Կամ մեզ հետ
+374 (55) 81-01-01
Յունիքորն բիզնես կենտրոն, Մարո Մարգարյան 2/4, Երևան

Glamping Park - հարցազրույց ընկերության տնօրեն՝ Մհեր Շուխկուլյանի հետ

article image
21.11.2025

Glamping Park-ը ոլորտում է դեռևս 2021թ.-ից և արդեն իր շուրջ ձևավորել է մեծ հետաքրքրություն ու ապահովել այցելուների մեծ հոսք։ Կպատմե՞ք` ինչպես ծնվեց և ի՞նչ արժեքներով զարգացավ նախագիծը:


Glamping Park-ի գաղափարը ծնվեց 2020 թ․-ին՝ ստեղծել մի վայր, որտեղ մարդը լիարժեք կարող է վայելել բնության խաղաղությունն ու մաքրությունը՝ առանց հրաժարվելու հյուրանոցային հարմարավետությունից։ Մեր նպատան էր ոչ թե պարզապես առաջարկել գիշերակացի տարբերակ, այլ ձևավորել հանգստի նոր մշակույթ։


Glamping Park-իզարգացման հիմքում երեք հիմնական արժեք է դրված․ բնության նկատմամբ սեր և հարգանք, հյուրընկալություն և նորարարություն։ Այս տարիների ընթացքում նախագիծը դարձավ ոչ միայն հանգստի վայր, այլև յուրահատուկ փորձառությունների հարթակ, որտեղ մարդիկ վերագտնում են ներդաշնակությունը բնության հետ։


Ինչո՞ւ հենց Լոռի․ ի՞նչն է այս մարզը դարձնում իդեալական վայր նման բիզնեսի համար, և ինչպե՞ս է Ձեր բիզնեսը նպաստում Լոռու զբոսաշրջության զարգացմանը։


- Լոռին մեզ համար պարզապես տեղ չէ, այն մեր պատմության մի մասն է: Լոռին ունի այն ամենը, ինչն անհրաժեշտ է էկոտուրիզմի համար՝ մաքուր օդ, անաղարտ բնություն, անտառապատ տարածքներ, գեղեցիկ լեռնային տեսարաններ և առանձնահատուկ լռություն։


Մեր կարևորագույն նպատակներից է նաև նպաստել մարզի զարգացմանը։ Մենք աշխատում ենք տեղական համայնքների հետ՝ ապահովելով մեծ քանակությամբ գյուղմթերքների վաճառք և իրացում, ստեղծում ենք աշխատատեղեր, համագործակցում ենք քոլեջների և ուսումնական հաստատությունների հետ՝ երիտասարդներին տալով պրակտիկայի և աշխատանքի հնարավորություն։


Ինչպե՞ս կբնութագրեք Ձեր բիզնեսի «glamping» ձևաչափը։ Ի՞նչով է այն տարբերվումդասական վրանային հանգստից:


- Glamping Park-ը ներկայացնում է «glamping» glamorous camping ձևաչափը, որը համադրում է բնության մոտ լինելու ազատությունը և հարմարավետությունը, որտեղ մարդը վայելում է բնությունը առանց հրաժարվելու հարմարավետությունից։ Դասական վրանային հանգիստն ավելի արկածային է, բայց ոչ հարմար բոլորի համար։


Glamping Park-ը հենց այդ մասին է ՝ խաղաղություն, բնություն և հարմարավետություն մեկ վայրում։


Ի՞նչ արձագանքներ եք ստանում այցելուներից։ Որո՞նք են ամենահաճախ հնչողկարծիքները։


- Մեր այցելուների արձագանքներն ամենամեծ գնահատականն ու մոտիվացիա են մեր աշխատանքի համար։ Նրանք հաճախ ասում են, որ Glamping Park-ում ժամանակը կարծես կանգ է առնում, այստեղ կարելի է իսկապես հանգստանալ , շնչել, լսել բնության ձայնը և նոր ներուժով վերադառնալ առօրյա կյանքին։


Շատերն առանձնացնում են նաև մեր թիմի ջերմ վերաբերմունքը, հոգատար սպասարկումը, մանրուքների նկատմամբ ուշադրությունը և ընտանեկան մթնոլորտը։ Ամենից հաճախ լսում ենք ՝ «Մենք անպայման կվերադառնանք" , և դա մեզ համար և շատ կարևոր, և միևնույն ժամանակ պարտավորեցնող է էլ ավելի եռանդուն աշխատելու ու կատարելագործվելու։


Glamping Park-ը գործում է ամբողջ տարին։ Ի՞նչ հատուկ լուծումներ են անհրաժեշտեղել ձմռանը նույնպես հարմարավետ հանգիստ ապահովելու համար։


- Glamping Park-ն աշխատում է ամբողջ տարին և ձմեռն այստեղ ուղղակի հեքիաթային է, երբ ամեն ինչ սպիտակ է ՝ շրջապատված ձյունածածկ լեռներով։ Սակայն ձմեռային գործարկումը պահանջում է մի շարք տեխնիկական և դիզայներական լուծումներ հարմարավետությունն ու անվտանգությունը պահպանելու համար։ Մեր գլեմփները ջեռուցվում են և ունեն լավ ջերմամեկուսիչ կառուցվածք, ինչի շնորհօվ մենք աշխատում ենք նույնիսկ ամենացուրտ օրերին։ Իսկ անխափան ու ապահով տեղաշարժման համար դեպի մեզ եկող ճանապարհին և մեր տարածքում անընդհատ կատարվում են ձյան մաքրման աշխատանքներ։


Ինչպիսի՞ մարտահրավերների եք բախվել մարզային բիզնես վարելիս և ինչպե՞ս եք հաղթահարել դրանք։


- Մարզում բիզնես սկսել և վարելը միշտ էլ ունի իր առանձնահատկությունները և մարտահրավերները։ Սկզբնական փուլում մենք բախվեցինք մի քանի հիմնական դժվարությունների՝ բնական ենթակառուցվածքների բացակայություն, մասնավորապես ջրամատակարարում, ջրահեռացում, էլեկտրաէներգիա, գազաֆիկացում, որ բարվոք վիճակում գտնվող ճանապարհ, մասնագիտացված կադրերի պակաս։


Այնուամենայնիվ յուրաքանչյուր մարտահրավերը մեզ հ։ամար դարձավ զարգացման խթան։ Ենթակառուցվածքային խնդիրները լուծեցինք փուլային ներդրումներով, սակայն գազաֆիկացման խնդիրը դեռևս չենք կարողացել լուծել։ Յուրաքանչյուր տարի կատարում ենք ճանապարհի բարելավման աշխատանքներ։ Կադրերի խնդիրը հաղթահարում ենք վերապատրաստումների, նաև քոլեջների և ուսումնական հաստատությունների հետ համագործակցությունների միջոցով։


Եվ այո, մարզային բիզնեսը դժվար է , բայց փոխարենը տալիս է քեզ մի այլ զգացողություն, որ քո աշխատանքը ոչ միայն քեզ համար է, այլ մի ամբողջ համայնքի։ Գիտակցություն, որ քո աշխատանքը ոչ միայն հաջողված նախագիծ է, այլ նաև ներդրում համայնքի , մարդկանց և տարածաշրջանի զարգացման մեջ։