Ինչպե՞ս ծնվեց թխվածքաբլիթը ոչ միայն որպես քաղցրավենիք, այլ որպես փոքրիկ արվեստի գործ ներկայացնելու գաղափարը։
Ես մանկուց զբաղվել եմ դիզայնով և ձեռագործ աշխատանքով ու միշտ մտածել, որ թխվածքաբլիթը կարող է լինել ավելին, քան քաղցրավենիքը։ Երբ սկսեցի թխվածք պատրաստելիս տարբեր դիզայններ փորձել, համոզվեցի, որ յուրաքանչյուր թխվածքաբլիթ կարող է ոչ միայն հագեցնել, այլև պատմել իր պատմությունը, փոխանցել զգացողություն։ Այդպես էլ ծնվեց Charmy-ն՝ թխվածքաբլիթ, որը նաև հիշվող նվեր է։
Ձեր թխվածքաբլիթները ստեղծվում են տարբեր կարևոր իրադարձությունների համար։ Ինչպե՞ս եք յուրաքանչյուր պատվերի դեպքում գտնում ճիշտ ձևը, գույնը և դիզայնը, որպեսզի այն համապատասխանի տվյալ իրադարձության տրամադրությանը։
- Յուրաքանչյուր պատվեր ինձ համար սկսվում է ոչ թե պատրաստման փուլից, այլ գաղափարից։ Ես փորձում եմ հասկանալ, թե ինչ իրադարձության համար է նախատեսված թխվածքաբլիթը, ինչ տրամադրություն պետք է փոխանցի, ինչ գույներ կամ խորհրդանիշներ են կապված այդ օրվա հետ։ Երբեմն հաճախորդները մեզ դիմում են՝ դիզայնն արդեն որոշած, երբեմն ամբողջ դիզայնը ստեղծվում է զրոյից՝ կարևորելով բոլոր մանրուքները։ Կարևոր է, որ թխվածքաբլիթի դիզայնը լրիվ ներդաշնակ լինի իրադարձության հետ, անկախ նրանից՝ տարեդարձ է, հարսանիք, թե կորպորատիվ առիթ։ Այդ պատճառով յուրաքանչյուր հավաքածու ստեղծվում է անհատական մոտեցմամբ․ հենց դա է Charmy-ի գլխավոր առանձնահատկություններից մեկը։
Այսօր ավելի ու ավելի շատ ընկերություններ են ընտրում անհատականացման մոդելը։ Ինչով է այս ձևաչափը օգնում ձեր բրենդի զարգացմանը։
- Այսօր մարդիկ ավելի ինքնատիպ նվերների են ձգտում, և ավելի շատ են գնահատում այն, ինչ ստեղծված է հատուկ իրենց համար։ Անհատականացումը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր պատվերը դարձնել յուրահատուկ, իսկ դա շատ կարևոր է հատկապես նվերների դեպքում։ Charmy-ի համար այս մոտեցումը դարձել է բրենդի հիմքը, քանի որ մենք չենք աշխատում զանգվածային արտադրության սկզբունքով, այլ ստեղծում ենք սահմանափակ, մտածված և դիզայնով մանրակրկիտ մշակված հավաքածուներ։ Սա թույլ է տալիս պահպանել որակը, ստեղծել ճանաչելի ոճ և ձևավորել վստահություն հաճախորդների մոտ։
Ձեր աշխատանքում համադրվում են արվեստը, համը և դիզայնը։ Ի՞նչն է ամենաբարդը թխվածքաբլիթի ստեղծման ընթացքում։
- Ամենաբարդը այդ երեքի հավասարակշռությունն է։ Թխվածքաբլիթը պետք է լինի ոչ միայն գեղեցիկ, այլ նաև համեղ, իսկ երբ դիզայնը շատ մանրամասն է, տեխնիկապես ավելի դժվար է պահպանել այդ հավասարակշռությունը։ Յուրաքանչյուր դետալ պատրաստվում է ձեռքով։ Հենց այդ գործընթացն է աշխատանքը դարձնում ստեղծագործական։
Ինչպե՞ս եք պատկերացնում Charmy-ի զարգացումը առաջիկայում։
- Առաջիկայում ցանկանում եմ ստեղծել նոր հավաքածուներ, ընդլայնել կորպորատիվ նվերների ուղղությունը և ներկայացնել հայկական ձեռագործ արտադրանքը ավելի լայն լսարանին։
Նպատակն է, որ Charmy-ն միշտ ասոցացվի բարձր որակի, պրոֆեսիոնալ ձևավորման և յուրահատուկ գաղափարների հետ, և որ յուրաքանչյուր հավաքածու լինի փոքրիկ պատմություն, որը մարդիկ հիշում են երկար ժամանակ։