Համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) հաճախակի է դիտարկվում որպես ազգային տնտեսությունների ծավալների միջև համեմատության ցուցանիշ, քանի որ այն հանդիսանում է երկրի տարածքում որոշակի ժամանակահատվածում (սովորաբար մեկ տարում) արտադրված ապրանքների և ծառայությունների ընդհանուր արժեքը։ Ըստ այդ ցուցանիշի՝ երկար տարիներ աշխարհի առաջատարն է ԱՄՆ-ը, որին հաջորդում է Չինաստանը։ Առաջատարների հնգյակում են նաև Գերմանիան, Ճապոնիան և Հնդկաստանը (2023թ․-ի տվյալներով)։[1]
Առաջին հայացքից այս ցուցանիշը, կարծես թե, տալիս է տնտեսական հզորության հստակ համեմատական պատկեր։ Սակայն, արդյո՞ք ավելի բարձր ՀՆԱ-ն նշանակում է ավելի հզոր կամ արդյունավետ տնտեսություն։
Բանն այն է, որ, թեև ՀՆԱ-ն երկրում արտադրված ապրանքների և ծառայությունների ընդհանուր ծավալը գնահատելու հիմնական ցուցանիշն է, այն հաշվի չի առնում այդ ծավալն արտադրած երկրի բնակչության թվաքանակը։ Օրինակ՝ Չինաստանն ու Հնդկաստանը, յուրաքանչյուրն ունենալով ավելի քան 1.4 միլիարդ բնակչություն,[2] արտադրում են զգալիորեն ավելի քիչ, քան ԱՄՆ-ն՝ իր ընդամենը 335 միլիոն բնակչությամբ։ Մասնավորապես՝ Չինաստանի ՀՆԱ-ն մոտ 1.6 անգամ փոքր է ԱՄՆ-ի ՀՆԱ-ից, իսկ Հնդկաստանի ՀՆԱ-ն՝ 7.7 անգամ։
Աղբյուր՝ Համաշխարհային բանկի տվյալների հիման վրա
Ահա այստեղ արժե ուսումնասիրել մեկ այլ ցուցանիշ՝ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, որն ավելի ինֆորրմատիվ է տնտեսական արդյունավետության գնահատման տեսանկյունից։ Այս ցուցանիշով ԱՄՆ-ը բավականին հեռու է առաջատար լինելուց, իսկ Հնդկաստանը ($2,480),[3] լինելով հինգերորդ խոշորագույն տնտեսությունն աշխարհում, զգալիորեն զիջում է, օրինակ, բոլոր հարավկովկասյան երկրներին (Հայաստան` $8,053, Ադրբեջան` $7,126, Վրաստան` $8,284)։ Ավելին՝ Չինաստանի մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն ($12,614) ընդամենը մոտ 50% է բարձր Հարավային Կովկասի երկրներից։ Վերջինս ներկայացնում է փոքր-ինչ այլ օրինակ՝ Ադրբեջանը զգալիորեն գերազանցում է Հայաստանին և Վրաստանին թե՛ ՀՆԱ-յի ցուցանիշով, թե՛ բնակչության թվով, սակայն մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն գրեթե հավասար է Հայաստանի և Վրաստանի տվյալներին (2023թ․-ի դրությամբ)։
Այս վիճակագրությունը հուշում է, որ միայն ՀՆԱ-ն բավարար չէ տնտեսությունների լիարժեք համեմատական պատկերը ստանալու համար։
Աղբյուր՝ Համաշխարհային բանկի տվյալների հիման վրա
Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն թույլ է տալիս կազմել ավելի ճշգրիտ պատկերացում երկրի տնտեսական արդյունավետության մասին՝ վերածելով զուտ քանակական տվյալները որոշակի որակական պատկերների։ Այն փաստը, որ Հնդկաստանը, ունենալով ԱՄՆ-ից 4 անգամ ավելի մեծ բնակչություն, արտադրում է 7․7 անգամ քիչ տնտեսական արդյունք, խոսում է երկրում գործող տնտեսական համակարգի համեմատաբար ոչ արդյունավետ լինելու մասին։ Այսպիսով՝ տնտեսության չափն ինքն իրենով դեռ չի երաշխավորում կայուն տնտեսական հզորություն։ Ավելի կարևոր է ոչ թե տնտեսության արտադրած արդյունքի ծավալի բացարձակ արժեքը, այլ այն, թե այդ տնտեսությունը որքանով արդյունավետ է օգտագործում իր ունեցած ռեսուրսները։
Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, սակայն, ևս ունի սահմանափակումներ։ Ազգային տնտեսությունների համեմատական վերլուծությունների իրականացման նպատակով այն արտահայտվում է ԱՄՆ դոլարով, այսինքն՝ որոշ չափով կախված է նաև արտարժույթի փոխարժեքի տատանումներից։ Արդյունքում ցուցանիշը կարող է հեղաթյուրվել։ Բացի այդ, նշված ցուցանիշը չի արտացոլում գների ընհանուր մակարդակի տարբերությունը երկրների միջև։ Հետևաբար, առավել ճշգրիտ պատկեր ստանալու համար անհրաժեշտ է դիտարկել այլ ցուցանիշ՝ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն ըստ գնողունակության պարիտետի (purchasing power parity, PPP), որը հաշվի է առնում երկրներում արտադրված ապրանքների և ծառայությունների գների տարբերությունները։ Այս ցուցանիշը թույլ է տալիս ստանալ տնտեսական բարեկեցության և արդյունավետության ավելի ճշգրիտ համեմատական պատկեր։ Այսպիսով՝ Հարավային Կովկասի երեք համեմատաբար փոքր երկրների տնտեսական արտադրողականության մակարդակը համադրելի է աշխարհի երկրորդ տնտեսության՝ Չինաստանի հետ և գերազանցում է աշխարհի հինգերորդ տնտեսության՝ Հնդկաստանի ցուցանիշը։
Աղբյուր՝ Համաշխարհային բանկի տվյալների հիման վրա
Սա ևս մեկ անգամ թույլ է տալիս եզրակացնել, որ երկրների տնտեսական վիճակը համեմատելիս հարկ է ուշադրություն դարձնել ոչ միայն չափերին, այլ նաև արտադրողականությանը։ Արտադրողականության մակարդակն է մատնանշում այն, թե որքանով արդյունավետ են օգտագործվում ռեսուրսները՝ աշխատուժը, կապիտալը և տեխնոլոգիաները, տնտեսական արդյունք ստեղծելու համար։
Չնայած նրան, որ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն հաճախ է օգտագործվում աշխատուժի արտադրողականության գնահատման[4] նպատակով՝ առավել ճշգրիտ ցուցանիշներն են մեկ զբաղվածին բաժին ընկնող ՀՆԱ-ն և մեկ աշխատած ժամին բաժին ընկնող ՀՆԱ-ն։[5] Վերջինիս վրա հիմնված գնահատականը՝ ըստ Աշխատանքի միջազգային կազմակերպության (ILO) տվյալների,[6]առաջարկում է առավել խորքային պատկեր։ Այս ցուցանիշը հարավկովկասյան երկրներում բարձր է թե՛ Չինաստանից, թե՛ Հնդկաստանից։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ և Գերմանիան ունեն գրեթե նույն մեծության ցուցանիշներ։
Աղբյուր` Աշխատանքի միջազգային կազմակերպության տվյալների հիման վրա, ILOSTAT
Իհարկե, աշխատուժի արտադրողականությունը և, ընդհանուր առմամբ՝ տնտեսական արդյունավետությունը խիստ բարդ երևույթ է, որի վրա ազդում են բազմաթիվ գործոններ: Այն չի կարող ամբողջությամբ ներկայացվել մեկ կամ երկու չափորոշիչներով: Այնուամենայնիվ, ավելի մեծ տնտեսությունը չի կարող միանշանակ համարվել ավելի արդյունավետ և բարեկեցության ավելի բարձր մակարդակ ապահովող։ Թեև ՀՆԱ-ն շարունակում է լայնորեն օգտագործվել ազգային տնտեսությունների համեմատական վերլուծությունների համար, այն տալիս է տնտեսական հզորության և բարեկեցության միայն մասնակի պատկեր: Ավելի խորը վերլուծությունը, որը ներառում է մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն և աշխատուժի արտադրողականությունը, ցույց է տալիս, որ միայն չափը չէ որ որոշում է երկրի տնտեսական հզորությունը: Տարբերություն ստեղծողը ոչ թե ՀՆԱ-ի բացարձակ թվերն են, այլ ռեսուրսների բաշխման և օգտագործման արդյունավետությունը: