Կամ մեզ հետ
+374 (55) 81-01-01
Յունիքորն բիզնես կենտրոն, Մարո Մարգարյան 2/4, Երևան
Տնտեսական

Հայաստանի էներգետիկ համակարգը․ նոր մարտահրավերներ և հնարավորություններ բիզնեսի համար

article image
Տնտեսական
Հեղինակ
no img
Անի Գալստյան
Տնտեսագիտության թեկնածու, Ռուսաստանի-Հայաստանի Համալսարանի տնտեսագիտության և ֆինանսների ամբիոնի դոցենտ
no img
ՀԳԱ
25.04.2025

Էներգետիկան յուրաքանչյուր երկրի տնտեսական հիմքն է։ Վերջին տարիներին Հայաստանի էներգետիկ քաղաքականությունն ստացել է ընդգծված ուղղություն դեպի էներգետիկ անկախություն և վերականգնվող աղբյուրների զարգացում։ Արևային կայաններ, նոր միջուկային ծրագրեր, գազային կախվածության նվազեցում, ենթակառուցվածքների արդիականացում՝ այս փոփոխությունները ձևավորում են բիզնեսի համար նոր խաղի կանոններ։


Ի՞նչ են նշանակում այս փոփոխությունները գործարար միջավայրի համար, և ինչպե՞ս է վերափոխվում Հայաստանի էներգետիկ քաղաքականությունը։


Ներկայումս Հայաստանում էներգիայի հիմնական աղբյուրներն են (նկար 1).

- ՋԷԿ-երը (42%)` գազով աշխատող կայաններ, գազի ներմուծումը կատարվում է Ռուսաստանից (80–85%) և Իրանից (15–20%)։ Գների կամ մատակարարման պայմանների ցանկացած փոփոխություն անմիջապես արտացոլվում է էլեկտրաէներգիայի ինքնարժեքի վրա։

- ԱԷԿ (30%)`կայուն աղբյուր, սակայն շահագործման ժամկետը մինչև 2036թ․է։

- ՀԷԿ–եր (20%)`էժան էներգիայի աղբյուր, բայց ներուժը գրեթե սպառված է։

- Արևային էներգիան (8%)՝ արագ աճող ոլորտ, նախատեսվում է ծածկույթը հասցնել 25% մինչև 2030թ․։



Նկար 1. Էլեկտրաէներգիայի արտադրությունը Հայաստանում, %

Աղբյուր` Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտե


Հայաստանի էներգետիկ համակարգի հիմնական մարտահրավերն է էներգետիկ ռեսուրսների 75-80% ներմուծումը։ Սա տնտեսությունը խոցելի է դարձնում գների տատանումների և աշխարհաքաղաքական ռիսկերի նկատմամբ։ Ինչպես տեսնում ենք գազի և նավթի սպառումը խիստ կարևոր դեր ունի տնտեսության բոլոր ճյուղերի բնականոն աշխատանքի համար (նկար 2): Հետևաբար, էներգետիկայի զարգացման ռազմավարությունը կենտրոնացած է ներքին հզորությունների մասնաբաժնի ավելացման վրա, ընդ որում և՛ վերականգնվող, և՛ ավանդական:



Նկար 2. Էներգիայի վերջնական սպառումն ըստ աղբյուրների և ոլորտների, %

Աղբյուր՝ Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտե


Հայաստանում էներգետիկ ոլորտը կենտրոնական դեր է խաղում բիզնես միջավայրի ձևավորման գործում։ Կայուն շահագործման և սակագների ողջամիտ կարգավորման դեպքում այն​​դառնում է մրցակցային առավելություն՝ բիզնեսը ստանում է էժան և հուսալի էներգիա:


Վերջին տարիներին Հայաստանում տնտեսվարող սուբյեկտների համար էլեկտրաէներգիայի սակագինը մնացել է կայուն՝ միջինը 0,12–0,13 դոլար մեկ կՎտժ-ի համար։ Սա թույլ է տալիս ընկերություններին ավելի ճշգրիտ կանխատեսել ծախսերը, սակայն երկարաժամկետ կայունությունը կախված է մի քանի գործոններից.


Գազի գների հնարավոր փոփոխություն՝ 2023 թվականին Հայաստանը ռուսական գազը գնել է արտոնյալ գնով (165 դոլար 1000 մ³-ի համար), սակայն երկարաժամկետ հեռանկարում գինը կարող է փոխվել։ Հայաստանն ու Թուրքմենստանը բանակցություններ են վարում «Թուրքմենգազ» պետական կոնցեռնից բնական գազի գնման գործարքի շուրջ, ինչը կարող է նվազեցնել կախվածությունը մեկ մատակարարից։

Էներգետիկ ենթակառուցվածքների վատթարացում՝ հաշվի առնելով, որ բաշխիչ ցանցերում կորուստները կազմում են մոտ 5-7%: Չնայած ցուցանիշի զգալի բարելավմանը (2011թ․` 11.69%, 2013թ․՝ 10.45%, 2014թ․՝ 9.83%), անհրաժեշտ է ցանցերի շարունակական արդիականացում՝ կորուստների 2-3% մակարդակի հասնելու համար:

Էներգիայի սպառման ավելացման հեռանկար՝ տնտեսական աճին զուգընթաց։ Համաձայն գնահատականների մինչև 2030 թվականը էլեկտրաէներգիայի պահանջարկը կաճի 30-40%-ով։ Պահանջարկի նման աճը՝ կայուն առաջարկի պարագայում կարող է բերել գնաճի։


Մյուս կողմից Հայաստանում էներգետիկ համակարգի բարեփոխումները բացում են նոր ներդրումների հնարավորություններ։ Այսպես, արևային և հողմային էլեկտրակայանները առաջնահերթ ոլորտներից են։ 2023թ․դրությամբ Հայաստանում արևային էներգիայի տեղադրված հզորությունը կազմում է 485 ՄՎտ (նկար 3), սակայն մինչև 2030 թվականը նախատեսվում է այն հասցնել 2000 ՄՎտ-ի։ Սա նշանակում է, որ առաջիկա տարիներին սկիզբ կդրվի մի շարք նոր նախագծերի՝ բացելով ներդրումների լայն հնարավորություններ։ Միևնույն ժամանակ, «կանաչ» էներգիայի օգտագործումն արտադրական գործընթացում կարող է մրցակցային առավելություն տալ հայ արտադրողներին եվրոպական շուկաներում։



Նկար 3. Էլեկտրակայանների հզորությունը, ՄՎտ/ժ

Աղբյուր՝ Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտե


Ինչպես արդեն ասվեց, Մեծամորի ատոմակայանը մոտենում է իր շահագործման ժամկետի ավարտին, և Հայաստանում արդեն քննարկվում է նոր ատոմային էներգաբլոկի կառուցման հարցը։ Քննարկվում են ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ համագործակցության տարբերակներ։ Եթե​​նախագիծը կյանքի կոչվի, այն կդառնա տասնամյակի ամենախոշոր ներդրումային ծրագիրը։


Հաջորդ կարևոր նախագծերն են Վրաստանի և Իրանի հետ էլեկտրահաղորդման նոր գծերի կառուցումը, որը կարող է բարելավել էլեկտրաէներգիայի արտահանումը։ Երկու ուղղություններով էլ նախատեսվում է 400 կՎ էլեկտրահաղորդման գծի կառուցում, որը նոր հնարավորություններ կստեղծի Հայաստանից էլեկտրաէներգիայի արտահանման զարգացման համար։


Եվ վերջապես, անհրաժեշտ է նշել, որ չնայած վերականգնվող էներգիայի ոլորտի զարգացմանը՝ նոր ատոմային էներգաբլոկի կառուցման հարցը մնում է արդիական Հայաստանում էլեկտրաէներգիայի մատակարարման հուսալիության ապահովման և աճող պահանջարկի բավարարման տեսանկյունից։ Ատոմակայանը հանդիսանում է էլեկտրաէներգիայի արտադրության հուսալի և մատչելի աղբյուր՝ նվազեցնելով էներգետիկ համակարգի կախվածությունը ՋԷԿ–երից։


Հայաստանի էներգետիկ համակարգը կանգնած է վերափոխման շեմին։ Այս գործընթացի հաջող իրականացումը կարող է երկիրը դարձնել ոչ միայն էներգետիկ առումով կայուն, այլ նաև տնտեսական զարգացման նոր ներուժ ունեցող տարածաշրջանային դերակատար։ Էներգետիկ նոր միտումների անտեսումը բիզնեսի համար կարող է վերածվել բաց թողնված հնարավորության, մինչդեռ փոփոխություններին ժամանակին արձագանքողները կարող են լինել նոր համակարգի առաջին շահառուները։