Կամ մեզ հետ
+374 (55) 81-01-01
Յունիքորն բիզնես կենտրոն, Մարո Մարգարյան 2/4, Երևան

SEDA. հարցազրույց բրենդի հիմնադիր Սեդա Հակոբյանի հետ

article image
Հեղինակ
no img
B1 Media
24.09.2026

B1 Media-ն բացառիկ հարցազրույց է ունեցել «SEDA» բրենդի հիմնադիր Սեդա Հակոբյանի հետ։

___________________________________

Ինչպե՞ս ծնվեց SEDA-ի գաղափարը, ի՞նչ պատմություն ունի բրենդի ստեղծումը։


- Տասը տարվա մասնագիտական կրթությունից հետո, ձեռք բերելով համապատասխան գիտելիքներ և փորձ, իմ մեջ աստիճանաբար հասունացավ սեփական բրենդն ունենալու գաղափարը։ SEDA-ն որպես բրենդ արդեն երեք տարի է՝ գործում է և այսօր շուկայում այն եզակի հայկական բրենդներից է, որը ներկայանում է հագուստի և կոշիկի ամբողջական սեզոնային հավաքածուներով։


Ինչպե՞ս կբնութագրեք SEDA-ի ոճը և այն զգացողությունը, որը ցանկանում եք փոխանցել յուրաքանչյուր հավաքածուի միջոցով։


- SEDA-ի հիմնական զգացողությունը կանացիության մասին է։ Ոճը հավասարակշռված ռոմանտիկ է։ Հենց այդ ռոմանտիկության միջոցով էլ փորձում ենք փոխանցել կանացիությունն ու էլեգանտությունը՝ փոքրիկ դետալների և ընդգծված հագուստի միջոցով հնարավորություն տալով յուրաքանչյուր կնոջ արտահայտել իր անհատական ոճը։


Ինչպե՞ս եք հավասարակշռում նորաձևության թրենդները և այն գաղափարները, որոնք մնայուն են ու չեն կորցնում իրենց արդիականությունը։


- SEDA-ն այդքան էլ թրենդերի մասին չէ։ Իհարկե, ես հետևում եմ նորաձևության թրենդներին, բայց SEDA-ն ավելի լայն զգացողություն է։ Յուրաքանչյուր հավաքածու ինձ համար նոր պատմություն է, որը փորձում եմ փոխանցել մեր հաճախորդներին՝ միաժամանակ պահպանելով բրենդի հիմնական ոճն ու ինքնությունը։


Ինչպե՞ս է տարիների ընթացքում փոխվել հաճախորդի մոտեցումը հագուստի ընտրության հարցում։


- Կարծում եմ՝ այսօր հաճախորդները դարձել են շատ ավելի պահանջկոտ և, ըստ իս, նաև ավելի գրագետ։ Նրանք ձեռք են բերել որոշակի մասնագիտական ու ոճային գիտելիքներ և արդեն ոչ միայն հագուստ են գնում, այլև ընտրում են արժեհամակարգ։ Այսօր հաճախորդը փնտրում է այն բրենդը, որը համապատասխանում է իր արժեքներին, ոճին և հնարավորություններին։


Ի՞նչ ներուժ եք այսօր տեսնում հայկական բրենդների զարգացման համար միջազգային շուկայում։


- Քանի որ առիթ եմ ունեցել ներկա գտնվելու միջազգային խոշոր ցուցահանդեսների, միանշանակ կարող եմ ասել, որ հայկական բրենդներն ունեն մեծ ներուժ։ Մենք ունենք անհրաժեշտ ստեղծագործական և մասնագիտական պոտենցիալը՝ ներկայանալու թե՛ եվրոպական, թե՛ առհասարակ միջազգային շուկաներում։