հետ առևտրային հարաբերություններում։ Հայաստանի Հանրապետության Կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կառավարության միջև առևտրատնտեսական համաձայնագիրը կնքվել է 1992թ.: Ընդ որում՝ երկրների միջև առևտրային հարաբերություններում իրական ակտիվություն է նկատվում միայն վերջին վեց-յոթ տարիների ընթացքում:



Գծապատկեր 2. ՀՀ ներմուծման աշխարհագրական կառուցվածքը

Աղբյուրը՝ ՀՀ վիճակագրական կոմիտե


Այսօր Չինաստանը ՀՀ առևտրային հաշվեկշռում վստահորեն երրորդ տեղն է զբաղեցնում: Ինչպես երևում է գծապատկեր 1-ում, Չինաստանի մասնաբաժինը Հայաստանի արտահանման մեջ ունի աճի միտում։ Մոտավորապես նույն պատկերն է նաև Չինաստանից ՀՀ ներմուծման դեպքում (տե՛ս գծապատկեր 2):


Մյուս կողմից՝առանձին դիտարկելով Հայաստանի և Չինաստանի միջև առևտրային հարաբերությունների դինամիկան՝ կարելի է նկատել ներմուծման զգալի աճ՝ Հայաստանից Չինաստան արտահանման ոչ նկատելի աճի ֆոնին (տե՛ս գծապատկեր 3): Չինաստանից ներմուծման աճի մեջ էական դեր է խաղացել Չինաստանից Ռուսաստան Հայաստանի վերաարտահանումը։ Ուստի նման աճ նկատվում է հենց վերջին երկու տարիների ընթացքում:



Գծապատկեր 3. Հայաստանի և Չինաստանի միջև ապրանքաշրջանառությունը, հազ. դոլար

Աղբյուրը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության տվյալների շտեմարան


Հայաստանից Չինաստան արտահանման ապրանքային կառուցվածքը բավականին կենտրոնացված է։ Միևնույն ժամանակ, այս կառուցվածքն, ընդհանուր առմամբ, վերջին մի քանի տարիների ընթացքում էական փոփոխություններ չի կրել: Այսպիսով, Հայաստանից Չինաստան արտահանման հիմնական մասնաբաժինը (99%) «Հանքաքար, խարամ և մոխիր» հոդվածն է (տե՛ս, գծապատկեր 4):



Գծապատկեր 4. Հայաստանից Չինաստան արտահանման կառուցվածքը, հազ. դոլար, 2023թ.

                           Աղբյուրը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության տվյալների շտեմարան


Չինաստանից Հայաստան ներմուծումն ավելի դիվերսիֆիկացված է: Ներմուծման երկու կարևորագույն ապրանքներն են՝ «Էլեկտրական մեքենաներ և սարքավորումներ, ձայնագրող սարքեր և դրանց մասեր» և «Միջուկային ռեակտորներ, կաթսաներ, սարքավորումներ և մեխանիկական մասեր», որոնք միասին կազմել են Չինաստանից Հայաստան ներմուծման ընդհանուր ծավալի 65%-ը (տե՛սգծապատկեր 5):



Գխապատկեր 5. Չինաստանից Հայաստան ներմուծման կառուցվածքը, հազ.դոլար, 2023թ.

Աղբյուրը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության տվյալների շտեմարան


Հայաստանի և Չինաստանի միջև առևտրային հարաբերությունների վերլուծության համատեքստում հետաքրքիր կլինի դիտարկել Չինաստանի ներմուծման կառուցվածքը՝ ինչպես աշխարհագրական, այնպես էլ՝ ապրանքային տեսանկյունից։


Հարկ է նշել, որ Չինաստանի ներմուծման հիմնական գործընկերներն են՝ Հարավային Կորեան, Ճապոնիան, ԱՄՆ-ը, Ավստրալիան, Գերմանիան, Բրազիլիան, Մալայզիան, Վիետնամը, Ռուսաստանը, Ինդոնեզիան։ Միաժամանակ, Չինաստանը հիմնականում ներմուծում է հանքաքար, խարամ և մոխիր, օպտիկական, լուսանկարչական և կինեմատոգրաֆիական գործիքներ և ապարատներ, ծխախոտ, պղնձի և դրանից պատրաստված արտադրանք և այլն (տե՛ս Աղյուսակ 1): Ըստ Comtrade-ի՝ Չինաստանի ներմուծումը 2023 թվականին կազմել է 2,556,763 միլիոն դոլար և 2022 թվականի համեմատ նվազել է 5,8% (2,715,997 միլիոն դոլար) և 4,5%՝ 2021 թվականի համեմատ (2,679,412 միլիոն դոլար):


Աղյուսակ 1. Չինաստանի 10 ամենաշատ ներմուծվող ապրանքները, 2021թ.




Այս տեսանկյունից Հայաստանը պետք է կենտրոնանա ներմուծման որոշ ապրանքների վրա, որոնց միջոցով հնարավոր կլինի զարգացնել արդյունաբերությունն ու արտադրությունը՝ հետագա արտահանման նպատակով, այդ թվում՝ դեպի Չինաստան։


Աղյուսակ 2. Հայաստանի իրական հատվածում Չինաստանից զուտ օտարերկրյա ներդրումների հոսքերի ծավալը




Հայաստանի իրական հատվածում Չինաստանից զուտ ներդրումների ծավալը կրում է բացասական բնույթ, ինչը չի կարելի անվանել դրական միտում՝ հաշվի առնելով Չինաստանի խոշոր ներդրումները աշխարհի տարբեր տնտեսություններում, այդ թվում՝ շատ զարգացող տնտեսություններում (Աղյուսակ 2):



Գծապատկեր 6. Կանխիկ փոխանցումները Չինաստանից Հայաստան և Հայաստանից Չինաստան, հազ.դոլար

                                  Աղբյուրը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության տվյալների շտեմարան


Միաժամանակ հետաքրքիր կարելի է համարել նաև Հայաստանից Չինաստան դրամական փոխանցումների դինամիկան, որը որոշակի աճ է գրանցել և զգալիորեն գերազանցում է Չինաստանից Հայաստան փոխանցումների հոսքերը (տե՛ս գծապատկեր 6):


Միաժամանակ Չինաստանից Հայաստան միգրացիոն հոսքերը դրական են, և վերջին երկու տարիներին Չինաստանից միգրանտների նկատելի աճ է նկատվում։



                               Գծապատկեր 7. Չինաստանից ժամանողների թիվը, մարդ

Աղբյուրը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության տվյալների շտեմարան


Ամփոփելով Հայաստանի և Չինաստանի միջև արտաքին տնտեսական հարաբերությունների համառոտ վերլուծությունը՝ կարող ենք հստակորեն նշել բավականին մեծ ներուժի առկայությունը թե՛ առևտրային հարաբերությունների զարգացման և թե՛ Հայաստանի տնտեսությունում չինական ներդրումներ ներգրավելու համար։ Միևնույն ժամանակ, այս առումով ապագայի վերաբերյալ կանխատեսումներ անելը բավականին դժվար է, քանի որ ընդհանուր առմամբ՝ մեր երկրների միջև նման արտաքին տնտեսական հարաբերությունները մեծապես կախված են աշխարհաքաղաքական դաշտում իրադարձությունների զարգացումներից։


Միանշանակ առաջիկա տարիներին կզարգանա վերաարտահանումը։ Ամենայն հավանականությամբ, միգրացիոն հոսքերը նույնպես դրական հաշվեկշիռ կունենան։ Այս տեսանկյունից նպատակահարմար կլիներ զարգացնել Հայաստանի դիրքերը կրթական ծառայությունների արտահանման առումով, այդ թվում՝ չինացի ուսանողների համար։ Իհարկե, արտահանման կառուցվածքի դիվերսիֆիկացումն անհրաժեշտ է թե՛ Չինաստանի և թե՛ ընդհանրապես ՀՀ առևտրային հաշվեկշռի կառուցվածքում։ Սա պետությունից պահանջում է համապատասխան զարգացման ծրագրեր՝ ուղղված արտահանմանը և դրա ներուժի զարգացմանը։


file
Դուք կարող եք բեռնել այս նյութը