Գիտե՞ք քանի հայ է ապրում ամբողջ աշխարհում։ Հայտնի և ոչ այնքան, անհատներ, ովքեր այս կամ այն կերպ ներդրում են ունեցել հասարակության և ամբողջ աշխարհի զարգացման գործում...
Այսօր #ԱշխարհիՀայեր խորագրի շրջանակներում Ձեզ կպատմենք մի գրողի մասին, ով ստիպում է հավատալ հրաշքներին ոչ միայն երեխաներին, այլև մեծերին:
Մանուկ հասակում, երազելով դառնալ պաղպաղակ վաճառող, Նարինե Աբգարյանը դժվար թե մտածեր, որ սկզբում բանասեր է դառնալու, հետո՝ հաշվապահ, իսկ արդյունքում՝ գրող: Նարինեն իր ճանապարհը դեպի գրականության աշխարհ սկսել է 2005-ին՝ «Կենդանի մատյան» միկրոբլոգով։ Կարճ դադարից հետո՝ 2009 թվականին, գրողը սկսեց կրկին հրապարակել իր կարճ պատմությունները։ Մեկ տարի անց հայտնվեց «Մանյունյա» պատմվածքը, որը հետաքրքրեց «Աստրել-Սանկտ Պետերբուրգ» - ի խմբագիր՝ Իրինա Կոպիլովային։ Այս համագործակցության շնորհիվ հնարավոր դարձավ հրատարակել երեք գիրք՝ «Մանյունյա», «Մանյունյան գրում է ֆանտաստիկ վեպ» և «Պոնաեխավշայա»:
Նարինեի «Մանյունյան» այնքան է սիրվել ընթերցողների կողմից, որ սկզբում կենդանացել Է մոսկովյան թատրոնների բեմերում, իսկ հետո էկրանավորվել Արման Մարությանի կողմից՝ հասնելով ապշեցուցիչ հաջողության:
2020 թվականին Նարինե Աբգարյանը Բրիտանական Guardian պարբերականի վարկածով ընդգրկվել է ժամանակակից լավագույն հեղինակների ցանկում: «Three Apples Fell from the Sky» («Երկնքից երեք խնձոր ընկավ») գիրքը, որը պատմում է հայկական գյուղի կյանքի մասին, հրատարակվել է Oneworld Publications հրատարակչության կողմից:
2023-ի վերջին «Մանյունյա»-ի մասին նկարահանվեց առաջին լիամետրաժ ֆիլմը՝ «Մանյունյա. Ամանորյա արկածներ»։ Այժմ Նարինեն կրկին աշխատում է նոր ստեղծագործության վրա, որը նվիրված է կովկասյան կանանց, ովքեր հանգամանքների և կարծրատիպերի հետևանքով ապրել են ոչ այնքան լավ կյանքով:
«Մոտ երկու տարի գրելը շատ ծանր է ստացվել ինձ համար։ Բայց հիմա կամաց-կամաց վերադառնում եմ այդ գործընթացին և շատ եմ ուրախանում։ Ես վաղուց էի ուզում գիրք գրել կանանց մասին։ Շատ բարդ ճակատագիր ունեցող կին կերպարների մասին", — խոստովանում է Նարինեն։