“Made By Arm” շրջանակներում Հայ Գործարարների Ասոցիացիան զրուցել է "WoodWide" ընկերության բիզնեսի զարգացման տնօրեն՝ Անահիտ Մինասյանի հետ:
_________________________________________________
WoodWide-ը փայտը մեկ կտորը վերածում է արվեստի։ Կպատմե՞ք, ինչպես ամեն բան սկսվեց և ինչու հենց փայտյա իրերի բիզնես։
- WoodWide-ը սկսվեց այն մտքից, երբ ուզում էինք ստեղծել առօրյա իրեր, որոնք ոչ միայն կծառայեն իրենց ամենօրյա կենցաղային նպատակին, այլ նաև կստեղծեն բնականության մթնոլորտ մարդկանց տներում: Փայտյա իրերի բիզնեսն ընտրելը պայմանավորված էր փայտի արժեքավոր լինելու, բնական լինելու, ինչպես նաև գեղեցկության հետ: Փայտն ունի յուրահատուկ ջերմություն և բնավորություն, որը ոչ մի այլ նյութ չի կարող տալ, և դա մեզ թույլ է տալիս ստեղծել ապրանքներ, որոնք թե՛ ֆունկցիոնալ են, թե՛ գեղագիտական:
էկոլոգիապես մաքուր արտադրանքը այսօր շատ սպառողների հիմնական մտահոգությունն է: Ինչպե՞ս է WoodWide-ը վերմշակում փայտը, այն դարձնելով անվտանգ անգամ երեխաների օգտագործման համար։
- WoodWide-ում, այո, մենք հասկանում ենք, որ սպառողների համար էկոլոգիապես մաքուր արտադրանքը մեծ նշանակություն ունի, և առաջնահերթ ենք համարում ոչ միայն ապրանքի գեղեցկությունը այլ նաև անվտանգությունը: Մենք օգտագործում ենք միայն բնական փայտ: Արտադրության ընթացքում փայտը չորացվում է չորանոցում, այնուհետև մշակվում է ոչ թունավոր, սննդի համար անվտանգ նյութերով, որը պաշտպանում է փայտը, նաև ամբողջովին անվտանգ է դարձնում սննդի հետ շփվելու համար: Մենք օգտագործում ենք ոչ-տոքսիկ ծածկույթ և խնամքով աշխատում փայտի վրա՝ որպեսզի ունենանք մաքուր և հարթ մակերեսներ: Այսպես մենք ստեղծում ենք ապրանքներ, որոնք կարող են անվտանգ օգտագործվել թե՛ մեծերի, թե՛ երեխաների կողմից:
Սկսել եք միայն խոհանոցային սպասքի արտադրությունից, այնուհետև ընդլայնվելով մինչև կահույքի արտադրություն։ Շուկայից եք ստանում ազդակները, թե՞ Դուք եք ստեղծում պահանաջարկը։
- Մենք սկսել ենք մանկական ափսեներ պատրաստելուց, որից հետո ընդլայնվել ենք խոհանոցային սպասքի` կտրատման և մատուցման տախտակներ, ափսեների սեթեր, և կահույքի արտադրության ոլորտ։ Սկսելուց ի վեր, մենք նաև համագործակցում ենք HoReCa ոլորտի հետ` հարմարեցնելով մեր արտադրանքը իրենց պահանջներին:
Շուկայից ստանում ենք ազդակներ և, դրանց հիման վրա ստեղծում ենք մեր առաջարկները, որպեսզի մեր արտադրանքը լինի առավել համապատասխան և պահանջված: Մեր փորձը և պատրաստակամությունը թույլ են տալիս մեզ առաջարկել հարմար լուծումներ նաև կահույքի ոլորտում, որոնք կարող են բարելավել մեր սպառողների կյանքը։
Ի՞նչպիսին է WoodWide-ը 5 տարի անց, ի՞նչ նոր պրոդուկտներ կամ նախագծեր են սպասվում հաճախորդներին։
- Ընդհանուր առմամբ, WoodWide-ը նվիրված է աճին և առաջընթացին: Մեր նպատակն է մեծացնել մեր գլոբալ ներկայությունը և ներկայացնել մեր յուրահատուկ առաջարկները ավելի լայն լսարանի։
Ինչպես նաև, WoodWide-ը շարունակում է ուշադրություն դարձնել անհատականացված պատվերներին՝ առաջարկելով հաճախորդի անհատական նախասիրություններին և պահանջներին հարմարեցված լուծումներ և ձգտում է ապահովել, որ յուրաքանչյուր հաճախորդ գտնի կատարյալ արտադրանքը, որը լիովին համապատասխանում է իր կարիքներին և ճաշակին։