“Made By Arm”-ի շրջանակներում Հայ Գործարարների Ասոցիացիան զրուցել է "UHI" բրենդի համահիմնադիրներ՝ Արմեն Շահինյանի և Նարինե Հարութունյանի հետ:
———————————————————————————
«Uhi», շատ բազմիմաստ և հետաքրքիր անվանում է, որն ամեն մարդ մի կերպ է ընկալում։ Կպատմեք մի փոքր, որտեղի՞ց է ծնվել այդ մտահաղացումը։
Արմեն – «Ուհին» ծնվեց հենց մեր ստուդիայում աշխատանքի ժամանակ, երբ բառախաղ էինք խաղում՝ փորձելով ազատել մեր մտքի թռիչքը։ Աշակերտներիս ու Նարինեի հետ փորձեցինք արագ և կարճ ժամանակում ստեղծել հետաքրքիր բրենդի անվանում ու լոգո։ Ես առաջարկեցի «Ուհի»-ն, ստեղծեցի լոգոն և պահեցի մոտ 3-4 տարի՝ մինչև բրենդի հիմնադրումը։ Սկզբում դա պարզապես բառախաղի արդյունք էր, ոչ թե բրենդ ստեղծելու նպատակ։
Նարինե – Անվանումը ամբողջությամբ Արմենն է ընտրել։ Վերցրել ենք «հայուհի» բառի «ուհի» վերջածանցը․ քանի որ մեր նախորդ բրենդերը արտասահմանյան շուկայի համար էին, որոշեցինք, որ նոր բրենդը պիտի ծառայի հայուհիներին։ «Հայուհի» անվանումը շատ պարզ կլիներ, իսկ «Ուհի»-ն մի քիչ միստիկ ու խորիմաստ է, առաջացնում է տարատեսակ ընկալումներ։
Զարդերի շուկան Հայաստանում բավականին հագեցած է, և մի շարք հայտնի բրենդեր, որոնք մրցակցային մթնոլորտ են ստեղծում։ Ի՞նչպես կարողացաք այդքան կարճ ժամանակում Ձեր հստակ տեղը զբաղեցնել շուկայում։
- Այս հարցը ևս շատ են տալիս մեզ՝ որպես 2 տարում սեփական ոտքերի վրա ամուր կանգնած բրենդ: Այո՛, շուկան հագեցած է, Հայաստանում կան շատ մեծ ոսկերչական գործարաններ, տաղանդավոր վարպետներ, խոշոր ապրանքանիշներ, բայց, երբ դու ասելիք ունես և ուրույն ոճ, անմիջապես հայտնվում ես բոլորի ուշադրության կենտրոնում: Մեր հաջողության գաղտնիքը մեր աշխատասիրությունն էր, Արմենի տաղանդը, յուրահատուկ ոճը որն ՈՒՀԻ-ն ներմուծեց շուկա և, իհարկե, մեր սիրելի հաճախորդների սերն էր, որ մեզ մինչև օրս պահում է առաջատարի դիրքում:
Կնկարագրեք «Uhi»-ն 10 տարի հետո։ Արդյո՞ք ունեք համաշխարհային բրենդ դառնալու ամբիցիա։
Նարինե – Արմենի հիմնական ոգեշնչումը, բացի ինձանից, միջազգային թրենդերն են։ Նա չի սիրում կանգնել մեկ տեղում․ հետևում է համաշխարհային նորություններին և դրանցից ոգեշնչված՝ յուրովի ինժեներական լուծումներով ու բարդ տեխնիկաներով ստեղծում է զարդեր։