Կամ մեզ հետ
+374 (55) 81-01-01
Յունիքորն բիզնես կենտրոն, Մարո Մարգարյան 2/4, Երևան

reArmenia - հարցազրույց հիմնադրամի տնօրեն` Գևորգ Պողոսյանի հետ

article image
Հեղինակ
no img
B1 Media
21.11.2026

Ինչպե՞ս և ի՞նչ նպատակով ստեղծվեց reArmenia հիմնադրամը։


- reArmenia հիմնադրամը ստեղծվել է 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո։ Մոտ կես տարի ինտենսիվ ուսումնասիրություններ էինք իրականացնում՝ փորձելով հասկանալ, թե որոնք են ամենասուր խնդիրները, որոնց պետք է անդրադառնանք, և ինչպես կարող ենք դրանք լուծել։


Այդ ընթացքում տեղի ունեցավ նաև լուրջ համախմբում։ Տարբեր երկրներից և ոլորտներից մի քանի տասնյակ հայեր միավորվեցին ընդհանուր նպատակի շուրջ, և 2021 թվականի ապրիլին հիմնվեց reArmenia հիմնադրամը, որի առաքելությունն ամփոփված է մեկ նախադասության մեջ՝ «We empower and unite Armenians», այսինքն՝ «Մենք զորացնում և միավորում ենք հայերին»։


Մենք հասկացել էինք, որ գլխավոր խնդիրներից մեկը հենց միավորումն է։ Երբ ուսումնասիրում ես մեր 4500 տարվա պատմությունը, տեսնում ես, որ մի բանաձև կա, որը մշտապես աշխատում է. երբ պառակտվում ենք՝ պարտվում ենք, երբ համախմբվում ենք՝ հաղթում ենք։


Մեր պատմության ընթացքում պետականության կորուստների հետևում պարտություններն են եղել, իսկ պետականության վերականգնման, հզորացման և զարգացման հիմքում՝ համախմբումը։ Եթե սկզբում սա մեզ համար որոշակի վարկած էր, ապա պատմական իրադարձությունների ուսումնասիրությունն այն վերածեց հաստատուն համոզմունքի։


Սակայն կարևոր է ոչ միայն միավորվելը, այլև զորանալով միավորվելը։ Եթե պարզապես համախմբվենք, բայց չունենանք բավարար գիտելիք, ուժ, տաղանդ և կարողություններ՝ լուրջ խնդիրներ լուծելու համար, այդ միավորումն ինքնին բավարար չի լինի։ Հենց այդ գաղափարն էլ դարձավ reArmenia հիմնադրամի գլխավոր առաքելությունը։


Ինչպե՞ս է այդ առաքելությունն իրականացվում գործնականում, և ի՞նչ արդյունքներ եք արդեն գրանցել։


- Միավորման ուղղությամբ ստեղծեցինք reArmenia.org հարթակը, որտեղ տարբեր երկրներից նույն խնդիրները լուծելու ցանկություն ունեցող հայերը կարողանում են գտնել միմյանց, համախմբվել և համատեղ նախագծեր իրականացնել՝ ներդնելով իրենց փորձը, գիտելիքը, կապերն ու ֆինանսական միջոցները։


Այս պահին հարթակում արդեն միավորված է ավելի քան 28 հազար մարդ։ Իրականացվել է 230-ից ավելի նախագիծ՝ կրթության, առողջապահության, համայնքային զարգացման, գիտության և այլ ոլորտներում։ Մասնակիցները նաև բազմաթիվ դոնորներից ֆինանսական միջոցներ են ներգրավում։ Ընդհանուր առմամբ, նախագծերի իրականացման համար արդեն հավաքագրվել է ավելի քան 8 միլիոն դոլար։


Հիմնադրամի առաքելության երկրորդ կարևոր բաղադրիչը հայերին զորացնելն է։ Ինչպե՞ս որոշեցիք, թե ինչ ճանապարհով պետք է հասնել դրան։


- Սկզբում տարբեր փորձարկումներ էինք իրականացնում՝ ձևավորում փորձագետների համայնքներ, ներգրավում սփյուռքահայությանը և համագործակցության նոր ձևաչափեր մշակում, որպեսզի մարդիկ կարողանան իրենց գիտելիքներով ու փորձով աջակցել տարբեր նախաձեռնությունների։


Ի վերջո, եկանք այն համոզման, որ կրթությունը զորացման, եթե ոչ միակ, ապա ամենաարդյունավետ միջոցներից մեկն է։ Այդպես կրթությունը դարձավ մեր գործունեության ռազմավարական ուղղություններից մեկը։2024 թվականին հիմնվեց reArmenia ակադեմիան։ Սկզբում այն գործում էր որպես նախագիծ, իսկ հետագայում վերածվեց առանձին փակ բաժնետիրական ընկերության, որի սեփականատերը reArmenia հիմնադրամն է։


Այսպիսով, մեր բոլոր նախաձեռնությունները գործում են հիմնադրամի հովանու ներքո և ծառայում են նույն ընդհանուր նպատակին։


reArmenia ակադեմիան այսօր վերանվանվել է Lumiverse։ Ինչո՞վ էր պայմանավորված այդ փոփոխությունը, և ի՞նչ նպատակներ ունի նոր բրենդը։


- Lumiverse անվանումը ձևավորվել է Lumen և Universe բառերից, որոնք միասին արտահայտում են «լուսավոր տիեզերք» գաղափարը։ Անվանափոխության հիմքում ավելի լայն տեսլական կա։ Մենք հասկացանք, որ մեր կրթական գործունեությունը չպետք է սահմանափակվի միայն Հայաստանով, այլ պետք է զարգանա նաև միջազգային մակարդակում։


Այսօր Lumiverse-ն ունի երեք հիմնական նպատակ՝ կրթված հայություն, կրթություն արտահանող Հայաստան և աշխարհի կրթության տրանսֆորմացիա։ Այսպիսով, հայերին զորացնելու սկզբնական գաղափարը զարգացավ՝ վերածվելով կրթության տրանսֆորմացիային ուղղված ավելի մեծ նախաձեռնության։


Հատկանշական է, որ Lumiverse-ն արդեն գաղափարի փուլում կարողացավ ներդրում ներգրավել։ Ընկերության 10 միլիոն դոլար գնահատման հիման վրա ներգրավել ենք 900 հազար դոլարի ներդրում, որն ուղղվում է կրթության տրանսֆորմացիային։ Կան նաև այլ հետաքրքրված ներդրողներ, ուստի հնարավոր է՝ ներդրումների ծավալը հետագայում աճի։


Որո՞նք են Lumiverse-ի կրթական հիմնական ուղղությունները, և ինչպե՞ս են դրանք արձագանքում ժամանակակից աշխարհի պահանջներին։


- Մեր կարևորագույն ուղղություններից մեկը արհեստական բանականության՝ AI-ի գրագիտությունն է։


Իրականացնում ենք կրթական ծրագրեր, որոնց միջոցով անհատներն ու կազմակերպությունները սովորում են կիրառել AI գործիքներն ու ռազմավարությունները՝ իրենց աշխատանքն ավելի արդյունավետ կազմակերպելու համար։Մյուս կարևոր ուղղությունը 21-րդ դարի գոյատևման հմտությունների զարգացումն է։


Ակնհայտ է, որ ժամանակակից աշխարհում մարդկանց անհրաժեշտ են նոր գիտելիքներ և կարողություններ։ Նախորդ ժամանակաշրջաններում կարևոր համարվող որոշ հմտություններ աստիճանաբար կորցնում են իրենց արդիականությունը, մինչդեռ ի հայտ են գալիս նորերը, որոնք կենսական նշանակություն ունեն արագ փոփոխվող աշխարհում արդյունավետ գործելու համար։


Մեր նպատակն է մարդկանց փոխանցել այդ հմտությունները՝ օգնելով նրանց հարմարվել փոփոխություններին և լիարժեք օգտագործել նոր տեխնոլոգիաների հնարավորությունները։


Բացի կրթական ծրագրերից, Lumiverse-ը նաև սեփական տեխնոլոգիական գործիքներ է մշակում։ Ի՞նչ կարող եք պատմել դրանց մասին։


- Մենք ոչ միայն կրթություն ենք տրամադրում, այլև ստեղծում ենք գործիքներ, որոնք կրթական գործընթացը դարձնում են ավելի արդյունավետ։Դրանցից մեկը LumiLearn-ն է՝ ուսուցման և զարգացման կառավարման համակարգը՝ LMS (Learning Management System), որը մշակվել է նաև արհեստական բանականության գործիքների կիրառմամբ։


Ցանկացած կազմակերպություն կամ կրթական հաստատություն, ներդնելով այս հարթակը, կարող է իր աշխատակիցների կամ ուսանողների կրթությունն ու զարգացումը կազմակերպել անհատականացված, ավելի արագ և արդյունավետ ձևով։


Այսինքն՝ մենք հնարավորություն ենք տալիս կրթական գործընթացներում կիրառել ժամանակակից տեխնոլոգիաներ և մեթոդներ՝ բարելավելով ուսուցման որակն ու արդյունավետությունը։


Եթե ամփոփենք, այսօր որո՞նք են reArmenia-ի գործունեության հիմնական ուղղությունները, և ի՞նչ արդյունքներ է արդեն գրանցել Lumiverse-ը։


- Այսօր մեր գործունեությունն ունի երկու հիմնական ուղղություն։ Առաջինը reArmenia հարթակն է, որը միավորում է տարբեր երկրներում ապրող հայերին՝ հնարավորություն տալով համագործակցել, համատեղ նախագծեր իրականացնել և ռեսուրսներ ներգրավել տարբեր խնդիրների լուծման համար։


Երկրորդը Lumiverse-ն է, որը կենտրոնացած է կրթության տրանսֆորմացիայի վրա՝ համատեղելով կրթական ծրագրերն ու նոր տեխնոլոգիական լուծումները։ Lumiverse-ի գործունեության առաջին տարին նոր է լրացել, բայց արդեն ավելի քան 20 հազար մարդ մասնակցել է մեր կրթական ծրագրերին, դասընթացներին և վեբինարներին։


Սա մեզ համար կարևոր արդյունք է, որը նաև ցույց է տալիս, թե որքան մեծ է ժամանակակից կրթության և նոր հմտությունների զարգացման պահանջարկը։